Միսս Ռուբի

Ինձ արդեն կարող եք միսս Ռուբի ասել: 
Գադսդենի միջնակարգ դպրոցում պիտի դաս տամ ու պիտի երեխաների դասապատրաստմանն օգնեմ: 

Հարցազրույցի նախորդ գիշերն ընդհանրապես չէի քնել՝ ամերիկյան ստանդարտների համաձայն ռեզյումե էի կազմում, ամերիկայի պատմություն կարդում, աստղագիտության տնայինն անում՝ զուգահեռ ակտիվ ֆեյսբուքյան նամակագրություն վարելով: Առաջին գիշերը չէր, որ արթուն էի անցկացնում. էստեղ արդեն սովորել եմ գիշերը շորերով 1-2 ժամ գնել, հետո վեր թռնել լուսադեմին ու դաս անել, կամ էլ զարթնել դասիս սկսվելուց տաս րոպե առաջ ու գիշերանոցիս վրայից շորերս քշտելով դասի վազել...
Ինչևէ, մի կերպ ռեզյումես ծայրը ծայրին հասցնելով վեր կացա գրասեղանի մոտից: Կարմրած աչքեր, հոգնած դիմագծեր, ո՞վ նման մեկին դպրոց կընդուներ: Համալսարանական խորհրդատուս էլ զգուշացրել էր, որ սովորականի պես չհագնվեմ, վերջիվերջո տնօրենի հետ էինք հանդիպում՝ կոկիկ ու դասական պիտի լինեի: Գտա ունեցածս միակ «դասական» վերնաշապիկը, մազերս հավաքեցի ու դուրս եկա` մտածելով, որ մեկ է այնքան էլ պատճաշ տեսք չունեմ ինտերվյուի համար:

Հասանք դպրոց: Ռեզյումես պինդ գրկած հետևում էի խորհրդատուիս: Ինձ էդ պրակտիկան ախր շատ էր պետք. պատմությանս դասերին մի երկու անգամ հայավարի ուշացել էի տաս րոպեով ու բաց էի թողել pop-quiz (բլից հարցումները)՝ ահագին միավորներ կորցնելով: Դասախոսիս առաջարկով էլ էս ծրագրին դիմեցի. ես կամավոր պիտի աշխատեմ դպրոցում, իսկ ինքը միավորներ տա դրա համար: Ուստի դպրոցում ոչ թե ֆիզիկայի կամ մաթեմի հետ կապ պիտի ունենամ, այլ պատմության ու հասարակական գիտությունների:
Մտանք տնօրենի սենյակի նախամուտք: Դասական ալաբամայական երկա՜ր ու քաղցր-մաղցր բարևից հետո աշխատող կինը տնօրենի սենյակի դուռը թակեց: Չքնելուց կարմրած ու մրմռացող աչքերս լայն բացած դռանն եմ նայում, մեկ էլ...
Մեկ էլ դռնից ցատկոտելով ու թռվռալով դուրս է գալիս մի երիտասարդ մարդ՝ հագին ծնկից վերև շորտ, գույնզգույն վերնաշապիկ ու ծաղրածուի փողկապ:
- Բարև ձեզ ես տնօրենն եմ,- ասում է, ծիծաղում, ձեռքով ողջունում ինձ ու խորհրդատուիս, հետո մի թեթև հայացք գցելով ռեզյումեիս, հետո՝ ինձ, ավելացնում,- Ես հավանեցի քեզ: Վեցերորդ դասարանը լա՞վ է:
- Ըհը,- զարմանքախառն ու լայն ժպտալով պատասխանում եմ:
- Ուրեմն երբ ուզես, ոնց ուզես կգաս: Մեր դռները միշտ բաց են...

Հետո ոնց թռչկոտելով տնօրենն էր դուրս եկել իր սենյակից, նույնպես թռչկոտելով ես հեռացա դպրոցից: 
Սիրում եմ էս մարդկանց, հո զոռո՞վ չի:

Հ.Գ. Էսքան ժամանակ էնքա՜ն պատմելու բան ա կուտակվել, բայց իմ ալարելու գործակիցն էլ գնալով աճում է: Մեկը պիտի բզի, որ ամբողջը պատմեմ: Պատմեմ քանի հիշողությունները թարմ են...

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը