Անկշռություն

Բլոգիս վրա էլի փոշի է նստել, մատներս էլի ժանգոտում են, ուղեղս էլ՝ հետը։ Կար ժամանակ, երբ այս բլոգը նախատեսված էր թեթև ու հավես ճամփորդական օրագիր լինել, բայց դարձավ դեպրեսիվ էպիզոդների հավաքատեղի, հիմա էլ՝ ուղղակի փոշի ա դրվում ավերակների վրա։

Ժամանակին ուզում էի ինձ կարդան, իսկ հիմա հազիվ եմ գրում ու չեմ ուզում, որ գրածներիցս որևէ մեկը որևէ բան հասկանա։ Իրար հետևից միանման օրերն անցնում են, իսկ ես մեկ-մեկ հետ եմ նայում ու մտածում, թե ինչ անկանխատեսելի բան ա կյանքը ու ինչքան փոքր ա Երևանը։ Այսինքն՝ Երևանը չէ, այլ ամբողջ աշխարհը։ Աշխարհի էն մասը, որ ես ճանաչում եմ։ 

7 ամիս։ Արդեն 7 ամիս ա Հայաստանում եմ։ Մինչև արտակարգ իրավիճակը, դեռ չէի գիտակցում, որ հետ եմ եկել։ Սահմանները փակվելուց հետո էլ նախկին կյանքը կարծես կատարված լինի երկար ժամանակ առաջ, լրիվ ուրիշ մարդու հետ։ Էս խառը ժամանակներով ցավը սկսեց բթանալ, զգացողությունները՝ խամրել ու սկսեցի ինչ-որ չափով հաշտվել ներսի դատարկության հետ։ Եթե չլիներ կարանտինը, ես ու Քաոսը չէինք օտարանա էս աստիճանի ու միգուցե ստացվեր ինչ-որ բան։ Եթե չլիներ կարանտինը, ես մենակ չէի մնա ինքս իմ հետ ու վերջապես չէի հավաքի իմ չեղած մոտիվացիան ու PhD-ի դիմել։ Ես չկարողացա հաղթահարել ձախողված լինելու զգացողությունը, բայց կարողացա հաղթել գոնե փորձելու վախը։ Ես հասկացա, որ ինչքան էլ ինձ համոզել, չեմ կարողանալու շատ փող աշխատել ուզել. իմ նման անհույս ռոմանծիկից մաքսիմում գիտնական կամ գրող դուրս գա։ Երրորդ հնարավոր տարբերակը հանրայնացնել պետք չի։

Ես դեռ զարմանում եմ, թե ոնց վերադարձա էն քաղաքը, որտեղից իմ մտերիմ մարդկանց մեծ մասը գնացել էր։ Որտեղ անասելի մենակ էի, ու էդ մենակությունը կոտրելու ջանքերն ամեն ինչ ավելի մեծ խառնաշփոթի էին վերածում։ Երբեմն արարքներ կան, որ անելու ընթացքում մտածում ես, որ հաստատ պետք չի անել, հաստատ սխալ է, հաստատ հետևանքները վատն են լինելու։ Ու միևնույն ա, ամեն ինչ գիտակցելով էդ անում ես։ Եվ աստվածներ, ճիշտ ա, նախատեսվող շիլաշփոթի դա բերում ա, բայց վերջնական արդյունքը լավն ա լինում։ Ինձ թվում էր՝ ես էդ որոշման համար փոշմանելու եմ, վստահ էի՝ փոշմանելու եմ, բայց հիմա գոնե ինչ-որ սիրուն բան կա։ Խիստ ժամանակավոր սիրուն բան, բայց բոլոր սիրուն բաներն էլ վերջանում են, ու ավելի լավ ա՝ սիրուն էլ վերջանան։ Տագնապներն անընդհատ գալիս ու գնում են, բայց ընդհանուր ժպտացնում ա էս վիճակը։ Սիրում եմ մարդկանցից սենց նուրբ, ոչ տոքսիկ կախվածություն ունենալը։ 

Կալադինն էլի իմ հետ ա։ Արդեն ամաչում էլ եմ գուդրիդսում նշել, որ հսկայական եռագրությունն էս տարվա մեջ արդեն երրորդ անգամ եմ լսում։ Անցյալ շաբաթ, երբ Բենին ասեց, որ ուզում ա Dungeons and Dragons վիրտուալից տեղափոխել, սենց մեջս ինչ-որ բան ջարդվեց։ Կարանծինի դրական կողմերից մեկն էն էր, որ ժողովուրդը սկսեց օնլայն խաղալ ու ես էլ կարողացա միանալ։ Վիրտուալ տիրույթում կապ չունի, թե հեռավորությունը 40 կմ ա, թե 2000, երբ սաղդ լոքդաունի մեջ եք։ Դանին ասեց, որ կամերայով, լեփթոփով կգնա, որ կարողանամ միանալ, բայց չգիտեմ, անսովոր ա։ Ինձ թվում էր՝ ես հաղթահարել եմ էդ ամեն ինչը, բայց չէ, չէ, չէ, չեմ հաղթահարել։ Ես Ուլմի Ռուբիին թողել եկել եմ, ես պատրաստ չեմ ընդունել, որ մենք նույն մարդն ենք, ես պատրաստ չեմ վերհիշել էդ երեքշաբթիները, երբ գիշերվա հազարին խաղի կռիվները քննարկելով տուն էինք գնում։ Էդ ամեն ինչը չկա, չի եղել։ Առերեսումն էլ չի եղել։ Ու չգիտեմ երբ կլինի։ Բայց գիտեմ, որ ես կայացրել եմ էն որոշումը, որը միշտ էլ գիտեի, որ կայացնելու եմ, բայց չէի կարողանում ընդունել։

Կալադինն էլի իմ հետ ա, որովհետև զգում էի, որ էլի տրամադրությունս սինուսներ ա գծում։ Կալադինը էն հերոսներից ա, ում ես շատ հանգիստ կարող էի ատել ու ատում էի, որովհետև իր մեջ պաթետիզմի բոլոր էլեմենտները կրում ա, բայց իմ coping mechanism-ն էլ էս անտեր գիրքն ա։ Էս գիրքն ինքնին կատարելություն ա, բայց իմ համար նաև դեպրեսիայի հետ անընդհատ պայքարն ա, որովհետև էն ժամանակ, երբ վստահաբար ունակ էի ինձ վնասելու, էս գրքերի սյուժեի ու հերոսների վրա կենտրոնանալը ինձ կարողացել ա ավելի օգնի, քան հոգեբաններն ու ռացիոնալությունը։ Հոյդն ասում էր մի տեղ, որ ցանկացած պատմության մեջ մենք տեսնում ենք էն, ինչի մասին մտածում ենք, ինչ ուզում ենք տեսնել։ Ես տեսնում եմ դեպրեսիայի դեմ կռիվը, տեսնում եմ, որ ինչ-որ տեղ, ինչ-որ բան լավ ա լինում։ Ես լսում եմ իրադարձությունները ու հիշում, թե էդ դրվագի ժամանակ որտեղ էի քայլում կամ ինչ էի զգում։ Էս մեթոդով կարողանում եմ ինքս ինձ չկորցնել։ Երևի ամեն ինչ էնքան էլ վատ չի, ուղղակի ներդ եմ։

Հոգնած եմ, շատ հոգնած եմ։ Չեմ կարողանում ոչնչի վրա կենտրոնանալ, չեմ կարողանում առավոտն արթնանալուց հետո իրոք արթնանալ։ 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը