Posts

Showing posts from August, 2022

աստվածներ ու ստվերներ

Այստեղ մեռել են աստվածները, ու ծնվել նոր աստվածներ, որ նայել են մարդկանց Օլիմպոսի բարձունքից ու հրաժարվել նրանց տալ կրակ ու բախտ Նույն բարձունքում հիմա կանգնած են մարդիկ, որ ավելի սպիտակ են քան հելենական արձանները Մարդիկ, որ աշխարհի տերն են Մարդիկ՝ աստվածներ դարձած որ նայում են մարդկանց կուչ եկած ու գծում սահմաններ երկրի ու երկնքի մեջ։ Իսկական մարդիկ երկրի երեսին են, Ստվերներում, ուր արևը երբեք չի ծագում Թաքնված աստվածներից, սպիտակ օրենքից Ստվերներում չկա տուն, չկա երազանք ստվերներում օլիմպոսի տեղը չգիտեն... Բարձրանում է ծուխն ապակյա անոթներից ծուխն անհասկանալի քիմիական տարրերի ծուխը, որ մեզի ու աղբի մեջ կորած փողոցները դարձնում է երկինք, դարձնում Օլիմպոս․․․ Սպիտակ մարդիկ շորորում են սպիտակ փողոցներում, ես մոլորվել եմ սպիտակ մարդկանց մեջ, ես էլ էի քայլում աստվածների հետ, իմ երազներում էլ են մարմարե քաղաքներ, իմ ափսեի մեջ՝ ծովի բարիքներ բայց ոտքերս անընդհատ տանում են դեպի ստվերներ ուզում եմ նստել էն կնոջ կողքին որի մարմինը ասեղի հետքերով է պատված ու ասել, որ մի օր կտապալենք աստվածներին