Հարավը

Երկու Ամերիկա գոյություն ունի. մեկը մեգապոլիսների ու երկնաքերերի երկիրն է, մյուսը՝ ֆերմաների ու ձիերի: Մեկը McDonald's-ների ու Starbucks-ների Ամերիկան է, մյուսը՝ ռոդեոների ու կավբոյների: Մեկը չոր ու սառը յանկիների երկիրն է, մյուսը՝ տաք ու ջերմ հարավցիների, որ երբեք չեն թողնի, որ դու քեզ մենակ կամ օտար զգաս տանից էսքան հեռու լինելով:
Գալուցս առաջ, երբ իմացա, որ Ալաբամա եմ գալու, շատ էի տխրել, քանի որ Միացյալ Նահանգներն ինձ համար Մանհեթենն ու Մայամին էին, Չիկագոն ու Լաս Վեգասը: Իսկ ես պիտի գնայի Հարավ, այնտեղ, որտեղ մարդիկ պայքարում էին ստրկատիրության համար...
Ինձ ասում էին, որ չերազես, թե կինոների միջի ԱՄՆ-ն կտեսնես, չերազես, որ մարդիկ դատարկ ժպտալուց բացի ուրիշ բանով կօգնեն քեզ, բայց արի ու տես, ես մի Ամերիկա գտա, որի գոյության մասին չգիտեի:
Թող շատերն ասեն, որ Ալաբաման գյուղ է, թող ասեն, որ հետամնաց Հարավն է, ես կհամաձայնեմ:

Իրենք հանդիպածս ամենաջերմ ու բարի մարդկանցից էին: Դե ինչպե՞ս կարող են բարի չլինել այն մարդիկ, ովքեր փողոցում թափառող ոչ մի շունիկի ու փիսիկի անօթևան չեն թողնի, ովքեր երեխաների պես սիրում են իրենց յոթ ձիերին, խնամում այծիկներին ու չեն էլ մոռանում իշուկի մասին: Ամբողջ օրը ֆերմայում, հեռու քաղաքից ու աղմուկից, էս մարդիկ ոտքից գլուխ սիրտ են: 
Ալաբամացի տատիկիս՝ Էվելինի հետ իր հաշմանդամություն ունեցող ընկերուհուն այցելելու էինք գնացել, որը նոր էր դուրս գրվել հիվանդանոցից: Ինչ խոսք, չէի ուզում գնայի չոլերում գտնվող այդ տունը, բայց գիտեի, որ նա ինձ տեսնելով շատ կուրախանա ու գնացի: Գնացի ու մենակ ու լքված տան փոխարեն անտառի մեջ մի սիրուն տնակ տեսա, դիմացն էլ երեք սիրուն ու պայծառ ձի: Հարևաններինն էին...
Տատիս ընկերուհին՝ Թոմին, իմանալով որ ձիեր շատ եմ սիրում, զանգեց ձիերի տիրոջը, որը փաստորեն իր զարմուհին էր: Ու այդ զանգն էլ եղավ իմ մուտքը Լարկի ու Ռենդիի ֆերմա: 

Երբ երկու շաբաթ անց կրկին իրենց մոտ գնացի, կակաոյի գույնի ձիուկը հեռվից տեսնելով ինձ խրխնջաց. կարոտել էր: Լարկն ու Ռենդին էլ ուրախացան, որ կրկին իրենց հյուր եմ եկել: Գլխիս չափը վերցրին, որ ինձ համար կավբոյի գլխարկ գտնեն, հետո էլ խոստացան, որ ինձ ռոդեոյի կտանեն:



Կարծում էի՝ ոչ գլխարկի մասին կհիշեն, ոչ էլ ռոդեոյի: Բայց արի ու տես, նախորդ շաբաթ իմ սիրուն գլխարկը նվեր ստացա, իսկ այսօր նրանք արդեն հանրակացարանի մոտ սպասում էին, որ ռոդեոյի գնանք: Ճանապարհը երկար էր, երկար խոսեցինք.

- Դե մի տղա ես ունեմ, երկու որդի էլ ամուսինս: Իսկ միասին մի որդեգրված տասնութամյա աղջիկ ունենք:
Ժպտաց... Զարմացած իրեն նայեցի, ախր երբեք չէին ասել, որ աղջիկ ունեն:
- Անունը Ռուբի է, Հայստանից...
Հիմա իմ հերթն էր ժպտալու: Ես շատ էի ասել, որ չեմ ուզում հետ վերադառնալ, իրենք էլ առաջարկեցին, որ ծնողներիս հետ խոսենք ու որդեգրեն ինձ: Դե իրականում կստացվեր, բայց ծրագրիս ու վիզայիս օրենքներից մեկն էլ այն է, որ առաջիկա երկու տարում չեմ կարող ԱՄՆ-ում ապրել: Հետո էլ ասացին, որ եթե ընտանիքս գա, կօգնեն տեղավորվել ու ինձ Շոշոնիի պես ձիուկ կնվիրեն:

Վերջը հասանք իմ էդքան սպասած ռոդեոյին: Քանթրի երաժշտություն, կավբոյներ, ձիեր, ցլեր... Ցուրտ էր, ես էլ՝ բարակ հագնված, բայց ընթացքում դասական ռոքի լավագույն երգերն էին հնչում, ես էլ թռվռում էի, գոռում ու նայում: Տաք շոկոլադ, խնձորով ու դեղձով պիրոգ, ԱՄՆ դրոշ ու կավբոյներ. մի տեսակ թվում էր, որ ինչ-որ վեստերն կինոյի մեջ եմ, ոչ թե իրականության: Համ էլ հասկացա, որ ոչ մի ֆիզիկոս, ես ուզում եմ cowgirl դառնալ:  
Դե Թեքսաս չենք դառնա, բայց դե լավն ենք էլի: 

Բայց ինչքան էլ հիացած ու ուրախ լինեմ, մեկ է, տխրում եմ վերջում: Կարոտելու եմ էս ամենը, կարոտելու եմ էս մարդկանց: Հայաստանից գալիս կարոտ չկար, որովհետև գիտեի՝ հինգ ամսից հետ եմ վերադառնալու, բայց հիմա, երբ գիտակցում եմ, որ միգուցե էլ երբեք չվերադառնամ իմ sweet home Alabama, ինչ-որ ծակող բան եմ զգում սրտումս...

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը