Մի քիչ արյուն, լիքը մածուն

Շոփինգն իմ ամենաչսիրած բաներից ա։ Նոր տեղավորվելուց հետո հատկապես կատաստրոֆիկ ա, որովհետև ամեն ինչ պետք ա առնել՝ սկսած կաթսաներից, վերջացրած տաք շորերով։ Էդ օրն համայն շոփինգի օրերից մեկն էր։
Վերարկու առա, հետո գնացի մի քանի առևտուրս արեցի, տան համար էլ ինչ ասես առա ու խանութներից մեկում հանկարծ չստացվեց քարտով վճարում անել։ Դե ես էլ վերջին կոպեկներս իրար վրա դնելով, վճարեցի, դուրս եկա։ Մոտս ավտոբուսի փող չէր մնացել, ոչ էլ բանկոմատ կար մոտակայքում, հետևաբար՝ ես պիտի քայլեի տուն։ Տուն քայլել ասեմ, դուք հասկացեք՝ մի տաս կիլո ապրանք ձեռքս, մի էդքան էլ ուսապարկումս պիտի մի 3 կմ քարշ գամ։ 

Եվ այսպիսով, դեռ մի տաս րոպե էլ չէ քայլել, երբ հայտնվեցի գետնին։ Ես մի կողմ թռա, տոպրակներս՝ մյուս։  Ինձ գետնից հավաքելուց հետո, ապրանքներս հավաքեցի, ու կիսալացելով սկսեցի քայլել, որովհետև ոչ միայն մատս էր արյունլվիկ եղել ու սաստիկ ցավում, դեռ մի բան էլ մածնավթար էր եղել, ու տոպրակիս ամբողջ պարունակությունը մածնոտվել էր։ Էնքան անբախտ էի, որ սկի անձեռոցիկ չունեի ու հանեցի, բանդանաս կապեցի մատիս, որ ամբողջովին չարյունոտվեմ։ Տենց քայլում էի իմ համար, երբ նկատեցի, որ ինձնից հետո սպիտակ հետք եմ թողնում ու ինքս էլ սպիտակի մեջ կորած եմ։ Տոպրակս էր ճղվել, ու ես  դարձել էի մածնաթաթախ Ռուբի ու մածունով գծել իմ ճանապարհը։ Էս անգամ էլ ստիպված բանդանաս հանեցի, վրայիցս ծորացող մածունը մաքրեցի, ապրանքներս վերադասավորեցի ու շարունակեցի քայլել։
Մատս ահավոր էր ցավում, ինձ թվում էր՝ շատ խորը վնասվածք ա, բայց էդ ժամին մոտակայքում բաց դեղատուն էլ չկար։

Երբ մի կերպ հասա տուն, լույսը վառելուց հետո առաջին զգացողությունն էն էր, որ մատս նենց խորն ա ճղվել, որ միսը դուրս ա եկել, պետք ա անպայման կարել, թե չէ ահավոր կլինի և այլն, և այլն։ Ես բավականին ադեկվատ եմ, բայց երբ որ հարցը վերաբերում ա վնասվածքներին ու հիվանդություններին, ինձ միշտ թվում ա, որ ես հես ա կմեռնեմ։ Ինչևէ, պանիկաս էնքան մեծ էր, որ սաղին իրար խառնելուց հետո, վերջը որոշեցի գնալ հիվանդանոց։ Ինձ որ մնար՝ շտապօգնություն էլ կկանչեի։ Սկզբում զանգեցի մոտակա բաց հիվանդանոցը՝ համալսարանի կլինիկան, ասեցին՝ տաքսի կանչի, արի «ամբուլանց շիրուրկի»։

Ինչևէ, մատս ինչ-որ բանով փաթաթած, գիշերվա ժամը 11-ին որոշեցի գնալ հիվանդանոց։ Քարտեզի վրա սկզբում իրանց ասած Շիրուրկին էլ ման գալիս, մտածում էի՝ ինչ-որ առանձին տեղ ա, բայց չգտնելուց հետո վերջը որոշեցի համալսարանի կլինիկա գնալ։ Գուգլն ասում էր՝ մի երկու կմ բան ա, էդպես որոշեցի քայլել։ Կարճ ճանապարհին հետևելով զգացի, որ գիշերվա կեսին հայտնվել եմ ինչ-որ մութ անտառում։ Մի տեսակ սարսափելի էր ցավացող, արյունահոսող մատ, ահավոր ցուրտ ու մթություն։ Համարյա վազում էի, որ չվախենամ ու տաքանամ, ու մտածում՝ թե արդյո՞ք էս մատս արժեր, որ հանուն դրա էս մութ անտառով գնում եմ անծանոթ ուղղությամբ։ Վերջը հեռվում լույս նշմարեցի, ու սոված գայլի պես հիվանդանոցի շուրջը պտտվելով, մուտքը գտա։ Հերթապահն ասաց, որ գնամ Ամբուլանց Շիրուրկի։ Ես էլի չհասկացա, թե դա ինչ ա, մինչև էն պահը, երբ պատի վրա կարդացի Ambulanz Chirurgie: Փաստորեն՝ իմ փնտրած «Շիրուրկի» անունով տեղը վիրաբուժությունն էր։
Տենց ևս մի 10 րոպե հիվանդանոցի դատարկ միջանցքներով թափառելուց հետո ու վիրաբուժություն բաժանմունքը գտնելուց հետո, սպասում էի որ արձագանքեն, ու դուռը բացեն։ Էն էլ ոչ մեկ չէր երևում։ Հետո հազիվ մի մարդ տեսա, հարցրի, պատասխանեց, որ սխալ հարկում եմ։
Իջա, մի 10-15 րոպեից մեկը վերջապես եկավ, լիքը թղթաբանությունից հետո բժիշկը մատս նայեց։ Սովորական ջրով լվաց, յոդի նման բան քսեց ու ասեց, որ ոչ մի բան էլ չկա։ Մի հատ էլ ռենտգեն արեցին, ու ինձ տուն ուղարկեցին՝ մի եքա գրոտած թուղթ ձեռքս տալով։

Դուրս գալուց հետո ամբողջ ճանապարհին բարձր կչկչում էի։ Արդեն մութ անտառն ու ճանապարհը վախենալու չէին, այլ ուղղակի ծիծաղելի էր, որ ես մի թեթև վնասվածքի համար գնացել էի հիվանդանոց։
Անտառից արդեն դուրս էի գալիս, երբ դիմացովս մի սիրուն, գորշ աղվես անցավ։ Կարևորը գայլ չէր, կարևորը ողջ էի, մատս էլ՝ ապահով վիրակապած։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը