Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը

16:35, Մյունխեն, ավտոբուսի կայարան
Ճամփորդելը կայֆ ա, երբ դու մի ուսապարկով գնում ես քո հավեսին ֆռֆռալու, բայց երբ ունես 2 պայուսակ, մի հսկա ուսապարկ եւ ճամպրուկ, որոնց գումարային քաշը քոնինից մեծ ա, էդ ճամփորդությանը կարելի ա անվանել սթրես: Ուղղակի սթրես: Երբ չգիտես ոնց հա՛մ քեզ, հա՛մ իրերդ քարշ տաս, երբ ավտոբուսի կենտրոնական կայարանում ճամպրուկավոր մարդկանց են խառնվում Օկտոբերֆեստից եկող խմած-ճաքած, ոտի վրա մնալ չկարացող մարդիկ: Դրան էլ գումարած՝ հագիդ համարյա ձմեռային կոշիկներ են, որովհետև գրողի տարած տեղ չկար դրանք խցկելու: 
Եւ գնալուցդ 35 րոպե առաջ դեռ հայտնի չի, թե գրողի տարած ավտոբուսդ երբ ա գալու:


17:10, ավտոբուսում
Ավտոբուսում գտնվելու հիասքանչ պահն ինձ հեշտ չտրվեց: Ժամը 17:00 էր, բայց մեկնումների ցուցանակի վրա ոչ մի Ուլմ գրած չէր: Մի հարկ վերևում ավտոբուսի ընկերության գրասենյակն էր, բայց վախենում էի չհասցնել բարձրանալ ու վերադառնալ, որովհետև մի մեծ հերթ վերելակի մոտ էր, մի հերթ էլ Eurolines-ի օֆիսում: Բայց դե վերջը վազեցի վերև ու իհարկե, հերթն էնքան մեծ էր, որ օֆիսի տարածքից դուրս էր գալիս: Ես էլ ամաչում էի ասել, որ 15 րոպեից մեկնումս ա, թողեք մտնեմ, մի բան հարցնեմ: Վերջը մի աշխատակից դուրս եկավ ու բռնացրի իրեն, հարցրի: Ասում ա բա թե պիտի գնաս Բրյուսել/Լոնդոն գնացող ավտոբուսը նստես: 
Բրյուսելը հասկացանք, բայց Լոնդոնի վրա ուղեղս կախեց: Թևե՞ր ա բացելու թռնի էս ավտոբուսը, թե՞ ջրի վրով ա քշելու: Բայց էդ հեչ, ամենազզվելին էն էր, որ ոչ մի տեղ գրած չէր, որ իմ կանգառը միջանկյալ ա ու եսիմուր գնացող ավտոբուս պիտի նստեմ: Դրա համար էլ երևի գնացքը 3 անգամ թանկ ա: 
Հա, հետո էլի ներքև վազելու պահն էր: Նորից վերելակի հերթ, միայն բարձրացող էսկալատոր ու իհարկե, Ռուբին էլի պիտի 25 կիլոյանոց ճամպրուկը ձեռքով իջեցնի: Արդեն 2-րդ անգամ: Բայց իջեցնելուց մի բարի մարդ առաջարկեց օգնել, ու իհարկե, հենց ձեռքը վերցրեց, ասեց՝ ինչ էլ ծանր ա: Ինձ մի պահ նենց ուժեղ զգացի: Մտածում եմ՝ եթե վաղը մեջքի, թևերի ցավից չմեռնեմ ինձ Սուպեռմեն կամ նվազագույնը Ջեսսիկա Ջոնս կզգամ:



20:15, Ուլմ
Սանազը՝ մեր համալսարանից մի աղջիկ դիմավորեց ինձ: Հավես ա, որ նոր քաղաքում առաջին իսկ օրը չես կորում: 
Ինձ թվում էր՝ ինձ դուր են գալիս փոքր քաղաքները, բայց Մյունխենից հետո Ուլմում ոնց որ կյանք չլինի: Դեռ չգիտեմ՝ ինձ դուր ա գալիս, թե չէ: Բայց գա-չգա, երկու տարի էստեղ եմ ապրելու:


8:23, էլի ավտոբուս
Գրողը տանի, ավտոբուսի կես ուսանող են ու խոսում են անգլերեն: Ես էլ զարմանում էի, թե ինչի ինձ դիմավորող աղջկա գերմաներենն իմից վատ ա, չնայած մի սեմեստր ա արդեն էստեղ ա: Հա, մեկ էլ ոնց որ բոլորը բոլորին ճանաչեն էս քաղաքում:



21:00, դատարկություն
Սենյակս սիրուն, հարմարավետ է թվում, բայց ոչինչ, ոչինչ չկա: Չէ լավ, չափազանցնում եմ, կահույք կա, բայց խոհանոցն ա դատարկություն: Համատարած սպիտակությունն էլ ճնշող ա։ Ինտերնետ պիտի որ լինի, բայց մինչև կաբել չառնեմ, չեմ կարող միանալ: 
Ուտելիք ա պետք, բայց քանի որ աման չկա, միայն հաց ու պանիր կարելի ա առնել: Հավես ա, որ ստեղ մոտակայքում մինչև 12:00 բաց խանութ կա:


22:48, ինչ-որ մեկի սենյակ
Ռաբիզ երաժշտություն, տաշի-տուշի, Անդի: Նստած ինչ-որ մեկի տված վիսկին էի խմում ու մտածում, թե որ մեղքիս համար հայտնվեցի էստեղ։ Ամեն ինչ սկսվեց, երբ ինձ դիմավորած իրանցի աղջիկը գրեց, որ հանրակացարանում մի հայ աղջիկ կա, կուզի հետս հանդիպել: Գնացի, ուրցով թեյ խմեցինք, որը բոլորն էստեղ տարօրինակ տեսքի համար "marijuana tea" էին ասում։ Հետո մեզ համոզեցին, տարան ինչ-որ մեկի սենյակ, որտեղ փարթի էր: Սենց երգեր մեկ էլ եսիմքանի տարի առաջ հարսանիքների էի լսել: Բայց նաև էնպիսի հայկական ռաբիզ երգեր էին դնում, որ կյանքում չգիտեի դրանց գոյության մասին: Եվ հա, մի պարսիկ աղջիկ էլ Անդիի ֆանատ էր ու հայերեն երգերն անգիր երգում էր։ Հյուրընկալող տղի ազգանունն էլ Ամիրյան էր։ :D
Իրանցիք ասում են, որ հայերին շատ են սիրում, որովհետև իրենց ալկոհոլ են բերում: Դե` Իրանում լեգալ չի:


2-ն անց եսիմքանի, բակ
Run, Ruby, run! 
Ամեն ինչ օքեյ էր, երբ խոսում էինք ԴՆԹ-ներից, վիկինգներից, կրոններից ու քաղաքականությունից։ Բայց էն պահին, երբ քեզ ստիպում են պարել ռաբիզի տակ, ոնց որ հայկական հարսանիքներին են անում, պետք է փախնել։
Արդեն նախշուն թվացող սենյակ: Հուսամ՝ վաղը թարմ գլխով ու լուսավոր ժամանակ Ուլմն ինձ ավելի դուր կգա:

Comments

  1. Բա որ իրերդ դառնում են մի քանի ճամպրուկ ու մի քանի արկղ։ Բա որ կահույք էլ ա միանում։ Սարսափ ա ուղղակի։

    Ի դեպ, Լոնդոն էդ ավտոբուսը գնում ա նավ նստելով։ Հասնում ա ծովին, բարձրանում ա նավ, հասնում ա ցամաք, նորից իջնում ա նավից։ Ընդհանրապես, երկար ավտոբուսային ճամփորդության ամենակայֆ մասն ա էդ նավի մասը, որտև ավտոբուսից իջնում, ֆռֆռում ես։

    Իսկ գնացքը մի քանի անգամ ավելի թանկ ա նաև որովհետև ավելի հարմար ա զանազան տեսանկյուններից։ Հեչ որ չէ գնացքում գիրք կարդալն ավելի հարմարավետ ա, ավելի շատ կարաս շարժվես, ավելի արագ ա։ Ու տենց շարունակ։

    ReplyDelete
    Replies
    1. Վայ, ինչ հավես ա։ :D Ես մտածում էի՝ մարդիկ նավ կնստեն, հետո ուրիշ ավտոբուս կսպասի։ ))

      Եսիմ, Գերմանիայում մոտիկ տարածություն գնացող գնացքներն առանձնապես շատ չեն տարբերվում ավտոբուսից՝ ո՛չ հարմարավետությամբ, ո՛չ ժամանակով։ Դեռ կարա ավելի վատ լինի՝ 4 հոգանոց տեղերից լինի, ու հերիք չի կողքդ, դեռ մի բան էլ դիմացդ մարդ նստած լինի։ Բայց հա, բան չունեմ ասելու, գիրք կարդալը գնացքում ավելի հարմար ա։

      Delete
  2. Ռուբ, Գերմանիայում ապրել եմ :) էդ չորս հոգանոց տեղերում ավելի հարմարավետ ա, քան ավտոբուսում, որտեղ քայլել չես կարող, կողքինդ էլ կոշիկները հանել ա, ոտերից հոտ ա գալիս :D

    ReplyDelete
    Replies
    1. Բայց գնացքում էլ եթե կողքդ մարդ կա նստած, էլի չես կարող վեր կենալ, եթե ինքը վեր չկենա ու տեղ չտա։ :D Հա, մեկ էլ Բավարիայի մեջ գնացող գնացքներում լինում էր, որ կանգնած մարդիկ էին լինում։ Իսկ իմ բախտն էնքանով էր բերել ավտոբուսում, որ կողքս մարդ չկար, երկու նստարանին փռվել էի։

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները