ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1

Նիբիրուում մթնոլորտը չափազանց թեժ էր: Դե էնտեղ միշտ է թեժ լինում. ցերեկները՝ մոտ 200 աստիճան ըստ Ցելսիուսի, բայց ներկաների բանավեճը մթնոլորտն էլ ավելի էր  շիկացրել: Հավաքվել էին բոլոր խոշոր խաղացողները, որպեսզի քննարկեին տիեզերքի թիվ մեկ հարցը. ինչպե՞ս վերացնել հայու գենը:
Նիբիրուի կենտրոնում մի մեծ բուրգ կար, բուրգի ճակատին՝ մի աչք, աչքում՝ մասոնական օթյակ, օթյակի կենտրոնում՝ Սորոսը: Սորոսը հաջողակ բիզնեսմեն ու ներդնող էր, բայց այնքան էին ամեն ինչի մեջ նրան մեղադրել, որ նա վաստակել էր մասոնական օթյակի կենտրոնական նստարանը:
– Միանշանակ ԳՄՕ: Եկեք հայերին մոդիֆիկացված սնունդ տանք, թող իրենց գեները դրանից մուտացվեն: Արդյունքում իրենք կկորցնեն Աստծու՝ իրենց գենի մեջ թողած հաղորդագրությունը։ Եվ իրենք կդադարեն լինել Տիեզերքի ամենախելացի, ամենագեղեցիկ, ամենաբիթի ու ամենա - ամենա ազգը,– առաջարկեց Սորոսը:
– Չէ - հա, ի՞նչ ես ասում: Դու հայու գենի ուժը չգիտես: Սովորական մարդկանց մոտ նուկլեինաթթուների զույգերը ջրածնական կապերով են կապված, իսկ հայերի մոտ՝ բարեկամական: Հլը փորձի իրենց ԴՆԹ-ն հալեցնել, էն գուանինը սաղ ախպերներին կհավաքի, դու դրա տակից ո՞նց ես դուրս գալու,– շշնջացին Մութ Ուժերը:
Մութ Ուժերին ոչ ոք չէր տեսնում, միայն լսում էին նրա սարսռեցնող շշնջոցները: Ոչ ոք չգիտեր նրանց էությունը, ծագումն ու տեսակը, բայց մի բան հաստատ էր. Մութ Ուժերի մատը խառն էր հայերի ու Հայաստանի ցանկացած անհաջողության մեջ։
– Բա ի՞նչ անենք: Տնաշենները ՀՀԿ ունեն, ազգ - բանակ ու պատանի երկրապահներ: Այդպիսի հզորության դեմ Թալեաթն էլ անզոր կլիներ,– ասաց Թուրքի Արյունը, որ միշտ վախից սեղմված էր պատին: Թուրքի Արյունը Նիբիրուի գաղտնի լրտեսն էր. միշտ հայերի երակներն էր սողոսկում ու կենաց - մահու պայքար մղում հայու գենի դեմ: Նա լավ գիտեր գենի հզորությունը, գիտեր նաև թույլ կողմերը  ու որոշ հաջողություններ էր գրանցել քաջարի հայորդիներին այնպես պղտորելով, որ նրանց անընդհատ ասում էին «հո դու թու՞րք չես»:
– Եկեք հայերին խաբենք, տանենք աշխարհի ծայրը, հրենք ու թող թափվեն ներքև: Հա՜մ դուք ձեր ուզածին կհասնեք, հա՜մ մենք կապացուցենք, որ Երկիրը տափակ է,– ասաց Մեծ Կրիային հեծնած չորս փղերից մեկը:
–  Արա դե հազար ենք ասել, էս տափակներին մի՛ կանչեք,– դժգոհեց Սորոսը։
– Հայաստանը պետք է ներսից կործանել: Քանի դեռ գոյություն ունի վեհապանծ ՀՀԿ-ն, քանի դեռ Հայաստանն ունի իր անկրկնելի բանակցող, գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին, քանի դեռ Վիգեն Սարգսյանը ազգը բանակ է սարքում, քանի դեռ…
Պարսիկ փիղը (չշփոթել տափակ երկիրը պահող փղերի հետ) շատ հարբած էր, առանց խոսքերն ավարտելու տապալվեց գետնին ու սկսեց խռմփացնել:
–  Բայց էս ալկաշը ճիշտ ա ասում. ես  գիտեմ, թե ով կարող է մեզ օգնել,– Սորոսի ուղեղում հրաշալի պլանն արդեն փայլատակել էր:
– Սորոս, եթե էլի ասելու ես՝ եկեք երեխեքին նորմալ սեռական կրթություն տանք, փորձենք պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները և այլ բարեփոխումներ անենք, ապա սու՜ս մնա: Խաչիկ Ասրյանը, Գալաջյանը, Բաբուխյանը. հայ ազգը մեկից ավելի ֆյուռեռ ունի:
– Չէ՜, է՜, կարող են մի վստահելի անձ գտնել, որի միջոցով իշխանափոխություն կանենք,– Սորոսի աչքերը փայլում էին ինչպես դժոխքի կրակները:
– Չլինող բան ա: Մեր վստահված անձը՝ Լևոնը, ձախողվեց: Ո՞նց կարող ա նրա աճեցրած կադրը հաջողության հասնի,– ասաց Ջհուդ-Մասոնը: Վերջինս հրեաների ու մասոնների հավաքական կերպար էր, որն անհասկալի պատճառներով ամենաշատն էր  ուզում գահընկեց անել հայու գենը:
– Սա մեր վերջին հույսն է: Եթե Սերժ Սարգսյանը շարունակեց իր արքայությունը, ապա հայ ազգն այնպիսի ռազմահայրենասիրական կրթություն կստանա, որ բռունցք կկազմի ու էնպես կխփի տիեզերքի փորին, որ մի հատ էլ Մեծ Պայթյուն կլինի:
–  Հայը հայի հետ կամուսնանա, ու Մասիսը հայերեն կխոսա,– տխրեց Թուրքի արյունը:
– ՀՀ իշխանությունների կողմից հետապնդման ժամանակ ընդհատակում մեկի հետ էի ծանոթացել։
Մութ Ուժերի շշուկը հազիվ էր հասել ներկաների ուղեղներին, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն կանգնած էր օթյակի կենտրոնում։

Աղբյուրը՝ http://theconspiracyblog.com/

2

– Նիկո՛լ, ուրեմն քեզ մի առաջարկ ունենք. իմանալով, որ Հայաստանում բռնատիրական կարգեր են, իսկ ընդդիմությունը ցանկանում է պայքարել դրա դեմ, ցանկանում ենք քեզ մեր օգնությունն առաջարկել,– Մութ Ուժերը Փաշինյանին ծանոթ քաղբանտարկյալի մարմին էին ստացել։
– Բայց որտե՞ղ եմ ես, ի՞նչ իլյումինատական նշաններ են, էս ի՞նչ փղեր են, ի՞նչ եք ինձանից ուզում,– Նիկոլը շշմած նայում էր շուրջբոլորը, իսկ նրա ներսում աշխուժանում էին կասկածամիտ պետականամետը և հետաքրքրասեր լրագրողը։
– Հայաստանում տարածված հոմոֆոբիան, ռասիզմը, սեքսիզմը, վերջիվերջո կոռուպցիան այնպիսի չափերի են հասնում, որ վտանգի տակ են դնում գալակտիկայի ապագան,–  Սորոսը սկսեց բանեցնել իր քաղցր լեզուն։
– Բայց ինչու՞ հենց Հայաստանը, ավելի վատ վիճակում երկրներ էլ կան,– Նիկոլի կասկածամտությունը չէր վերանում։
– Ոչ մի ազգ հայու ոգին չունի, ձեր հաղթանակը կարող է օրինակ ծառայել ամբողջ աշխարհին,– Սորոսը շարունակում էր համոզել։
– Ի՞նչ առաջարկներ կան,– Նիկոլը դեռ կասկածամիտ էր, բայց նման շանսը ձեռքից բաց թողնել չարժեր։
– Ուրեմն՝ նախևառաջ պետք է երգ գրենք։ Դա ամենակարևորն է։ Մա՛յքլ, ա՛յ Մայք, արի մի բան առաջարկի,– բղավեց Իլյումինատը, որը դեռ Մոցարտի թվերից կառավարում էր շոու-բիզնեսը։
– You are not alone, I am here with you,– լուսնային քայլքով օթյակում հայտնվեց Մայքլ Ջեքսոնը։
– Շատ լավ ա, դե գրա՝ «Եվ մենակ չե՛մ, մենակ չե՛մ, մենակ չե՛մ»։ Մա՛յքլ, շնորհակալություն, եթե ուզում ես՝ կարող ես գնալ,– Իլյումինատը բավարարված էր։
– Քայլում են, քայլում են, քայլում,– շարունակեցին հարբած փղերը։
– Մի բան էլ դու գրի, Նիկո՛լ։
– Ու մեր մեկտեղվող աչքերի մեջ,
  Հույսի արեգակ է փայլում,– կիսաձայն-բաղաձայն երգեց Նիկոլը՝ աչքերը հառելով բուրգի կենտրոնի աչքին, որի մեջ արտացոլվում էր ծագող Արեգակը։
– Լավ, քանի որ ամենակարևորը՝ հեղափոխության երգը կա, հիմա ես քեզ լիքը փող կտամ, Նիկո՛լ։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ ես անելու, բայց ես միշտ ֆինանսավորում եմ բոլոր գունավոր և ծաղկային հեղափոխությունները։ Բայց նայի, պատվաստանյութեր ու ԳՄՕ քարոզել չմոռանաս, հա՜,– Սորոսը Նիկոլի դիմաց երկու մեծ ճամպրուկ փող դրեց,– Հա՛, մեկ էլ ֆեմինիստ ա, գեյ ա, բան ա, պիտի մեծ ներգրավվածություն ունենան։
– Որ կասկածելի չլինի, ես էդ գումարը որպես անհատական փոխանցումներ կձևակերպեմ,– Ջհուդ-Մասոնը նման մանիպուլյացիաների մասնագետ էր։
– Դուք ինձ ընդհանրապես մոռացել եք, բայց եթե ուզում եք սատանաների ու դևերի օրհնությունը, թու՜հ՝ նզովքը ստանալ, պետք է ուրբաթ 13-ին հատուկ ծես կատարեք,– Լյուցիֆերն էր՝ մանր-մունր դևիկներով ու չարքիկներով շրջապատված,– Ուրեմն դու պիտի քայլես ու քայլես, ապա ուրբաթ 13-ին ավարտես ուխտագնացությունդ, և այդ ու միայն այդ դեպքում  նզովքս կլինի իշխանությունների վրա։
– Ո՛վ Նիկոլ, քեզ մի թուրմ կտամ, որը կստիպի մարդկանց քեզ շատ սիրել, նույնիսկ՝ պաշտելու աստիճան: Թուրմը կխմես ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ, սոված փորիդ: Սկսիր 10 մլ-ից և ամեն օր նույն քանակով ավելացրու չափաբաժինը: Միանգամից ամբողջը չխմես, թե չէ էդ սերն ու պաշտանմունքն անդառնալի հետևանքներ կունենան: Թուրմը կազդի այն բոլոր մարդկանց վրա, ովքեր կլսեն քո խոսքը, քանի որ ազդեցությունը փոխանցվում է ձայնային ալիքների միջոցով և չի կորցնում իր ուժգնությունը, նույնսիկ երբ խոսքդ հեռուստացույցով կամ ռադիոյով են լսում: Սրան դիմակայել կարող են միայն հայու գենի ամենահզոր պահապանները,– վերջին և ամենակարևոր նվերը հանձնեց վհուկ Հեկատեն:
– Նիկոլ, դու այս անգամ այլ ելք չունես, քան մեր առաջարկն ընդունելը,– շշնջացին Մութ Ուժերը։
– Ելք միշտ էլ կա, բայց համաձայն եմ,– ասաց Նիկոլն ու անհետացավ Նիբիրու-Երևան պորտալի կանաչալույսում:
– Մի՛ մոռացիր, որ դու մեր մարդն ես, Նիկո՛լ,–  Նիկոլի հետևից բղավեց Մերկելը:
– Ոչ, դու էլ ես մերը լինելու,– Մերկելին թարս նայեց Պուտինը:
Երբ համարյա բոլորն արդեն հեռացել էին, Ալտերը՝ Սերժ Սարգսյանի ալտեր էգոն, մեղմ հպվեց Մութ Ուժերին ու տխուր նայեց երկնքին.
– Հոգնե՜լ եմ, Մու՛թ։ Գոնե էս անգամ ստացվի, հանգիստ գնամ ու սկսեմ բոհեմական կյանքով ապրել։ Էլ չեմ դիմանում Գլխավոր Գերագույնին, էդ համակարգին, էդ անիմաստությանը, Մու՛թ։ Ուզում եմ գնալ։
– Ալտ ջան, ալտեր էգոն ոչ թե Սերժն ա, այլ դու։ Բայց սիրտդ լեն պահի,– Մութ Ուժերը պարուրեցին Ալտերին, ու միասին գնացին պոկեր խաղալու։


3

Լյուցիֆերը օթյակի կենտրոնում դեպի դժոխք պորտալ էր բացել և գեհենի կրակների վրա պոպ-կորն էր սարքում։ Ավելի հայեցի լինելու համար, նա պորտալը «թոնիր» էր անվանում և մեծ պաստառ էր փակցրելլ. «Ուղիղ միացում Հայաստանից՝ դժոխային թոնրի պոպ-կորնով»։
Դավադիրները ճարել էին նաև Սաուրոնի աչքը. հավես չունեին Հայաստանում շատ երևալու, իսկ Նիբիրուում ինտերնետը թանկ էր ու դանդաղ։ Սաուրոնի աչքը հետևում էր Նիկոլին, իսկ դավադիրներն ուշադիր հետևում էին, հեղափոխադրույքներ կատարում, մանր-մունր դավադրություններ կազմակերպում և համեմատում հաջողության գործակիցը։
Սորոսը զբաղված էր ամբողջ գալակտիկայի վուլգար ֆեմինիստներին և նույնասեռականության քարոզիչներին ֆինանսավորելով, ուստի որպես հիմնական դավադիր ընտրվել էր Գլխավոր Գերագույն Ալտերը: Թեև նա իր պայքարը սկսել էր հետին պլանում՝ իր «մերժված» էգոյի դեմ կռիվ տալով, բայց Սերժ Ազատիչն ավելի ուժեղ էր ու համարյա անպարտելի։ Ուստի Ալտերը վերջնականորեն երկատվեց և հեռացավ Նիբիրու՝ Նիկոլի և նրա համակիրների գործողությունները դավադրելու:
– Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, հիմա դիտում ենք ԱԺ նիստը: Արդյո՞ք Սերժ Ազատի Սարգսյանը կընտրվի վարչապետ: Հիշեցնեմ, որ բոլոր խաղադրույքներն արդեն ընդունված են: ՍՍ-ի ընտրվելու գործակիցը 0,5 է, քանի որ նույնիսկ դժոխքում ենք Սաշիկին փայ տալիս, իսկ չընտրվելունը՝ ծիծիլյոն,–  հայտարարեց Լյուցիֆերի սատանիկներից մեկը, մինչ մյուսները թոնրի թարմ պոպ-կորն էին բաժանում:
– Էս ԱԺ նիստն ինչ անհետաքրքիր ա, մի քիչ առաջ տվեք էլի,– օթյակից սկսեցին բողոքները:
– Չեք թողում մի քիչ հանգիստ նստեմ։ Թե ընդհանրապես ինչու՞ որոշեցի Սաուրոնի աչքը ժամանակի մեքենայի հետ կապել, նույնիսկ սատանան չգիտի,– փնթփնթաց դավադիրներից մեկը և դանդաղ քայլեց դեպի ժամանակի մեքենան: Եվ այդ դավադրի անունն էր Ալբերտ Էյնշտեյն:
Ժամանակն առաջ էր տրված, Ազատիչը՝ ընտրված, ցուցարարները՝ բարկացած, բայց համերաշխության կոչերով զսպված: Ներկաներն ինտրիգ ու հակամարտություն էին ուզում. առանց դրա պոպ-կորնը չէր ուտվում: Գլխավոր Գերագույն Ալտերը լավ հիշում էր, որ ՀՀ ոստիկանությունն արժանացել էր համագալակտիկական անաչառության և արդարության մեդալին, ուստի նրանց կողմից անհամաչափ ուժի կիրառումն անհնար էր: Հետևաբար խաղահրապարակ պետք է մտներ սադրիչների բանակը. Լյուցիֆերի անտեսանելի չարքերի ջոկատը կազմ ու պատրաստ սպասում էր ցուցարարների և ոստիկանների մեջտեղում:
Լյուցիֆերն ինչ-որ անհասկանալի բառեր շշնջաց և սատանիկները, որոնք միայն Լյուցիֆերի ձայնով կառավարվող ընդունիչներ ունեին, անցան գրոհի: Ցուցարարներն ու ոստիկանները նրանց չէին տեսնում, բայց այ Նիբիրուում ասես ֆուտբոլի առաջնության դիտում լիներ: Ներկաները գոռում էին, ծիծաղում, բարկանում, երբ փոքրիկ սատանիկները ճանկռում ու կծում էին ներկաներին: Նրանցից մի քանիսին նույնիսկ հաջողվեց ոստիկաններից նռնակներ գողանալ:
– Ասենք էս բացքամակ պիրոմանիակ սատանիկները մեզնից լավն էին, հա՞,– դժգոհեց պարսիկ փղերից մեկը, քանի որ վերջիններս ուզում էին իրենք անտեսանելի դառնալ և աջուձախ ոտնատակ անել ցուցարարներին, բայց Մութ Ուժերը դեմ էին վճռորոշ պահերին ալկոհոլի կիրառմանը, իսկ չհարբած ժամանակ փղերը չափազանց քաղաքավարի էին:
– Իմ ճժերի նման շոու կարո՞ղ էիք անել, սենց սիրուն լուսաձայնային էֆեկտներով: Ռագնարոսիկին տեսնու՞մ եք, նույնսիկ Ռամշտայնենք են կրակային էֆեկտների համար իր մոտ վերապատրաստվել,– Լյուցիֆերն առավել քան հպարտ էր իր ճժերով: Դժոխքում մի թեժ փարթի էր պետք կազմակերպել նրանց վերադարձի առիթով:
Գլխավոր Գերագույն Ալտերը մեղմ ժպտում էր. գիտեր, որ նռնակները ջրցանի էֆեկտ կունենան: Ջրցանի էֆեկտը գիտական բառապաշարում շրջանառության մեջ էր մտել էլեկտրիկ Երևանից. ցուցարարների դեմ կիրառված ուժն ուղիղ համեմատական է ցուցարարների թվաքանակի աճին:
– Գերագու՜յն, հաջորդ հետաքրքիր դեպքերը ե՞րբ են, ժամանակն առաջ տամ, քանի դեռ մեքենայի մոտ եմ,– Էյնշտեյնը տեղավորվել էր մեքենայի մոտ և մտածում էր, թե ինչու մինչև հիմա հեռակառավարման վահանակ չի ստեղծել:
– Դուք էդտեղ կարող եք համերգ-մամերգ նայել, ես պիտի գնամ: Հետո կդնես ապրիլի 22-ի վրա, երբ Մերժվածս ու Նիկոլը հանդիպեն,– պատասխանեց Գլխավոր Գերագույն Ալտերը և հեռացավ կատարելու իր ամենակարևոր դերը:
– Իսկ հիմա գովազդային ընդմիջում «Սաուրոնի աչքի» եթերում: Մեր թավշյա մարկետից կարող եք գնել ընտիր «դուխով» շապիկներ և այլ արտադրանք: «ՄերժիրՍերժին» կարգախոսով արտադրանքի վրա գործում են լիկվիդացիոն զեղչեր,– Ջհուդ-Մասոնը համերգը գովազդով կտրեց:
Մինչ ներկաները ոգևորված ապրանք էին գնում, իսկ Ալտերն աճապարում էր դեպի իր մարմին, Էյնշտեյնը գտավ բաղձալի կադրը. Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը դեմ դիմաց նստած էին Մարիոթ հյուրանոցում: Օթյակում ֆեմտովայրկյանի ընթացքում լռություն հաստատվեց.
… դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ օրինական իշխանություններին, դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը…,– խոսում էր Սերժ Սարգսյանը, երբ նիբիրուացիները նկատեցին, թե ինչպես Գլխավոր Գերագույն Ալտերի շնչակտուր ուրվականը ներս սողոսկեց իր ալտեր էգոյի մարմին:
… դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից,– անմարդկային ներքին պայքարի արդյունքում դուրս պրծավ Սերժ Սարգսյանի բերանից: Գլխավոր Գերագույն Ալտերը կարողացավ կատարել ամենաբարդ առաջադրանքը՝ հաղթահարել ինքն իրեն և սկիզբ դնել ջրցանի ամենամեծ էֆեկտին, որը երբևէ եղել էր Հայաստանում:
Հանդիպումից կարճ ժամանակ հետո Սաուրոնի աչքն ուղղվեց Սերժ Սարգսյանի վրա. Գլխավոր Գերագույն Ալտերն արդեն հեռացել էր իր մարմնից, իսկ Ազատիչը չէր կարողանում գիտակցել, թե ինչպես կարողացավ այդ չարաբաստիկ արտահայտությունն անել, ինչպե՞ս: Ազատիչն անկյունում այնպես էր կծկվել ու լալիս, որ դիտողները սկսեցին վատ զգալ իրենց «ՄերժիրՍերժին» շապիկների ու բաժակների համար:
Հաջորդ տեսարանում Լյուցիֆերի սատանիկները կերպարանափոխվեցին, դարձան ոստիկաններ և առևանգեցին Նիկոլ Փաշինյանին՝ ավարտելով ջրցանի էֆեկտի վերջին շտրիխը:
– Ընդունվում են խաղադրույքներ, թե արդյո՞ք մարդիկ կվախենան և կդադարեցնեն ցույցերը, թե՞ շարժումը նոր թափ կստանա,– հայտարարեց Լյուցիֆերը,– Գործակիցները կհայտարարվեն խաղադրույքներից հետո, քանի որ գրողը տանի, դուք սատանայի մոտ եք խաղադրույք կատարում,– Լյուցիֆերն իր ճժերի հերոսություններից ոգևորված էնքան էր խմել, որ նույնիսկ նորմալ գործ բռնել չէր կարողանում:
Լյուցիֆերն իր խոսքը հազիվ էր ավարտել, երբ Գլխավոր Գերագույնը Ալտերը Երևան-Նիբիրու պորտալով իրեն ներս գցեց ու ուրախությունը հազիվ զսպելով բղավեց.
– Էլ չեմ համբերում, քցեք հրաժարականը նայենք:
– Սփոյլողի մեկը:
– Ամենահետաքրքիր մասն էր, այ ալտեր էգոյի գլուխ:
– Խորովել սրան:
Մինչ Գլխավոր Գերագույն Ալտերը փորձում էր զարմանքից ուշքի գալ, թե ինչու մնացածը նույն ոգևորությամբ չընդունեցին լուրը, ներկաները ինչ պատահի նետում էին նրա վրա: Կեղտոտ գուլպաները, հրե գնդակները, թոնրի պոպ-կորնը, գավազանները և բազմաթիվ հասկանալի ու անհասկանալի իրեր անցնում էին Ալտերի  ուրվականային մարմնով:
– Ու՜ֆ լավ է, մի քիչ առաջ տվեք, դրեք հետհաղթանակյա համերգ նայենք, Թաթան երգ է գրել, մի քիչ պարենք ուրախանանք,– առաջարկեց փղերից մեկը:
Այդ օրվա դիտումն ավարտվեց Հանրապետության Հրապարակից ուղիղ եթերի տակ տժժալով, իսկ որոշ համարձակներ ռիսկ արեցին նաև գնալ ու փողոցներում արվող խորովածից համտեսել:


4

Թավշյա հեղափոխության հաջորդ դիտումը ոչ նախորդի ոգևորվածությունն ուներ, ոչ էլ նույնիսկ թոնրի պոպ-կորնը: Այս անգամ Սաուրոնի աչքն ուղղված էր ԱԺ նիստերի դահլիճին, որտեղ Նիկոլը կընտրվեր վարչապետ կամ չէր ընտրվի:
– Մենք փորձեցինք մեզանով անել հանրապետական գործիչներին, բայց ո՛չ իմ առաջարկած փառքը, ո՛չ փողերը չկարողացան գնել նրանց,– տխուր խոսեց Սորոսը:
– Ես չեմ կարող ոչ մի կանխատեսում անել ապագայի վերաբերյալ,– դառնությամբ ասաց Գլխավոր Գերագույն Ալտերը:
– Այսօր խաղադրույքներ չեն լինի, ոչ էլ պոպ-կորն, բայց կբաժանվեն դժոխքի կրակներով կրակայրիչներ. այսօր հաստատ անկյունում նյարդային ծխողներ շատ կլինեն,– հայտնեց Լյուցիֆերը:
Նիստի ընթացքում հնչում էին այնպիսի սուր ու կտրուկ հարցեր, որ Լյուցիֆերի չարքերն ու Ապոլոնի մուսաները, հազիվ էին կարողանում օգնել Նիկոլին: Էյնշտեյնը, որ արդեն հեռակառավարման վահանակ էր ստեղծել ժամանակի մեքենայի վրա, վահանակը լուռ պտտում էր ձեռքում: Կարծես՝ բոլորն էլ ցանկանում էին առաջ տալ այս լարված ու դաժան նիստը, բայց միևնույն ժամանակ հետաքրքրասիրությունը թույլ չէր տալիս:
Օթյակը լի էր սիգարետի մնացորդներով, չարքիկներն արդեն սկսել էին վալերյանկա բաժանել, քանի որ մարիխուանայի պաշարներն ավարտվել էին: Երբ հայտարարվեց քվեարկության ժամանակը, բոլորը, նույնսիկ՝ անսիրտ-անհոգիները ներսում թրթռոց զգացին, թեև վստահ էին, որ էս անգամ էլ հաղթանակը դուրս պրծավ իրենց ձեռքերից:
–  45 կողմ, 55 դեմ,– Արա Բաբլոյանի ձայնին հաջորդեցին Նիբիրուուվ մեկ հնչող քֆուրները, ջարդվող բաժակների և ոսկորների ձայները, մռնչոցներն ու մլավոցները:
– Առաջ եմ տալիս, տեսնենք ինչ եղավ,– Ալբերտ Էյնշտեյնը սառը դատողությունը պահպանողներից մեկն էր:
Սաուրոնի աչքը սահում էր հաջորդող ցույցերի վրայով. մարդիկ առավել մեծ թափով էին փողոցներում: Հեկատեի տված թուրմի ազդեցությունն առավել քան ուժգին էր. նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում ատում էին նրան, մանտրայի պես նրա անունն էին կրկնում և հավատում, որ նա կբերի փրկությունը: Փակ էին փողոցները, մայրուղիները, շրջապատված էին «դեմ» քվեարկած պատգամավորների տները. էս անգամ նույնիսկ խաղադրույքների կարիք չկար:
– Քվեարկությունն ավարտված է. 59 կողմ և 42 դեմ,– թնդաց Նիբիրուում, և բոլոր դավադիրների ուսերից ասես մեծ բեռ ընկավ:
– Մեր պայքարը հայու գենի դեմ կարելի է համարել ավարտված: Ո՞վ ա գալիս խմելու,– առաջարկեցին փղերը:
Մութ Ուժերն ականջիս շշնջում են, որ այդ օրը Նիբիրուում ավելի մեծ ու ճոխ փարթի էր, քան Հայաստանի Հանրապետությունում:


5

– Արդեն ժամանակն է մեր սկսած գործն ավարտելուն: Իշխանությունն այլևս հայու գենի պահապանների ձեռքում չէ, ուստի մենք կարող ենք ձեռնամուխ լինել հայու գենի վերացման սուրբ գործին,– Մութ Ուժերը շշնջացին ամենավստահելի դավադիրներից կազմված ժողովի ընթացքում:
– Ես հույս ունեի, որ Նիկոլի կառավարության ընթացքում ռազմահայրենասիրությունը կպակասի, ԼԳԲՏ անձանց իրավունքների համար մի բան կարվի, ռասիզմի դեմ պայքար կմղվի, բայց ինչ-որ չեն արդարացնում ինձնից վերցրած միլիոնները,– դժգոհեց Սորոսը:
– Եվրոպայի հետ կապեր պետք է լավացնե՜ր, ԵԱՏՄ-ից դուրս գա՜ր… Շնիցել էլ չէ, փռթած պիվա,– Անգելա Մերկելն էլ էր այնտեղ:
– Տո ոչ էլ ռուսամետ ա, երբ հարցնես՝ բա թե մենք ինչ անում ենք, Հայաստանի համար ենք անում,– Պուտինն էլ գոհ չէր:
– Չէ՛, չենք կարող թողնել, որ մեր ձեռքից էս մեկն էլ գնա: Պետք է շտապ բերման ենթարկել,– վրդովված խոսեց Իլյումինատը:
– Էդ հարց է, թե ով ում բերման կենթարկի,– Նիբիրու-Երևան պորտալը առկայծում էր վառ կանաչ լույսով: Պորտալի դիմաց կանգնած էին Նիկոլ Փաշինյանը, Արթուր Վանեցյանը և մի խումբ դիմակավորված անձինք:
– Ուրեմն, տղե՛րք և աղջկե՛րք, մի հատ էս Նիբիրուն, հատկապես օթյակը խուզարկեք, տեսնենք ինչ կա էստեղ,– կարգադրեց Վանեցյանը:
Բոլոր ներկաները շվարած Նիկոլին էին նայում. ո՞նց ինքնուրույն գործարկեց պորտալը, էս ու՞մ է բերել և ինչու՞, ո՞նց համարձակվեց դուրս գալ Տիեզերքի ամենահզոր էակների դեմ:
– 3 հատ ժամանակի մեքենա, 5 արկղ միջաստղային շմայսեռ, մի անհատակ հոր, որը լիքն է «Զինվորի բաժին» ապրանքանշի տուշոնկայով և խտացրած կաթով,– հայտարարեցին ԱԱԾ աշխատակիցները։
– Լավ, ասենք ժողովրդի փողերով անլեգալ ժամանակի մեքենաներ եք կառուցել, անլեգալ զենքեր ձեռք բերել, բայց լավ, էդ տուշոնկան ու խտացրած կաթն ի՞նչ էիք անելու,– Նիկոլի աչքերում այս անգամ ոչ թե հույսի, այլ զայրույթի արեգակ էր փայլում:
Մինչ ներկաները չգիտեին ինչ պատասխանել, սյուների հետևում փղերը սրբում էին իրենց խտացրած կաթոտ բերանները, իսկ սատանիկները խժռում չբռնագրավված տուշոնկայի վերջին կտորները:
– Ձեր խոսակցությունը ձայնագրված է: Անօրինական զենք-զինամթերք և ժամանակի մեքենա ունենալու, հայու գենի դեմ նյութված  դավերի, հայոց բանակից կատարած գողությունների համար բոլորին բերման ենք ենթարկում,- հայտարարեց Արթուր Վանեցյանը:
– Ինչպես տեսնում եք ԱԱԾ-ն շատ շնորհքով ներխուժել է Նիբիրու,- սելֆիի ձողը բռնած սկսեց խոսել Առաքել Մովսիսյանը: Վերջինս իր անօրինական զենք-զինամթերքը հանձնելուց և ԱԱԾ-ի շնորհքին ծանոթանալուց հետո որոշել էր փոխել մասնագիտությունը և Գագիկ Շամշյանի մոտ լրագրության դասերի էր գնացել:
– Ահա, բերման են ենթարկվում հանցագործ աշխարհում դարեր առաջ թագադրված, «Մութ Ուժեր» մականունով Մութուժին, «Շապուհի տղա Փղուլ» մականունով Փիղ Աբասիին, «Դմբուզ Իլյումինատ» մականունով անհայտ անձին, «անդրոմեդացի ջհուդ-մասոնիկ» մականունով Աբրահամ Մասոնովիչին, «ԳՄՕիկ» մականունով Ջորջ Սորոսին, «Դժոխքցի Պլետ» մականունով Լյուցիֆեր Լուսաբերին, «Բաբիկենց Յագիկ» մականունով Հեկատե Պերսևսնային ու մի քանի բլոկ դիշովկա չարքերի ու փղերի:
– Շմա՛յս, հիմա ուղիղ եթերի իմ հերթն է,– Նիկոլը նույնպես շատ շնորհքով առգրավեց Շմայսի սելֆիի ձողը, քանի որ իրենը մոռացել էր:
– Սիրելի՛ հայրենակիցներ, այս պահին ես ուղիղ եթերում եմ Նիբիրու մոլորակից, որտեղ մենք ցնցող բացահայտումներ կատարեցին: Ինչպես արդեն տեղեկացվեց, ձերբակալվել են բոլոր հայու գենը կործանել փորձող դավադիրները: Այս մեծագույն վտանգի վերացումից հետո կո՛չ եմ անում գալակտիկայասփյուռ հայորդիներին վերադառնալ և ծառայել հայոց բանակում: Կո՛չ եմ անում թողնել այլ մոլորակների ճոխ կյանքը և վերադառնալ հայրենիք՝ կառուցելու տիեզերքի ամենահզոր պետությունը: Քանի դեռ իմ մեջքի հետևում հայ ժողովուրդն է կանգնած, չկա որևէ խնդիր, որ չկարողանանք հաղթահարել:
Նիբիրուից ուղիղ միացումը միլիոնավոր մարդիկ դիտեցին, բայց քչերը նկատեցին, թե ինչպես Նիկոլը սողունի նման թարթեց իր դեղին դարձած աչքերը:


Դիսքլեյմեր. Պատմվածքը պարունակում է սարկազմի մեծ չափաբաժին: Հեղինակը ռասիստ, սեքսիստ, հոմոֆոբ և դավադրությունների տեսաբան չէ: 

Այստեղ կարող էին հիշատակվել նաև օգտագործված դավադրությունների տեսությունները, բայց դա կթողնեմ ընթերցողի սուր, բայց հուսամ ոչ ռեպտիլոիդ աչքերին:

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը