Թե ինչու Ռուբին չի ուզում ԵՊՀ վերադառնալ...

Նստած դաս եմ կարդում, ընթացքում էլ՝ միտք անում: Մտածում եմ, թե ինչի՞ պիտի ԱՄՆ-ում կրթության մակարդակով 50-ից 44-երորդ տեղում գտնվող նահանգի շարքային community college-ի կրթության որակը մի քանի անգամ բարձր լինի, քան Հայաստանի մայր բուհ կոչված ԵՊՀ-ինը:

Gadsden State Community College-ի ու Երևանի Պետական Համալսարան-ի ակնառու տարբերությունները.
1. Առաջին հայացքից դասերը շատ հեշտ են թվում, բայց իրականում կարողանում են ամուր հիմք ստեղծել ու հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ: Էստեղ դասախոսներն ամենաանկապ առարկաներն էլ չափազանց հետաքրքիր ու հավես են անցկացնում, իսկ ԵՊՀ-ում հիասթափեցնում են նույնիսկ ամենահետաքրքիր առարկաներից:
2. Էստեղ չես տեսնի, որ յուր. դասախոս իր կյանքի նպատակը համարի մի ախմախ դասագիրք գրելը. դասագրքերը թանկ են, բայց գիտես, որ խելքը գլխին գիտնականի գրած գիրք է, այլ ոչ թե դասախոսությունների հավաքածու, որտեղ հազարավոր սխալներ կբռնացնես:
3. Էստեղ ուսանողներին չեն դեպրեսում բարդագույն քննություններով. սովորաբար քննությունը տնայիններից ավելի հեշտ է, քանի որ դասախոսը ոչ թե երազում է ցածր գնահատականներ շարելու, այլ ուսանողներին դասը հասկացնելու մասին:
4. Չկան դասախոս-ուսանող չափից դուրս պաշտոնական ու կաշկանդող հարաբերությունները. դասախոսը քո ավագ ընկերն է, ով միշտ կպատասխանի քո էլ. նամակներին ու հարցերին: Թեև դասից դուրս դասախոսիդ կարող ես փաթաթվելով բարևել, բայց հույս չունենաս, որ նման ընկերական հարաբերությունները կես միավորով կբարձրացնեն գնահատականդ:
5. Կաշա՞ռք: Կաշառքն ի՞նչ է: Միգուցե դա այն ընթրի՞քն է, որն ունենում ես դասախոսիդ և նրա ընտանիքի հետ (ստացվեց իրանք են ինձ կաշառում :-D )կամ այն շոկոլադը, որով հյուրասիրում ես նրան:
6. Քննությունդ ուզածիցդ ցա՞ծր ես ստացել, դասից ուշանալու պատճառով միավո՞ր կորցրել, խնդրեմ, դասախոսը քեզ բազմապիսի կամավորական աշխատանքներ ու գիտական միջոցառումներ կառաջարկի, որոնց միջոցով կարող ես մի քանի միավոր վաստակել, հետն էլ՝ շրջապատին օգուտ տալ: Դասախոսը նպատակդարված չէ գնահատական գցելու, գերազանցները հաշված չեն, կարևորը՝ ուսանողը դատարկ չհեռանա դասասենյակից:
7. Դասի հենց առաջին օրը ուսանողներին դասացուցակներ են տրվում, որտեղ մանրամասն գրված են առաջինից մինչև վերջին օրվա դասախոսությունները, քննությունների օրերը, ինչպես նաև՝ դասախոսի հատուկ պահանջներն ու դասը վարելու մեթոդները: Իսկ ԵՊՀ-ում քննությունից մի երկու շաբաթ առաջ էինք իմանում դրա մասին:
8. Էստեղ աննպատակ ուսանողներ չկան. մարդիկ սեփական քրտինքով են վճարում համալսարանի վարձը, հետևաբար ոչ մեկի դասի չի գալիս, որ հետո դիպլոմը օժիտ տանի կամ դրանով գլուխ գովա: Դասի գալիս են սովորելու, այլ ոչ թե աղջիկ կպցնելու կամ իրենց ցուցադրելու համար:
9. Դու ինքդ ես կազմում քո դասացուցակը, այլ ոչ թե պարտադրվում գլուխ ցավեցնել անկապ ու անիմաստ առարկաների պատճառով:
10. Ուսանող լինելով դու մի մարդ ես, ով բացի պարտականություններից, ունի նաև իրավունքներ ու մի շարք արտոնություններ, էլ չեմ ասում լիքը կրթաթոշակների հնարավորությունների մասին:

Դե հիմա հասկացեք, դե ինչի՞ է ամեն անգամ լացս գալիս, երբ հիշում եմ, որ ԵՊՀ պիտի վերադառնամ:
Գադսդե՜ն, ի՞նչ կլինի արի քեզ դասախոսախառն Հայաստան տանեմ: :-)

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը