Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Լինում է չի լինում, մի Ռուբի է լինում։ Այս Ռուբին լինում է անհաջողակ, անուշադիր և հիմար իրավիճակներում հայտնվող։ Եվ նա հիմա կպատմի իր ամանորյա հեքիաթը։

Կորուստ
«Ասենք ոչ խոզ ռուբիներին», «ավելի մաքուր նոր տարի» և «հյուր ունենք, պետք ա հավաքվենք» կարգախոսներով առաջնորդվելով, որոշեցի Նոր Տարուց առաջ մեծ ուբոռկա անել, նույնիսկ՝ արձակուրդ օրով զարթուցիչ դրեցի։ Առավոտյան լվացքս արեցի, ամեն ինչ մաքրեցի, գնացի շոփինգի, նախորդ օրվա լվացքս հավաքեցի։ Ամեն ինչ կատարյալ էր՝ մնում էր լողանալ, գինիները վերցնել ու գնալ Նոր Տարին նշելու։
Հոգնած ու ուրախ դուրս թռա սենյակից՝ սրբիչներս բերելու ու դուռը հավեսով շխկացրի հետևիցս։ Ու էդ պահին ուղեղումս էլ մի բան շխկաց. ձեռքիս ոչինչ չկար, վզիս ոչինչ չկար, գրպանումս չկար... Բանալիս, որի վրա ինչ ասես կախել էի, որ երբեք չմոռանամ, մնացել էր սենյակում, իսկ ես՝ դրսում։ Իսկ էս անտեր դռներն էլ դրսից փակվում են առանց որևէ բանալիի։
Դեկտեմբերի 31, շաբաթ երեկո, ու դրսում մնացած Ռուբի։ Եվ դեռ ավելին՝ դրսում մնացած կեղտոտ շորերով կեղտոտ Ռուբի, ով առավոտից պրտում էր տան ամեն անկյունը, քանի որ Նոր տարի էր գալիս, իսկ հաջորդ կեսօրին էլ շատ սպասված հյուր պիտի ունենար։
Ինչ եկել էի էստեղ, իմ ամենամեծ մղձավանջներից մեկն էր բանալին մոռանալը, ու էդ մղձավանջը հաջողացրեց իրականանալ ամենավատ պահին։ 
Պադյեզդի աստիճաններին նստած՝ ցուրտն ու կամաց վրա հասնող սովը զգալով (առավոտից ուտելու ժամանակ չէր եղել), ջղայնության արցունքները հազիվ զսպելով, հյուրիս պատմեցի, թե ինչ է եղել։ Իսկ մենք ահագին երկար պլանավորել ու հազիվ հարմարացրել էինք արձակուրդներին հանդիպելը, ես նույնիսկ փորձել էի համով բաներ սարքել... 

Պատասխանատվություն
Հանրակացարանի պատասխանատուները, նույն իրենք՝ հաուսմայստեր կոչեցյալները, ոչ աշխատանքային օրերին հանրակացարանում չեն լինում։ Բայց իրենք պարտավոր էին արտակարգ վիճակներում գալ, ու նաև պատին կարդացի, որ եթե ոչ աշխատանքային օրերին իրենց կանչում են դուռ բացելու, պիտի 36 եվրո վճարել։ Իհարկե, 36 եվրո տալը լավագույն միտքը չէր, բայց տնային բարակ շորերով երկու գիշեր դրսում մնալը ավելի վատ միտք էր։
Զանգեցի մի հաուսմայստերին, ասացի, որ դրսում եմ մնացել, սա էլ ինչ-որ բան ասեց ու անջատեց, որից միայն "morning"-ը լսեցի՝ կողքի աղմուկների պատճառով։ Երբ տեղափոխվեցի, ու ուղիղ 4 րոպե անց զանգեցի նորից, այլևս ոչ ոք չվերցրեց։
Մի քիչ դրսում սառելուց հետո զանգեց Լիլիթը, ով փրկեց ինձ իր տաք սենյակ կանչելով ու տաք թեյ տալով։ Որոշեցինք նորից զանգել հաուսմայստեր կոչեցյալին, որ գոնե հասկանանք, կգա, թե չի գա, ի՞նչ պիտի անենք։
Զանգեցինք, հեռախոսը վերցրեց մի կին, ով ասաց, որ ինքը անգլերեն չի խոսում, հետո ավելացրեց, որ միստեր Շտեգերը գնացել ա։ Իսկ թե ուր՝ ինքը չգիտեր։ Էդ պահին արդեն աչքներիս առաջ եկավ էն պատկերը, որ Շտեգեր ձյան հեռախոսը տվել ա կնոջն ու ասել ով զանգի՝ ասա չկամ, գնացել եմ, մեռել եմ, իսկ ինքը իր համար դիվանին նստած բուդ է ուտում։
Միստեր Շտեգերից քանի որ հույս չկար, զանգեցինք էն մյուս հաուսմայստերին, ում հեռախոսն էլ անջատված էր։ Այո՛, սիրելիներս, մեր հաուսմայստերները լրիվ թքած ունեն, որ իրենց պատասխանատվության տակ գտնվող շենքում մեկը դուրսն է մնացել ու ուղղակիորեն կարող է մեռնել, եթե երկու գիշեր դրսում մնա։

Վերջին հույսեր
Բայց ես ու Լիլիթը չէինք հանձնվում։ Հաջորդ անհույս քայլը դուռ բացելու վիդեոներն էին։ Մինչ Լիլիթը մազակալով ու սկրեպով բզբզում էր դռան վրա, ես էլ անհուսորեն փորձում էի հիշել տարբեր խաղերում կուտակած lockpicking skills-ը։
Բայց դե ինչպես ասում են՝ տասնհինգ րոպեում զամոկ բացող չես դառնա, ու մեր այդ միսիան էլ ձախողվեց։
Վերջը իմ գիտակցության մեջ հազիվ «հաուսմայստերը չի գալու» միտքը տեղավորելուց հետո որոշեցինք վերջապես գնալ Անիի տուն, որտեղ էլ պլանավորում էինք նշել Նոր տարին։ Անին՝ իմ օրվա հաջորդ փրկիչն, առաջարկեց, որ կարող եմ իր տանը լողանալ և գիշերել։ 
Ես Ռուբին եմ ու ես բոմժ էի՝ կեղտոտ ու գրպանումս մի եվրո։ Բայց Լիլիթն ինձ տվեց մաքուր շորեր, իսկ Անին՝ գիշերելու տեղ։ Եվ մտքումս էլ փայլատակեց, որ չորանոցում ես մի զույգ ներքնաշոր և սրբիչներ ունեի։ Հետևաբար՝ ես Նոր տարուն չէի լինի կեղտոտ ու անտուն։
Չորանոցի ճանապարհին հանդիպեցի Շուանին, ու  «ոնց ես» հարցին սկսեցի կյանքս պատմել, ավելի շատ զզվելի հաուսմայստերեղենից բողոքելու, քան որևէ օգնություն գտնելու ակնկալիքով։ Էս Շուանն էլ ասաց, որ հանրակացարանում կա մի «բացող», ով ինչ-որ հատուկ ձևով կարողանում է դռները բացել և հաուսմայստերի կողմից մերժված մարդկանց իրենց տուն վերադարձնել։ Բայց դե՝ իմ չքնաղ բախտից թե՛ «բացողը», թե՛ իր «աշակերտը» քաղաքում չէին։ Բայց Շուանը չհանձնվեց, մի կերպ կապվեցինք «բացող» Մուհամեդին, ինքն էլ բացատրեց թե ոնց պետք է անել։ Կողքի սուպերմարկետի պլաստիկ քարտ՝ ահա թե որն էր գաղտնիքը։ Մուհամեդի բացատրությամբ, բայց այլ քարտերով դուռը բացելու՝ Շուանի փորձերն էլ չստացվեցին։
Բայց ես ստացա Մուհամեդի՝ իմ հավանական փրկչի համարը, ով հաջորդ օրը կեսօրին վերադառնալու էր Ուլմ։ Եվ փաստորեն, նա էն մարդն էր, ում սենյակ ինձ գալուս առաջին օրը տարել էին փարթիի (10:48-ից)։

Նոր տարի
Ավոկադո ճզմելիս պատկերացնում էի, որ ճզմում եմ հաուսմայստերի ներքին օրգանները։ Էդքան էմոցիայով էր, դրա համար էլ երևի համով ստացվեց։ 
Ինչևէ, ես կարողացել էի նաև ինչ-որ չափով մեր Նոր տարին փչացնել, քանի որ գինին ու շամպայնը փակված էին իմ սենյակում, իսկ այդ ժամին արդեն բաց խանութներ չկային։
Բայց ես ուրախ էի, որովհետև թեև ես հաջողել էի ձախողել նաև այս օրը, բայց կային մարդիկ, ում շնորհիվ ես չմնացի դրսում սառած, անփող և սոված։ Նոր տարին մի շիշ գինիով էլ լավ ստացվեց։ Հատկապես՝ երբ Անին Իտալիայից համովագույն պանիրներ էր բերել և ուտում էինք Լիլիթի առաջնեկ բլինչիկները։

Մղձավանջները շարունակվում են
Երկար ժամանակ չէի կարողանում քնել։ Իսկ երբ վերջապես քնում էի, վեր էի թռնում երազից, որում ես բարակ, կեղտոտ շորերով, նստած եմ հաուսմայստերի տան դիմաց ու փող եմ հավաքում։ Իսկ ինքը դիվանին մի մեծ խոզաբուդ ա ուտում։

Փրկություն
Հաջորդ կեսօրին հանդիպեցի Մուհամեդին ու միասին գնացինք հանրակացարան։ Մուհամեդը Շուանի վստահությունը չուներ. ասում էր՝ մեկ-մեկ ստացվում է, մեկ-մեկ՝ չէ։ Հանրակացարան հասնելուն պես ինքը բերեց իր պլաստիկ քարտը, որը հենց դուռ բացելու համար էր օգտագործվում և հատուկ ծալված ձև ուներ։
Առաջին 15-20 րոպեն անհույս էին թվում, ոչ մի բան չէր ստացվում։ Իսկ ինձ թվում էր Մուհամեդը կգա, իր կախարդական քարտը կմտցնի դռան արանքը, և ես վայրկյաններ անց կհայտնվեմ տանը։ Լավ է, որ Անին ասել էր, որ եթե բան չստացվի, պատրաստ է ևս մեկ գիշեր անտուն Ռուբի հյուրընկալել։
Մուհամեդը գնաց մեր շենքում ուրիշի դռնից «չափ վերցնելու», քանի որ իր ծալած քարտի ձև չէր համապատասխանում իմ դռանը։ Քիչ անց վերադարձավ, ու սկսեցինք նորից փորձել։
Սիրտս կանգնում էր դռան ամեն շարժումի հետ, և մի պահի, չխկոցները ավելի ուրիշ դարձան։ Ինչ-որ բան կատարվում էր, չէ, ինչ-որ բան կատարվում էր։ Վերջին չխկոցը. ուժեղ, ու վուալյա, դռնակը բացվեց։ Երկուսս ուրախ նայում ենք իրար, Մուհամեդը high five է անում, ես չեմ դիմանում՝ ասում եմ՝ կլինի գրկեմ քեզ։

Եթե մարդկանց նոր տարի են շնորհավորում, ինձ տնամուտ պետք էր շնորհավորել, որովհետև ինձ հազիվ հանգիստ զգացի, որովհետև էն զգացողությունը որ ես ունեցա, երբ բացվեց դուռն ու իմ սենյակի կիսաբաց դռնից տեսա հետուբուռկյան քաոսը, ամենաերջանիկ պահերիցս էր։ Մուհամեդն իմ փրկիչն էր։ Ամիրյան Մուհամեդը՝ Շիրազ քաղաքից (չէ, հայ չի) , ով իր՝ դուռ բացելու հմտությունները զարգացրել էր, քանի որ ինչ-որ հաուսմայստերներ, որոնց պատասխանատվությունն էր գալ ու բացել դուռը, ուղղակի անհետացել էին։
Ես երջանիկ էի, որովհետև ես իմ տանն էի։ Հին, տեղ-տեղ բորբոսած, հիվանդանոցի պես սպիտակ տանը, որտեղ իմ մաքուր շորերն էին, դրամապանակը, ուտելիքները...



Եվ երկնքից ընկնում է չորս խնձոր, երկու կացին և մի բանալի՝ վրայից Թորի մուրճ կախած։
Մի խնձորը Լիլիթին, որ Ռուբիին տվեց շատ պադդեռժկա, թեյ, մաքուր շորեր։
Մի խնձորը Շուանին, որ ամեն ինչ արեց օգնելու համար։
Մի խնձորը Անիին, որ տվեց քնելու ու լողանալու տեղ, ու էլի լիքը պադդեռժկա։
Մի խնձորն էլ Մուհամեդին, որ երկար տանջվեց ու բացեց դուռը։

Երկու կացիններն էլ ճեղքեցին հաուսմայստերների կրծքավանդակը, որ թքած ունեցան կամ չկատարեցին իրենց պարտականությունները։

Իսկ Թորի մուրճով բանալին էլ  մտնում է Ռուբիի ուղեղ, որ նա երբե՛ք-երբե՛ք բանալին չմոռանա ու էլ ֆաքափներ չանի։




Comments

  1. Ախխխ, էս ինչ էր :DDDD !!!!!!!!!
    Ես էնքան ուրախ եմ էս գրառումը կարդալու համար :') 2 տարի առաջ ԼՐԻՎ նույն սցենարով ես եմ էս ամեն ինչը ապրել ու համարյա նույն բովանդակությամբ շարադրել իմ բլոգում :D Էլի կիրակի, էլի Գերմանիա, մենակ թե ամառ էր.. ինձնից բայց 36 եվրոյից շատ ուզեցին, ու բրազիլացի հրաշագործ ճարվեց 1-2 ժամից, որ, ուալյա, բացեց: Էս էլ գրառումս :D http://noyem.blogspot.am/2014/08/blog-post.html

    ReplyDelete
    Replies
    1. Աաա՜, քիչ առաջ կարդացի։ :D Վերջն էր, երևի հանրակացարաններում ամենաշատ հանդիպող սցենարներից ա։ Ու կարևորը բացողի առկայությունն ա։ :))

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը