Հանրակացարանային ներխուժում (էպիզոդ 2)

7:45 զարթուցիչս զնգում է։ Արթնանում եմ, բայց ինչպես սովորաբար, ալարում վեր կենալ։ Ինձ համոզում եմ, որ ավելի լավ է գերմաներենի հերթական դասը բաց թողեմ, քան այդ մութ ու ցուրտ առավոտյան լքեմ իմ տաք անկողինը։
Թաղվում եմ վերմակիս տակ, որ վայելեմ դասի ժամի մեղսավոր քունը (օ, այո, ես անբացատրելի լավ եմ քնում, երբ դասի պիտի լինեի էդ ժամանակ), երբ դուռը զանգում են։ Մտածում եմ՝ երևի բնակարանակիցս է, բանալին մոռացել է, եկել է վերցնի։ Բայց չեմ շտապում բացել. որ տեղիցս վեր կացող լինեի, հեն ա դասի կգնայի, իսկ եթե իրոք պետք է, էլի կզանգեն։
Էլի չեն զանգում, բայց ինձ վիճակված չէր քնել. դուռը բացում են և ներս խուժում։ Հանրակացարանի կյանքն էլ էդպիսին ա, եթե դուռդ չես բացում, ապա բացում են և մտնում։ Իսկ ո՞վ է մտնում. ինձանից ու հարևանիցս բացի, բանալին մեկ էլ հաուսմայստերեղենն ունի։ Իսկ ինչ են անում՝ ոչ չգիտեի, ոչ էլ ուզում էի իմանալ։
Խոհանոցում ինչ-որ բան ցխվում ա, կոշիկների դոփյունը մոտենում և հեռանում ա։ Շրխկոցների ու դդխկոցների միջից ականջիս ա հասնում մեկի vielleicht, schlafen (միգուցե, քնել) բառերը։ Մտքումս փորձում եմ հասկանալ, թե որ մեղքիս համար են նրանք հայտնվել, ու հետո կռահում եմ, որ հարևանս հավանաբար ինչ-որ բան վերանորոգելու համար ա կանչել, քանի որ իրենք առանց թույլտվության չէին մտնի։ Իսկ թե ինչի համար՝ ոչ գիտեի, ոչ էլ ուզում էի իմանալ։
Շպակլիի ձայնը մեղմիկ օրորոցային էր դարձել։ Ես կիսաքնած էի, ու երազումս նրանք մտել էին իմ սենյակ, որ մահճակալս սարքեն, բայց տեսնելով, որ քնած եմ, մահճակալիցս գցել էին, որ հանգիստ աշխատեն։
Երբ արթնացա կիսաքնից, ձայները դադարել էին։ Հավանաբար՝ ինչ անում էին ավարտել էին, հանգիստ կարելի ա գնալ լողանալու։
Լողանա՞լ, իսկ ո՞վ ասեց լողանալ։


Նույնիսկ ատամներս չէի կարող լվանալ, քանի որ ամբողջ բաղնիքը տոպրակածածկ էր։ Եվ այստեղ ես օրհնեցի հանրակացարանի աստվածներին, ասել է թե՝ ճարտարապետներին, որ բաղնիք-զուգարանն առանձին էին արել։ Խոհանոցում էլ աստիճան էր դրված ու ինչ-որ մեկի շորերը, դրսի դուռն էլ, ինչպես տատս էր ասում, չրախման բաց էր։
Բայց նրանք սվաղել էին փդած ու ատելի առաստաղը, որի մասին քանի ամիս ա ալարում էի ասել հաուսմայստերին։ Ուստի ես չսկսեցի մտքումս ու բարձրաձայն նրանց քֆրտել ինձ քնահարամ անելու համար, այլ արագ հագնվեցի ու ուրախ-զվարթ տնից դուրս սողոսկեցի, հուսալով, որ երբ վերադառնամ, քաոսը վերացրած կլինեն։
Իսկ երբ վերադարձա, բաղնիքն ավելի մաքուր ու սիրուն էր, քան երբևէ...

Հ.Գ. Իսկ սա հանրակացարանային ներխուժման երկրորդ էպիզոդն էր, քանի որ տարիներ առաջ մեկ այլ հանրակացարանում, հեռարձակվել էր առաջինը։  Ու հա՛, առաջինն ավելի հետաքրքիր էր, ու ես սա չէի գրի, եթե չվերհիշեի կոմբինիզոնավոր հսկաներին ու իրենց դռելներն ու մուրճերը։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը