Posts

Showing posts from 2013

Նորից Վաշինգտոն

Բախտի բերմամբ, թե պատահմամբ ուղիղ երեք ամիս հետո էլի գնում եմ այն տեղը, ուր առաջին անգամ ԱՄՆ-ում գլուխս բարձին դրեցի:  Ծրագրի օրիենտացիայի ժամանակ երեք օր այդտեղ մնացինք, հիմա էլի երեք օրով գնում եմ, բայց այս անգամ՝ քոլեջի միջազգային ուսանողների հետ: Հիշում եմ՝ ոնց էինք մեռնում Մերիլենդի ու D.C.-ի խոնավությունից, սինթետիկ բարձերից, ոնց մի անգամ քիչ մնաց հետ տայինք թխվածքից, իսկ մրգերը կծելուց հետո դեն էինք նետում: Չէի պատկերացնի, որ գալու եմ ավելի խոնավ տեղ, որ հավեսով կրծելու եմ նույն անհամ խնձորներն, իսկ բարձիցս ու վերմակիցս ալերգիա էի սկսելու, բայց ոչ թե երեք ամսվա պես փնթփնթալով ու բողոքելով ման եմ գալու, այլ ուղղակի ժպտալու եմ էդ ամենի վրա ու առաջ անցնեմ: Անցյալ անգամ Վաշինգտոնի համը մնաց բերանումս, ամբողջ օրը չորս պատի մեջ փակված մի թրեյնինգից մյուսին էինք վազում, իսկ վերջում ընդամենը տարան Սպիտակ Տունն ու Լինկոլն մեմորիալը ցույց տվին: Իսկ հիմա լիքը ժամանակ կլինի Սմիթսոնիան բոլոր թանգարանները գնալու, Վաշինգտոնի սիրուն փողոցներում թափառելու ու մեծ քաղաքից կարոտն առնելու համ

Հարավը

Երկու Ամերիկա գոյություն ունի. մեկը մեգապոլիսների ու երկնաքերերի երկիրն է, մյուսը՝ ֆերմաների ու ձիերի: Մեկը McDonald's-ների ու Starbucks-ների Ամերիկան է, մյուսը՝ ռոդեոների ու կավբոյների: Մեկը չոր ու սառը յանկիների երկիրն է, մյուսը՝ տաք ու ջերմ հարավցիների, որ երբեք չեն թողնի, որ դու քեզ մենակ կամ օտար զգաս տանից էսքան հեռու լինելով: Գալուցս առաջ, երբ իմացա, որ Ալաբամա եմ գալու, շատ էի տխրել, քանի որ Միացյալ Նահանգներն ինձ համար Մանհեթենն ու Մայամին էին, Չիկագոն ու Լաս Վեգասը: Իսկ ես պիտի գնայի Հարավ, այնտեղ, որտեղ մարդիկ պայքարում էին ստրկատիրության համար... Ինձ ասում էին, որ չերազես, թե կինոների միջի ԱՄՆ-ն կտեսնես, չերազես, որ մարդիկ դատարկ ժպտալուց բացի ուրիշ բանով կօգնեն քեզ, բայց արի ու տես, ես մի Ամերիկա գտա, որի գոյության մասին չգիտեի: Թող շատերն ասեն, որ Ալաբաման գյուղ է, թող ասեն, որ հետամնաց Հարավն է, ես կհամաձայնեմ: Իրենք հանդիպածս ամենաջերմ ու բարի մարդկանցից էին: Դե ինչպե՞ս կարող են բարի չլինել այն մարդիկ, ովքեր փողոցում թափառող ոչ մի շունիկի ու փիսիկի անօթևա

Bible belt-ն ու հերետիկոսը

Միացյալ Նահանգների հարավ-արևելքը և կենտրոնական հարավը հայտնի են որպես "Bible belt"՝ «Աստվածաշնչյան գոտի»: Իմ սիրելի Ալաբաման ամենահավատացյալ նահանգն է. բնակչության ընդամենը հինգ տոկոսն է, որ ոչ մի կրոնական կազմակերպության անդամ չէ, դե դուք պատկերացրեք մնացածը: Ամեն քայլափոխին մի եկեղեցի կտեսնես. եկեղեցին էլ մի եկեղեցի լինի, տափակ շենք է՝ գլխին մի խաչ, միայն կաթոլիկ եկեղեցիներն են ավանդական, գմբեթավոր կառույցներ: Միշտ ցանկացել եմ հաշվել եկեղեցիները, բայց միշտ կորցրել եմ հաշիվս, էնքան շատ են... Դե քաղաքացիական պատերազմների ժամանակ, երբ վերացավ ստրկատիրությունը, հարուստ ֆերմերները սնանկացան, ու երբեմնի զարգացած Հարավը դարձավ ամենաաղքատն ու հետամնացը, և առանց ստրուկների աշխատող ուժի, Հյուսիսի ճնշման տակ, մարդիկ սկսեցին կուրորեն հավատալ...  Բայց հիմա էդ կույր հավատը դարձել է ֆանատիզմ... Ասես ալտերնատիվ ռոք համերգ լիներ, միայն թե սովորական տեքստի փոխարեն « Ջիսը՜ս, ջիսը՜ս» էին երգում: Մարդիկ նստած էին կիսաշրջանաձև շարված աթոռներին ու ձեռքերը երկինք պարզած ձայնակցում էին ե

Թե ինչու Ռուբին չի ուզում ԵՊՀ վերադառնալ...

Նստած դաս եմ կարդում, ընթացքում էլ՝ միտք անում: Մտածում եմ, թե ինչի՞ պիտի ԱՄՆ-ում կրթության մակարդակով 50-ից 44-երորդ տեղում գտնվող նահանգի շարքային community college-ի կրթության որակը մի քանի անգամ բարձր լինի, քան Հայաստանի մայր բուհ կոչված ԵՊՀ-ինը: Gadsden State Community College-ի ու Երևանի Պետական Համալսարան-ի ակնառու տարբերությունները. 1. Առաջին հայացքից դասերը շատ հեշտ են թվում, բայց իրականում կարողանում են ամուր հիմք ստեղծել ու հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ: Էստեղ դասախոսներն ամենաանկապ առարկաներն էլ չափազանց հետաքրքիր ու հավես են անցկացնում, իսկ ԵՊՀ-ում հիասթափեցնում են նույնիսկ ամենահետաքրքիր առարկաներից: 2. Էստեղ չես տեսնի, որ յուր. դասախոս իր կյանքի նպատակը համարի մի ախմախ դասագիրք գրելը. դասագրքերը թանկ են, բայց գիտես, որ խելքը գլխին գիտնականի գրած գիրք է, այլ ոչ թե դասախոսությունների հավաքածու, որտեղ հազարավոր սխալներ կբռնացնես: 3. Էստեղ ուսանողներին չեն դեպրեսում բարդագույն քննություններով. սովորաբար քննությունը տնայիններից ավելի հեշտ է, քանի որ դ

Միսս Ռուբի

Ինձ արդեն կարող եք միսս Ռուբի ասել:  Գադսդենի միջնակարգ դպրոցում պիտի դաս տամ ու պիտի երեխաների դասապատրաստմանն օգնեմ:  Հարցազրույցի նախորդ գիշերն ընդհանրապես չէի քնել՝ ամերիկյան ստանդարտների համաձայն ռեզյումե էի կազմում, ամերիկայի պատմություն կարդում, աստղագիտության տնայինն անում՝ զուգահեռ ակտիվ ֆեյսբուքյան նամակագրություն վարելով: Առաջին գիշերը չէր, որ արթուն էի անցկացնում. էստեղ արդեն սովորել եմ գիշերը շորերով 1-2 ժամ գնել, հետո վեր թռնել լուսադեմին ու դաս անել, կամ էլ զարթնել դասիս սկսվելուց տաս րոպե առաջ ու գիշերանոցիս վրայից շորերս քշտելով դասի վազել... Ինչևէ, մի կերպ ռեզյումես ծայրը ծայրին հասցնելով վեր կացա գրասեղանի մոտից: Կարմրած աչքեր, հոգնած դիմագծեր, ո՞վ նման մեկին դպրոց կընդուներ: Համալսարանական խորհրդատուս էլ զգուշացրել էր, որ սովորականի պես չհագնվեմ, վերջիվերջո տնօրենի հետ էինք հանդիպում՝ կոկիկ ու դասական պիտի լինեի: Գտա ունեցածս միակ «դասական» վերնաշապիկը, մազերս հավաքեցի ու դուրս եկա` մտածելով, որ մեկ է այնքան էլ պատճաշ տեսք չունեմ ինտերվյուի համար: Հասան

Հանրակացարանային ներխուժում

Քնաթաթախ վեր եմ կենում ու դեպի լվացարանն եմ քայլում, մեկ էլ... Մեկ էլ դիմացս մի աժդահա մարդ է դուրս գալիս՝ կապույտ կամբինիզոնով, մորուքով ու ձեռքին էլ մի մեծ մուրճ: Գիշերը, ավելի ճիշտ՝ առավոտյան, ընդամենը երեք ժամ էի քնել, ու լրիվ հնարավոր էր, որ հալյուցինացիա լիներ: Աչքերս նորից ու նորից տրորելուց հետո մարդը չանհետացավ. այլ տարավ-բերեց ծանր մուրճն ու բարեբախտաբար խփեց պատին, այլ ոչ թե գլխիս... Այդ պահին նկատեցի մյուս երկու աժդահաներին և գործիքներով ծանրաբեռնված սեղանը: Փաստորեն ոչ ոք էլ չէր ուզում սպանել ինձ, բայց մեկ է տարօրինակ էր, թե ոնց էին հայտնվել իմ սենյակում: Երևի ռումմեյթս էր դուռը բացել, երբ ես քնած էի... Ու հիմա դժոխքն ինքն է իմ սենյակ եկել: Աժդահաները մուրճերով ու զանազան դռռացող գործիքներով քանդում են ու քանդում: Սենյակս էլ էլի փոշու մեջ կորավ, ու ոչ ոք էլ ինձ չի ուզում այստեղից տանի: Ասա, սպանեիք էլի միանգամից, թե ինչի՞ եք սենց տանջում: 25.08.2013 Վրեժ   Դասից հոգնած եկել ու քնել էի՝ ուշադրություն չդարձնելով նույնիսկ այն փաստին, որ շինարարներն այսօր էլի հա

Պատմություն մակույկի, վայրի սագերի, կամուրջի ու կորած աղջկա մասին

Հենց սկզբից էլ չէի ուզում մակույկավարության գնալ, որովհետև գիտեի՝ ինձանից պոզեր-պոչեր դուրս չեն գա: Ենթադրությունս ապացուցվեց, երբ ոտքս մակույկի մեջ դնելուն պես այն շուռ եկավ, իսկ ես էլ ընկա գետի մեջ ու թրջված մուկ դարձա: Ես հույս էլ չունեի, որ առաջին անգամ թիակը ձեռքումս բռնելով հիասքանչ կթիավարեմ, բայց որ այդքան թեյնիկ էի՝ մտքովս չէր անցնում: Միայն բոլոր հնարավոր ծանծաղուտներն ընկնելուց ու քարերին զարկվելուց հետո ուժի ու արագության վետորներին հիշեցի, և հրաշքով, էհ...՝ ֆիզիկայով, սկսեցի նորմալ թիավարել: Նորմալը ո՞րն է. սահում էի գետի վրայով՝ չզգալով, թե ինչպես եմ արագություն հավաքում ու բոլորից առաջ անցնում: Երբ արդեն ամենաարագ թիավարողներն էլ էին ետևում, պառկեցի մակույկիս վրա՝ նայելով արևին ու ինձ Պոկահոնտաս երևակայելով: Էդ պահին Ամերիկան իմ համար ֆասթֆուդնոցը չէր, այլ դարեր առաջվա քաղաքակրթությունը, որտեղ հնդկացիները մակույկ էին վարում ու իրենց աստվածներին զոհեր մատուցում: Անտանելի սիրուն բնությունը թույլ չտվեց, որ ես իմ պոկահոնտասային ճանապարհը փչացնեմ պեպսիով ու չիպսերով, ուստի

Աստված իմ պես հերետիկոսին էլ օրհնեց

Շաբաթ առավոտյան զարթուցիչս կրկին ժամը 7-ին զնգաց: Հարևանը բարեբախտաբար չէր անջատել իր վայ-ֆայ մոդեմն, ու ես տանից դուրս գալուց առաջ կարողացա ֆեյսբուք ու Ակումբ մտնել: Պիտի գնայի տեղի եկեղեցիներից մեկը, որպեսզի կամավորական աշխատանք կատարեի: Միսս Էվելինն ինձ եկեղեցի տարավ, իր հեռախոսահամարը կազմակերպչին տվեց ու գնաց: Մնացի լիքը անծանոթ մարդկանց հետ մի մե՜ծ սենյակով, որը լի էր հացերով ու զանազան ուտելիքներով: Աշխատանքը կայանում էր նրանում, որ պետք է սնունդը դասավորեինք արկղերի մեջ ու բաժանեինք աղքատ ընտանիքներին: Քանի որ արդեն սովոր եմ ինձանից տարիքով շատ մեծ մարդկանց շրջապատում գտնվելուն, ինձ ամենևին էլ չզարմացրեց, որ ես էի այդտեղի միակ «փոքրիկը»: Բայց դե էս հարավցիները ընդհանրապես չեն թողնում, որ դու իրենց շրջապատում քեզ մոլորված ու օտար զգաս: Իմանալով որ ես առաջին անգամ եմ ԱՄՆ-ում ու «Արմենիա» կոչվող ինչ-որ էկզոտիկ երկրից եմ, բոլորը գրկում ու շնորհակալություն էին հայտնում, որ իրենց օգնելու եմ եկել: Իրականում ես ոչ միայն չեմ սիրում, այլև վատ եմ զգում կրոնական կառույցների հետ կապ ու

Honeymoon-ի ու Homesickness-ի միջև

Վաշինգտոնում թրեյնինգների ժամանակ մի սինուսոիդ նկարեցին ու ասացին, որ այդպիսին է լինելու մեր տրամադրությունը Միացյալ Նահանգներում: Սկզբում հիացած ու զարմացած ենք լինելու, ձգտելու ենք բացահայտել ու հասկանալ ամեն ինչ. այդ ժամանակը (Գրաֆիկի մաքսիմումը) կոչում են Honeymoon՝ Մեղրամիս: Իսկ երբ անցնում է մի քանի շաբաթ, արդեն ամերիկյան առօրյան դադարում է քեզ համար նոր, անբացահայտ ու հետաքրքիր լինելուց, դու սկսում ես կարոտել քո երկիրը, ընտանիքին ու ընկերներին, այդ ժամանակ գալիս է Տան կարոտի՝ Homesickness-ի ժամանակաշրջանը (Գրաֆիկի մինիմումը) : Բայց քաղցն ինձ չթողեց Մեղրամիս ունենալ. ինչքան էլ ամեն ինչ հետաքրքիր ու հավես լիներ այստեղ, միևնույն է ես անկարող էի չկարոտել մամայի սարքած համով ճաշերն ու քաղցր մուրաբաները: Honeymoon չունեցա, որովհետև մինչև գալս լիովին պատկերացրել ու հարմարվել էի այս ամենի հետ, ինչպես նաև՝ այս մեծ, հին ու միայնակ տունը մեղրամիս անցկացնելու լավագույն վայրը չէ: Ճիշտ է, բան չունեմ ասելու, միսս Էվելենը չափազանց բարի ու հոգատար է իմ նկատմամբ, ամեն ինչ անում է, որ ես ինձ ին

Rainbow city

Image
Անգլերենի քննությունից հետո ինձ վերցնելով, միսս Էվելինն ասաց, որ անակնկալ ունի ինձ համար: Իմ սպասումների համաձայն ինչ-որ տեղ տարավ, որտեղ ինձ պետք է ծանոթացներ իր ընկերուհիների՝ մինչև 90 տարեկան ծեր, ֆանատիկ հավատացյալ կանանց հետ:  Նայում էի ինքս ու ինձ ու մտածում՝ ի՞նչ էի, ի՞նչ դարձա: Ամբողջ օրը դրսում թափառողից ծեր տիկնոջն ուղեկցող խելոք աղջնակ էի դարձել: Բայց փաստորեն անակնկալն ամենևին էլ 90-ամյա դողդոջուն տատիկները չէին, այլ այն գեղեցիկ շենքը, որի դիմաց քաղաքի խորհրդանիշը՝ ծիածան էր դրված: Rainbow City-ի քաղաքապետարանում փոքրիկ էքսկուրսիա էր պատրաստել ինձ համար: Թեև տանտիրուհիս միսս Էվելինը, յոթանասունն անց, մեթոդիստական եկեղեցուն նվիրյալ կին է, բայց պարզվում է, լավ էլ կապեր ուներ քաղաքապետարանում: Ներքևում ինձ ներկայացնելուց ու վաուների հերթական դոզան ստանալուց հետո վերև բարձրացանք: Առաջինը մի սենյակ գնացինք, որտեղ քաղապետարանի գլխավոր ինժեներն էր և մեկ էլ չաղլիկ, ժպտերես ու կարմրադեմ մի մարդ: Ինժեների հետ նախորդ օրը ռեստորանում էինք ծանոթացել, իսկ հաստլիկն ինձ հավեսով

Էվելին (մաս 2)

- Մեռնելուցս հետո ես այստեղ եմ թաղվելու: Երբ որևէ մեկը քեզ հրավիրում է ճաշի կամ ընթրիքի, ուրեմն լավ է տրամադրված քո նկատմամբ, բայց երբ նա քեզ իր ապագա գերեզման է տանում, դա արդեն լրիվ ուրիշ մակարդակում է: Ամերիկյան գերեզմանները մերինի պես քարակերտ չեն. Գադսդենի գերեզմանոցը անտառի կողքին գտնվող մեծ ու կանաչ տարածություն էր: Գազոնի վրա մի փոքրիկ անվանատախտակ էր դրված, դրա վրա էլ ծաղկաման, որում հարազատները ծաղիկներ էին դնում: Ծննդյան տարեթիվը 1938 թվականն էր, իսկ մահվան թիվը դեռ չկար: Միսս Էվելինն առույգ կին է, հուսամ դեռ երկար կապրի: Իր ապագա գերեզմանի կողքին ամուսնու գերեզմանն էր... Փաստորեն ես սխալվում էի նրան պառաված օրիորդ համարելով, որովհետև ամուսինը մահացել էր մոտ մեկ տարի առաջ: Պարոն Մարդոքը երեք համալսարան էր ավարտել և ամերիկյան ֆուտբոլ է դասավանդել: Էվելինը պատմում է, որ ամբողջ Գադսդենը նրան «մարզիչ» է անվանել: Միսս Էվելինն ու իր ամուսինը 35 տարի միասին են ապրել: Մի որդի ունեն, ով Էվելինին ամուսնու մահվանից հետո չի այցելել, չնայած մոտ 25 մղոն հեռավորության վրա է ապրում

Էվելին (մաս 1)

Էվելինն այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էի նրան. տանը մնացած տարեց օրիորդ էր՝ նիհար ու չոր, ամերիկացիների ֆիրմային լայն ժպիտներից էլ չուներ: Խորհրդատուիս՝ Ֆեյթի, դիմացի հարևանն էր, ու ես պիտի նրա տանը մնայի մինչև հանրակացարանի բացվելը:  Փոքր ժամանակ շատ էի ամերիկյան սարսափ ֆիլմեր նայել ու առանձնատան մուտքի մոտ կանգնած, աչքիս առաջ էին գալիս բոլոր սարսափելի սցենարները: Տանն ինչ-որ բան կար, որ ճնշում էր ինձ. չգիտեմ ամենուր դրված խումբ-խումբ աղոթող հրեշտակնե՞րն էին, թրի պես գլխավերևումս կախված խաչե՞րը, հսկայական մոմե՞րը, թե՞ աստվածաշունչների ահռելի բանակը: Մի խոսքով, վամպիր, վհուկ ու հերետիկոս Ռուբին պատրաստվում էր ապրել բապտիստական եկեղեցում: Ինչպես և սպասում էի, միանգամից կրոնից խոսք գնաց: Հավատալիքներիս, ավելի ճիշտ՝ չհավատալիքներիս մասին չէի ուզում պատմել, բայց Ֆեյթն ասաց, որ ես աթեիստ եմ: Բայց ես արագորեն ավելացրի, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որովհետև վախենում էի, որ նա սովատանջ կանի անհավատ էակին: Ահագին ժամանակ պետք եղավ, որպեսզի հարմարվեմ այն փաստին, որ տան հսկ

My Faith - Իմ Ֆե՞յթը, թե՞ բախտը

Երբ պրոֆեսսոր Պաուլայի հետ եկանք քոլեջ, իմ մյուս խորհրդատուն՝ Ֆեյթ Դոբբսը, սպասում էր էնտեղ: Ֆեյթի հետ շատ էի ինտերնետով խոսել, համարյա ամեն օր նամակախեղդ էի անում, բայց ինքը արագորեն ու բովանդակալից պատասխանում էր: Իսկական Ֆեյթն իմ պատկերացրածից ավելի երիտասարդ, աշխույժ ու լավն էր: Քոլեջով մի փոքր էքսկուրսիա արեց, հետո ինձ տուն տարավ: Մի գիշեր պիտի իր սկեսրոջ տանը մնայի, որովհետև իմ տանտիրուհու տանիքը կաթում էր, իսկ իրենց տանը վերանորոգում էր: Պարոն Դոբբսը 80 անց տղամարդ էր, բայց տարիքից նույնիսկ 60 էլ չէիր տա: Քաղաքից դուրս մի մեծ սպիտակ տանն էր ապրում: Իր կինը, ում հետ 65 տարի ապրել է, մահացել էր մի քանի ամիս առաջ, ու հիմա վաճառում էր առանձնատունը: Դոբբսի տանն ինձ առաջինը Ռոքսին ողջունեց. պստո շունիկը, ով ինձ էնքան էր սիրել, որ ամբողջ օրը հետևիցս էր վազում, իսկ հետո՝ դժվար անունով կատուն: Ֆեյթն ինձ առաջարկեց ընտրել երեք ազատ սենյակներից մեկն ու իրերս թողելուց հետո գնացինք նոր ճամպրուկ առնելու: Ճամպրուկ առնելուց հետո ինձ տարավ քաղաքի մեծ սուպերմարկետանման տեղ՝ walmart, իսկ

Վաշինգտոնից Ալաբամա

Image
Ինչքան քիչ ժամանակ կա գրելու, այնքան շատ բան կա պատմելու: Չգիտեմ էլ՝ որտեղից սկսեմ, որտեղ ավարտեմ... Եռօրյա վերապատրաստման դասերի վերջին օրը մեզ Վաշինգտոն տարան՝ ավտոբուսային ուղևորության: Սիրահարվեցի Վաշինգտոնին, բայց շփվել չհասցրինք, որովհետև մոտ 3 ժամ ժամանակ ունեինք: Սպիտակ տան մոտ էլ լուսանկարվեցինք, որ հետո թիթիզանանք:  Նույն օրվա գիշերը, տարբեր ժամերի պիտի ամենքս մեր համալսարանը մեկնեինք: Ընդամենը 2 ժամ կարողացա քնել, չնայած սարսափելի հոգնած էի, որովհետև վերջին օրերին ընդամենը 4 ժամ էի քնում:  Քնած-քնած ճամպրուկս իջեցնելիս հասցրի անիվները կոտրել և ստիպված էի քարշ տալ 25 կգ բեռը: Որպես հավելում էդ խառը իրավիճակին, մոռացա նախաճաշով արկղիկս վերցնել, բայց բողոքական շատակերի համբավս էնքան մեծ էր, որ բոլորն իրենց նախաճաշն էին ինձ առաջարկում:  մեկը խնձոր տվեց, մյուսը՝ թխվածք, երրորդն էլ՝ թեյ ու ինչ-որ ռուսական երգեր երգելով հասանք Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան: Ասում եմ՝ երբեք չես կարողանա հասկանալ գլորման ու շփման ուժերի տարբերությունը, մինչև չկոտրես ճամպրուկիդ ան

Ամեն ինչ էնքան էլ վատ չի

Էս ծրագրի ամենապստոն եմ: Երբ ասացի, որ 17 տարեկան եմ, բոլորը համատարած wow-ներով դիմավորեցին: Իսկ երբ ավելացրի, որ ֆիզիկա եմ սովորելու, wow-ների կրկնակի դոզա ստացա: Այստեղ մոտ 60 հոգի կա, նախկին խորհրդային երկրերից ու բոլորի մեջ ես միակն եմ, որ անչափահաս է ու գիտնական է դառնալու. հիմնականում իրավագետներ, դիվանագետներ ու լեզվաբաններ են: Պարզվում է` ծրագիրը նախատեսված է տասնութ տարեկանից բարձր մարդկանց համար; Իսկ ես բանից անտեղյակ մասնակցել եմ ու անցել. մանրուք է, բայց չափազանց հաճելի:  Բայց դե չնայած իմ չափազանց ակտիվ ու շատախոս բնավորությանը, ես թրեյնինգներին մի տեսակ պասիվ եմ, «էշից ընկած»: Ու ծիծաղելի է, որ պատճառը միայն նորմալ չսնվելն է: Ես որ համով բաների պակաս եմ ունենում, իմ օգտակար/վնասակար գործողության գործակիցն ու տրամադրություն միանգամից ընկնում է: Էսօր նամակ էինք գրում մեզ, որն ուղարկելու են ծրագիրն ավարտելուց հետո: Գրեցի բոլոր նպատակներս ու երազանքներս ԱՄՆ-ի հետ կապված ու հասկացա, որ եթե շարունակեմ ոչ մի բան չուտելը, քննություններ չեմ կարողանա հանձնել: Դրա համար

Ամերիկան հիասքա՞նչ է / Ist Amerika wunderbar?

Image
Որոշեցի ամերիկյան արկածների, հետաքրքրությունների ու բողոքների համար նոր օրագիր բացել: Անվանումն էլ Rammstein-ի Amerika երգից է. երգ, որը ինձ մոտիվացրել է այս մրցույթի էսսեները գրելիս, հետս հարցազրույցի է եկել ու ինձ TOEFL-ի ճանապարհել: Ու եթե չլիներ այստեղի ահավոր ուտելիքն ու Վաշինգտոնի խեղդող ու խոնավ կլիման, վերնագիրը կլիներ ''Amerika ist wunderbar!''` «Ամերիկան հիասքանչ է», ինչպես իմ շատ սիրելի երգում է ասվում. Բայց իմ Ամերիկան շատ հեռու է հիասքանչ լինելուց... Իսկ հիասքանչությունը խախտող հանգամանքներից մեկն այն է, որ էս քանի օրվա ընթացքում ընդամենը մի քանի ամերիկացու հետ ենք շփվել` այն էլ ծրագրի տնօրենի ու կորդինատորների: Ընդհանուր առմամբ, հյուրանոցը միջազգային կոնֆերանսների ու մշակութային միջոցառումների համար է նախատեսված ու ավելի հաճախ ազգային տարազով պակիստանցի կտեսնես, քան ամերիկացիների: Մեկ էլ քանի որ ծրագիրը նախկին ԱՊՀ երկրների համար է, բոլոր մասնակիցները ռուսերեն են խոսում: Արդյունքում ինչ-որ անգլոռուսերեն մուտանտ լեզվով ենք խոսում: Իսկ ԱՄ

Ուտելիքի պակասը...

Վերջին երկու օրվա ընթացքում համարյա ախորժակ չունեի. էնքան, որ երեկ իմ սիրած սերուցքային տործիկից ընդամենը մի կտոր կարողացա ուտել: Իսկ էսօր.... Օդանավակայան գնալիս մեքենայում մի տուփ ռաֆայելլո խժռեցի, բայց Վիեննա թռչելիս սովը բռնեց կոկորդիցս ու սկսեց խեղդել: Ու դաժան բախտը որոշեց իմ կողքին նստած ավստրիացի պարոնին էնքա՜ն ախորժելի ուտելիքներով հյուրասիրել, որ ես ուղղակի չդիմացա գայթակղությանն ու վեր կացա տեղիցս, որ չտեսնեմ, թե նա ինչպես է վայելում: Դե դուք պատկերացրեք. մի մե՜ծ աման բանջարեղեն, տաք-տաք հաց, թարմ քամած նարնջի հյութ ու օղի, իսկ մնացածն էլ՝ չհասցրի տեսնել: Ինքնաթիռում մի քանի անգամ շրջեցի, բայց էս պարոնս չէր ուզում իր նախաճաշն ավարտել: Ես էլ սոված-սոված կուչ եկա նստարանիս, ժամանակ առ ժամանակ նայելով պարոնին: Մեկ էլ հերթական քաղցած հայացքիս ժամանակ ինքնաթիռը թափ տվեց ու նրա հյութով լի բաժակը շուռ եկավ... Հետո վերջը մեր ուտելիքը բերին: Զզվելիագույն ձվածեղ ու յոգուրտ, որը համով էր, բայց չափազանց քիչ: Զզվանքով ետ հրելով ձվածեղի բլուրը, ևս մեկ անգամ նախանձախառն նայեցի պար