Bible belt-ն ու հերետիկոսը

Միացյալ Նահանգների հարավ-արևելքը և կենտրոնական հարավը հայտնի են որպես "Bible belt"՝ «Աստվածաշնչյան գոտի»: Իմ սիրելի Ալաբաման ամենահավատացյալ նահանգն է. բնակչության ընդամենը հինգ տոկոսն է, որ ոչ մի կրոնական կազմակերպության անդամ չէ, դե դուք պատկերացրեք մնացածը: Ամեն քայլափոխին մի եկեղեցի կտեսնես. եկեղեցին էլ մի եկեղեցի լինի, տափակ շենք է՝ գլխին մի խաչ, միայն կաթոլիկ եկեղեցիներն են ավանդական, գմբեթավոր կառույցներ: Միշտ ցանկացել եմ հաշվել եկեղեցիները, բայց միշտ կորցրել եմ հաշիվս, էնքան շատ են...
Դե քաղաքացիական պատերազմների ժամանակ, երբ վերացավ ստրկատիրությունը, հարուստ ֆերմերները սնանկացան, ու երբեմնի զարգացած Հարավը դարձավ ամենաաղքատն ու հետամնացը, և առանց ստրուկների աշխատող ուժի, Հյուսիսի ճնշման տակ, մարդիկ սկսեցին կուրորեն հավատալ... 
Բայց հիմա էդ կույր հավատը դարձել է ֆանատիզմ...


Ասես ալտերնատիվ ռոք համերգ լիներ, միայն թե սովորական տեքստի փոխարեն « Ջիսը՜ս, ջիսը՜ս» էին երգում: Մարդիկ նստած էին կիսաշրջանաձև շարված աթոռներին ու ձեռքերը երկինք պարզած ձայնակցում էին երգչին: Բեմի վրա մի ճաղատ, բարետես արտաքինով տղամարդ էր՝ հագին վանդակավոր վերնաշապիկ, քրքրված ջինս ու սպորտային կոշիկներ: Ակուստիկ կիթառ էր նվագում, բայց բեմի ետևում էլէկտրոկիթառ, բաս կիթառ ու հարվածային գործիքներ կային:
Աչքերս տրորելով հետևեցի ուղեկցիս՝ կորդինատորիս և պատմությանս դասախոսի որդուն, որն ինձ ուղեկցեց ծնողների մոտ: 
Ահավոր հոգնած էի՝ երեկ հագեցած օր էի ունեցել, ու կորդինատորիս գրելուց հետո ուղիղ տաս րոպեում հասցրել էի անկողնուցս վեր կենալ, լվացվել, հագնվել ու սենյակից դուրս թռնել, ուստի նույնիսկ Հիսուսին փառաբանող երգը ընտիր օրորցային էր:
Երգի ավարտից հետո սկսվեց աղոթքը, ու նկատեցի, թե ինչպես մի 60-65 տարեկան մարդ մեջքի վրա պառկեց գետնին, աչքերը փակեց ու սկսեց պարբերաբար ցնցվել: Առաջ լիներ աչքերս չորս առաջ նրան կնայեի, բայց հիմա արդեն սովոր եմ ամեն կարգի անսովոր ու տարօրինակ բաների: Ուղեղս էլ սկսում էր քիչ-քիչ կտրվել ինձ շրջապատող ամեն ինչից ու նույնիսկ քարոզչի մոլեռանդ ձայնը ինձ չէր կարողանում կենտրոնացնել իրենց տափակ աղոթքի վրա: Կես ժամվա ընթացքում հասցրի հաշվել երկու ամսվա ծախսերս, մտովի դինամիկայի մի երկու խնդիր լուծեցի, կազմեցի հաջորդ օրվա պլանը, որն անխոս, չէր կատարվելու...
Բայց դե ինչքան էլ անջատված լինեի, անհնար էր, որ էս խոսքերը չսղոցեին ականջներս ու իմ ուղեղ սողոսկեին.
- Դուք պե՛տք է հավատաք Աստծուն: Հավատա՛ք ու միանա՛ք նրան, վայելե՛ք նրան: Ես կարող եմ ձեր ու Հիսուսի միջնորդը լինել, բայց երբ դուք սկսեք հարաբերություններ ունենալ, ես ձեզ մենակ կթողնեմ: Սիրե՛ք Հիսուսին, կապվե՛ք նրա հետ, վայելե՛ք նրան... 
Քիչ էր մնում ծիծաղից փռվեի գետնին ու սկսեի ցնցվել էն մարդու պես. երևի դա նորմալ կդիտվեր էստեղ: Մի կերպ ծիծաղս ժպիտ սարքելով շարունակեցի զարմանալ մարդկանց ֆանատիզմի վրա: Բարեբախտաբար, իմ կորդինատորը, ով ծագումով ֆիլիպինուհի է և նրա ամուսինը՝ պատմության սիրելի դասախոսս, մղոններով հեռու են ֆանատիզմից: Ուղղակի ամիսը մեկ եկեղեցի են գնում, այնինչ այստեղ բոլորը ամեն կիրակի պարտադիր գնում են, հանդիպում ծանոթներին, զրուցում ու սրճում:

Ֆեյթը (կոորդինատորս) աղոթքի ավարտից հետո ինձ մեր կողքը նստած մարդկանց հետ ծանոթացրեց: Ամուսինը ոնց որ դասական ռոքեր լինել՝ երկար մազեր, բանդանա, լայնոտ շալվար, կինն էլ էր նույն ոճում: Պարզվեց, որ ամուսինը եկեղեցու նվագախմբում էլեկտրոկիթառ է նվագում, կինն էլ՝ հարվածային:
Հետո ինձ պաստորի մոտ տարավ: Պաստորը գետնին պառկած ու ցնցվող այն մարդն էր... Ինչպես և սպասում էի, հավեսին ու էներգետիկ մարդ էր, շուրջ դրական աուրա տարածող: Հարցրեց ինձ, թե կարո՞ղ է օրհնել: Չգիտեմ, թե որերո՞րդ անգամ ու ի՞նչ կրոնի ներկայացուցչի կողմից էի օրհնվում, բայց դե դրանից երբեք չեմ հրաժարվում. մարդիկ լավ բաներ են մաղթում, ինչի՞ մերժեմ: 
Կանգնեց դիմացս, բռնեց ձեռքերս ու երկար ժամանակ ոչինչ չէր խոսում, հետո ձեռքերս թողնելով ասաց, որ չի կարողանում հոգիս գտնել, որ օրհնի: Անհոգի չեմ, ժպտացի, ժպտաց, նորից բռնեց ձեռքերս ու էս անգամ ինչ-որ վիբրացիա զգացի ամբողջ մարմնովս: Լավ-լավ բաներ ասաց, հետո էլ գրկեց հրաժեշտ տվեց ու դուրս եկանք:
Մի քանի րոպե անձրևի տակ քայլելով ու ուշքի գալով էս րիտուալից, հասանք կայանատեղ, որտեղ Դոկտոր Դոբբսը (պատմության դասախոսս) ու նրա տղան սպասում էին:
Հանրակացարանի ճանապարհին նրանք որոշեցին, որ քաղցած են ու ինձ էլ մեքսիկական ռեստորան հրավիրեցին: Բնականաբար, չհրաժարվեցի: Պատկերացնու՞մ եք՝ ի՜նչ կայֆ զգացողություն է, երբ քո ամենասիրելի դասախոսը քեզ իր ընտանիքի հետ ռեստորան է տանում: 
Լանչի ընթացքում մի քիչ ԱՄՆ-ի պատմությունից խոսեցինք, հետո անցանք ուտելիքների տարբերությանը, ու դկ. Դոբբսը հանկարծ կարոտով լիբանանյան քաղցր սուջուխը հիշեց: Ինքն իր PhD-ն Լիբանանի մասին է արել ու թեման լավ ուսումնասիրելու համար ընտանիքով մի տարի էնտեղ են ապրել: Էնպես որ կորդինատորս նույնիսկ փախլավա սարքել գիտի.. 
- Իսկ ես Հայաստանի պրեզենտացիայի համար սուջուխ էլ եմ բերել: Թողել եմ Էվելինի սառնարանում, որ հանկարծ չուտեմ: 
- Ու՜խ, Ռուբի՛, դու երբևէ եղած ամենալավ պրեզենտացիան ես ունենալու...

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը