Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

Ինչ սկսել եմ մագիստրատուրաս Գերմանիայում, անընդհատ համեմատականներ եմ տանում Ուլմի համալսարանի ու ԵՊՀ-ի միջև։ Տարբերությունները շատ-շատ են, բայց կփորձեմ կետերով համախմբել դրանք։ Մոտ 4 տարի առաջ, երբ փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում էի, էլի նմանատիպ ցուցակ էի գրել։ Հիմնականում է ցուցակը Գերմանիայի համար էլ է ճշմարիտ, բայց հիմա ավելի մանրամասն ու օբյեկտիվ համեմատություն եմ ուզում անել։
Գնահատականներս սուբյեկտիվ են ու ես հասկանում եմ, որ ԵՊՀ-ում շատ խնդիրներ ֆինանսավորան բացակայության ու վատ կառավարման պատճառով են։


ԵՊՀ-ն, աղբյուրը՝ http://www.eua.be 

Դասերի կազմակերպման ձևը
Ֆիզիկա սովորելն իմ համար ամենահետաքրքիր բաներից մեկն է, բայց ոչ էն ժամանակ, երբ ուղղակիորեն չես հասկանում, թե ինչն ինչի համար ես սովորում կամ թե ինչի՞դ են պետք գալու մի քանի կիլոմետրանոց դուրս բերումները։ ԵՊՀ-ում ունեցել եմ առարկաներ, որոնցից ստացած ֆունդամենտալ գիտելիքների համար ուրախ եմ և շնորհակալ, բայց եղել են առարկաներ, որոնց անունն էլ հազիվ հիշեմ, թեև պարապել եմ, քննությանն էլ հավանաբար գերազանց ստացել։
Միգուցե նաև կախված է բակալավր-մագիստրատուրա տարբերակումից, բայց էստեղ հասկանում եմ բոլոր սովորելիք առարկաներիս իմաստը։ Նաև դասերը կա՛մ բավականին լուրջ ու լավ գրքերով են կազմակերպվում, կա՛մ վերջին գիտական հոդվածներով։ Էսպես հասկանում ես նաև թե քո կիլոմետրանոց հաշվարկներն ում են պետք և սկսում մտածել գիտական հարցերի շուրջ, որոնք ակտուալ են, ոչ թե տաս ժամ հաշվում մի ինտեգրալ, որին կյանքումդ երկրորդ անգամ չես հանդիպի։ Ինչպես նաև, դեռ չեմ տեսել ինչ-որ դասախոս որ իր գիրքը գրքի և ավելին՝ փորձի ուսանողների վրա վաճառել։ Լաբորատոր ուղեցույցները, այլ փոքրիկ ձեռնարկները, դասախոսությունների սլայդներ կամ նոթերը հրապարակվում են օնլայն պորտալում և ազատ են օգտագործման համար։
ԵՊՀ-ում մենք նաև շատ վատ սովորություն էինք ձեռք բերել. տնային հանձնարարելու և կիսամյակի ընթացքում աշխատելու մշակույթը առաջին կուրսից հետո էլ չկար ու շատերս քննությունից քննություն էինք պարապում։ Էստեղ ուղղակի անհնար է էդպես, որովհետև որոշ առարկաներ ուղղակի քննության չեն թողնի, եթե տնայիններ արած չլինես։ 
Ինչպես նաև, էստեղ նաև սեմինարներ կան, որոնց ընթացքում կոնկրետ թեմայով ուսանողները պրեզենտացիա են պատրաստում և գնահատվում դրա համար։ Սա շատ կարևոր է, որովհետև դասախոսի ուղղորդումները և ֆիդբեքերը շատ կարևոր են ու հետագայում, թեզի պաշտպանության ժամանակ ուսանողն ավելի պատրաստ է հանրության առաջ գիտական թեմայով խոսելուն։

Ուսանողների մակարդակ
ԵՊՀ-ում առաջին կուրսից պայքար էինք մղում, որ լսարաններում չծխեին։ Մտնում էիր լսարան՝ սեղաններին գարեջրերով նստած, ծխախոտը բերաններին բլոտ էին խաղում։ Հակառակ բոլոր զգուշացումների, միջանցքների ամեն անկյուններում ծխում էին։ 
Թեև իմ խմբեցիներից շատերը հավեսագույն մարդիկ էին, բայց ֆիզֆակի մակարդակն ամենևին հուսադրող չէր. ամբողջ կուրսի հազիվ 25%-ը սովորեր, իսկ մնացածը տարբեր պատճառներով դիպլոմի, զուգահեռ նաև հակառակ սեռի որսի էին դուրս եկել։
Էստեղ համալսարանի ճաշարանում գարեջուր է վաճառվում, բայց դասի ժամին, լսարաններում խմողների, առավել ևս ծխողների ու կռվողների չես հանդիպի։ Համալսարանում ամեն քայլափոխի զգում ես, որ էս մարդիկ ուզում են սովորել, մոտիվացված են։ Համակարգիչների սենյակում մի քանիսը խնդրի լուծման օպտիմալ տարբերակի շուրջ են բանավիճում, մեկը մյուսին մաթեմ է բացատրում, մյուսները անատոմիական մոդել են ուսումնասիրում։ Ու էսպես ամեն օր, քննական ու ոչ քննական սեզոնին։

Դասախոսների վերաբերմունք
- Էս գրատախտակը չե՞ք մաքրել, էս լսարանում աղջիկ չկա՞։
Մի անգամ չի, որ դասախոսներն էս տեքստով մուննաթ են եկել ուսանողների վրա։ 
Էստեղ դասախոսներն իրենց դասից հետո իրենք են մաքրում գրատախտակը, ու դեռ որևէ մեկը ուսանողի վրա մուննաթ եկած ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերած չկա։ Իհարկե՛, դա փոխադարձ է։ Էստեղ նաև անհարգալից ուսանողների չես հանդիպի։
Ինչքան էլ ֆորմալությունները պահպանվեն, դասախոսը ոչ թե իր բարձունքներից է խոսում ուսանողների հետ, անընդհատ հիշեցնում, թե քանի հոդված է տպել ու որտեղ դասախոսել, այլ իր դասն է վարում։ Իհարկե, ԵՊՀ-ում ունեցել եմ հիասքանչ դասախոսներ, բայց քիչ չէին մարդիկ, ովքեր դասին ամեն ինչից կխոսեին, բացի բուն դասից։

Համալսարանն իմ տունն է
ԵՊՀ֊ի մասին ֆիլմ կար. «Իմ տունն այստեղ է»: Շատ պաթոս էր թվում, որովհետև ինչքան էլ լինեինք այնտեղ, սիրեինք կամ չսիրեինք, համալսարանը ո՞նց տուն կլինի: 
Բայց առանց պաթոսի ու ամենայն լրջությամբ կարող եմ ասել, որ ունի Ուլմն իմ տունն է: Առավոտյան 10-ից էստեղ եմ. էստեղ եմ ճաշում, էստեղ եմ դասեր անում, մեկ֊մեկ համակարգչային սենյակում սերիալ նայում: Արդեն նաև էստեղ եմ մարզվում, հետևաբար նաև լողանում: Պահարան եմ ճարել, հագուստ ու այլ պարագաներ եմ պահում: Իսկ ԵՊՀ-ի զուգարանները տեսե՞լ եք, գիտե՞ք, որ 4 տարի էնտեղ սովորելու ընթացքում որևէ անգամ զուգարանի թղթի ու օճառի հետք չեմ հայտնաբերել։
Հա, դասի էլ եմ էստեղ լինում, ժամերով փորձեր անում, մեկ մեկ էլ՝ աշխատում: Համակարգչային սենյակը երբեք չի փակվում. մի անգամ լաբորատոր հաշվետվություն գրելուց հետո տուն է գնում, երբ պահակը «Բարի լույս» ասաց։ Առավոտյան ժամը 5-ն էր։
Հիշեցնեմ, որ ԵՊՀ գրադարանը փակվում էր 17:00, իսկ շաբաթ օրերին համալսարան հատուկ թույլատվությամբ պետք էր մտնել։
Եվ իմ այս «տունը» նաև անտառի ծայրին է. երկու րոպեում կարելի է հայտնվել անտառում, մաքուր օդ շնչել, գետնին պառկել ու գիրք կարդալ։ Իսկ ԵՊՀ-ի տարածքում ասֆալտ էր ու միայն ասֆալտ...


Համալսարանի ճանապարհը՝ անտառ չհասած։

Լաբորատոր աշխատանքներ
ԵՊՀ ֆիզֆակում սովորելու ամենամեծ խնդիրներից մեկը լաբորատորներն էին. երկու դասաժամ ինչ-որ բան էինք բզբզում, հենց տեղում հաշվում, ինչ-որ թիվ ստանում ու հո՛պ, պատրաստ էր։ Երբ իմացա, որ էստեղ կիսամյակի ընթացքում 5-6 լաբ ունեմ, մտածում էի՝ խաղուպար է, ինչ քիչ է։ Բայց դե մի լաբը տևում է առնվազն 6 ժամ, աշխատում ենք փոքր խմբերով և ներկայացնում ենք հաշվետվություն, որը ներառում է փորձի տեսությունը, նկարագիրն ու տվյալների, արդյունքների ու սխալների վերլուծությունը։ Ամեն լաբ անելն ու հաշվետվություն գրելը մի փոքրիկ գիտական աշխատանք է՝ հաշվարկներով, գրաֆիկներով, մեկնաբանություններով, սխալների անալիզով։
Մինչև Գերմանիա գալը, որոշ սարքերի մասին խոսում էինք գիտաֆանտաստիկայի պես. օպտիկական պինցետի, ատոմաուժային մանրադիտակի մասին միայն լսել էինք, ասում էին նաև, որ մի էլեկտրոնային մանրադիտակ գոյություն ուներ ամբողջ ՀՀ-ում, այն էլ՝ փչացել էր, թե լավ չէր աշխատում։ Իսկ էստեղ երևի թե բոլոր գիտատեխնիկական համալսարանները նման սարքեր մեկից ավելի ունեն։
Ես կարող եմ համարել, որ մինչև էստեղ գալը ոչ մի փորձ չէի արել։ Ու թեև հիմա իմ արած փորձերի հաշվետվություններում ամենամեծ մասը սխալների վերլուծությունն է զբաղեցնում, բայց փորձերը շատ են օգնում ֆիզիկան զգալ և տրամաբանել։

Տարբեր հնարավորություններ ու միջոցառումներ
ԵՊՀ-ում ամենասիրածս բաներից մեկը Ուսանողական գիտական ընկերությունն էր. փորձում էինք ամեն շաբաթ գիտական սեմինարներ կազմակերպել, մեջտեղից ճղվում էինք ինֆորմացիան տարածելու ու ուսանողների շրջանակում հետաքրքրություն առաջացնելու համար և ուրախանում, որ 30-ից ավել մասնակցով միջոցառում էր լինում։
Էստեղ ամեն երկուշաբթի որևէ ամբիոն հայտնի ֆիզիկոսի է հրավիրում, ով ինչ-որ արդիական խնդրով է զբաղվում։ Հրավիրվում են նաև կենսաբաններ, քիմիկոսներ, ծրագրավորողներ և այլն։ Երբեմն էլ՝ ամենամեծ լսարանների բոլոր տեղերը զբաղված են լինում։
Գիտականից բացի, սպորտային, ժամանցային ու այլ միջոցառումների պակաս չկա։ Ամբողջ կիսամյակի ընթացքում շաբաթը մեկ մի սպորտի կամ պարի գնալն ուսանողների համար արժի 20 եվրո։ Այո՛, ամբողջ կիսամյակի համար 20 եվրո ու այկիդոյից սկսած զումբայով վերջացրած ինչ ասես կա։
Գործում են նաև անվճար հոգեբանական ծառայություններ և տարբեր տեսակի վորքշոփներ, որոնք կարող են նպաստել ավելի օպտիմալ ու առանց սթրեսների ուսումնառությանը։


Ուսանող լինելը
Հայաստանում ուսանող լինելը դաժան է։ Գերազանցիկ ուսանողը ԵՊՀ-ում 6000 դրամ թոշակ էր ստանում, անվանական թոշակն էլ՝ 20 000 էր։ Էստեղ գերազանցիկներին թոշակ չեն տալիս, բայց գերմանացիները կարող են կրթաթոշակի դիմել, որը ամսական 600-700 եվրո է։ Ինձ էլ է էստեղ սովորելու հնարավորություն գերմանական կրթաթոշակի շնորհիվ ընձեռնվել։
Գերմանական համալսարաններում կիսամյակի ընթացքում սիմվոլիկ գումար է վճարվվում (150 - 200 եվրո), որը զանազան ադմինիստրատիվ ծախսերի համար է, բայց մեր համալսարանում նաև ներառում է մոտ 1000 էջ տպելու, պատճենահանելու, ավտոբուսից որոշ ժամերի անվճար օգտվելու և այլ հնարավորություններ։
Բացի սրանից, ուսանողի համար էժան է նաև ավտոբուսը, թանգարաններն ու մշակութային այլ վայրերը, մարզադահլիճներն ու լիքը լիքը բաներ։

Քննությունների գնահատում
Արդարության համար ասեմ, որ ԵՊՀ-ում մի բան ինձ ավելի էր դուր գալիս. դասախոսների քննություն ստուգելը։ Էստեղ հաճախ ստուգում է ոչ թե դասախոսը, այլ ասպիրանտուրայի ուսանողները, ովքեր ստուգում են համաձայն ինչ-որ շաբլոնի և հնարավոր է, որ այլ եղանակով, բայց ճիշտ լուծումդ սխալ համարեն։ Բայց գնահատականի քննարկման ժամանակ պրոֆեսորն էլ է ներկա ու եթե լուծումը ճիշտ է, հաստատ միավորներ կտան։
Էստեղ նաև թվաբանական սխալներից են միավորներ հանում։ Մենք ֆիզֆակում հաճախ խնդիրներ լուծելիս լուծումը նկարագրում էինք, վերջնական բանաձևը դուրս բերում և թվերի տեղադրելու վրա ժամանակ չէինք ծախսում։ Իսկ էստեղ թվաբանությունից միավորներ կորցնելը հավանական է ու այ դրա դեմ էլ խաղ չկա։
ԵՊՀ-ում ավելի ճկուն էր գնահատումը մեծամասամբ, չնայած մի անգամ ծրագրավորման դասախոսն ինձ խնդրիս որևէ միավոր չէր տվել, քանի որ ես արտագրելուց մի քանի ստորակետ էի բաց թողել։ Եվ այո՛, ծրագրավորման քննությանը ստուգում էին ոչ թե մեր գրած ծրագիրը, այլ տետրում արտագրվածը։

Մատչելիություն
Ավելորդ է խոսել Գերմանիայում՝ շինությունների ֆիզիկապես մատչելի լինելու մասին, որովհետև օրենքը պարտադրում է և այլ կերպ չէր կարող լինել։ Թեքահարթակները, վերելակները, հարմարեցված զուգարանները համալսարանում անսովոր չեն։ Համալսարանն առաջնորդվում է «հաշմանդամությունը չպետք է խոչընդոտ լինի ուսում ստանալուն» սկզբունքով և գործում է խորհրդատվական և հավասար հնարավորություններ ապահովող ծառայություններ տեղաշարժման, լսողական, տեսողական, հոգեկան առողջության, սովորելու և այլ խնդիրներ ունեցող անձանց համար։
Իսկ ԵՊՀ-ի հետևի փողոցից անցյալ թե նախանցյալ տարի ջնջեցին փողոցի անցումը և վերգետնյա, աստիճաններով անցում կառուցեցին։ Համալսարանի ներքին անմատչելիության, վերելակների բացակայության և զանազան խնդիրների մասին որ գրեմ, երևի թե չեմ ավարտի։ Կարծում եմ՝ համալսարանի շատ աշխատակիցներ նույնիսկ տեղեկացված չեն հաշմանդամության տարբեր տեսակների վերաբերյալ ու թեքահարթակից այն կողմ ոչինչ չեն տեսնում։


Ինչևէ, ի տարբերություն տարիներ առաջվա, երբ տանել չէի կարողանում ԵՊՀ-ն, հիմա վստահ եմ, որ համալսարանի նորմալ կառավարման ու ֆինանսները նպատակային օգտագործելու դեպքում անհրաժեշտ էքպերիմենտալ սարքավորումներն էլ կլինեն, դասախոսները նորմալ աշխատավարձ էլ կստանան, մատչելիությունն ու անհրաժեշտ կրթական նյութերն  էլ կապահովվեն, իսկ մնացածն ավելի շատ մտածելակերպային հարցեր են։

Comments

Ամենաշատ ընթերցված

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը