My Faith - Իմ Ֆե՞յթը, թե՞ բախտը

Երբ պրոֆեսսոր Պաուլայի հետ եկանք քոլեջ, իմ մյուս խորհրդատուն՝ Ֆեյթ Դոբբսը, սպասում էր էնտեղ: Ֆեյթի հետ շատ էի ինտերնետով խոսել, համարյա ամեն օր նամակախեղդ էի անում, բայց ինքը արագորեն ու բովանդակալից պատասխանում էր: Իսկական Ֆեյթն իմ պատկերացրածից ավելի երիտասարդ, աշխույժ ու լավն էր:
Քոլեջով մի փոքր էքսկուրսիա արեց, հետո ինձ տուն տարավ: Մի գիշեր պիտի իր սկեսրոջ տանը մնայի, որովհետև իմ տանտիրուհու տանիքը կաթում էր, իսկ իրենց տանը վերանորոգում էր:

Պարոն Դոբբսը 80 անց տղամարդ էր, բայց տարիքից նույնիսկ 60 էլ չէիր տա: Քաղաքից դուրս մի մեծ սպիտակ տանն էր ապրում: Իր կինը, ում հետ 65 տարի ապրել է, մահացել էր մի քանի ամիս առաջ, ու հիմա վաճառում էր առանձնատունը: Դոբբսի տանն ինձ առաջինը Ռոքսին ողջունեց. պստո շունիկը, ով ինձ էնքան էր սիրել, որ ամբողջ օրը հետևիցս էր վազում, իսկ հետո՝ դժվար անունով կատուն: Ֆեյթն ինձ առաջարկեց ընտրել երեք ազատ սենյակներից մեկն ու իրերս թողելուց հետո գնացինք նոր ճամպրուկ առնելու:

Ճամպրուկ առնելուց հետո ինձ տարավ քաղաքի մեծ սուպերմարկետանման տեղ՝ walmart, իսկ հետո՝ կոշիկների ու շորերի խանութներ: Ինձ համար իրոք տարօրինակ էր, որ ակադեմիական խորհրդատուն կարող է նաև խորհուրդ տալ, թե ինչ կեդեր գնալ:Երբ վերադարձանք, պարոն Դոբբսն արդեն եկել էր զբոսանքից: Եկել էին նաև Ֆեյթի ամուսինն ու դուստրը՝ ինձ հետ ծանոթանալու: Էստեղ՝ Հարավում, Լոս Անջելեսի ու Նյու Յորքի պես չէ ու Հայաստանից հյուր ունենալը էկզոտիկ երևույթի:

Ֆեյթն ու իր ամուսինը Լիբանանում էին եղել ու ծանոթ էին էնտեղի հայ համայնքի հետ, բայց էլի կարծում էին, որ մենք մուսուլմանական երկիր ենք:
Լինելով հերետիկոսի մեկը, միշտ հպարտությամբ եմ նշում, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է: Դոբբսերն ահագին ուրախացան էդ փաստից, որովհետև դասական հարավցու նման, չափազանց հավատացյալ են: Ահագին պատմեցի Հայաստանի մասին, քարտեզի վրա ցույց տվեցի ու չիրով կոնֆետներ հյուրասիրեցի: Մոտ մեկ ժամ անց էլ հայտնաբերեցի, որ ավագ Դոբբսը մի հատ մեծ հանրագիտարանում Հայաստանի մասին է կարդում: Շատ ուրախացա, երբ ասեց, որ կուզենար Հայաստան այցելել...

Հետո Դոբբսն առաջարկեց աստիճանների տակի մեծ սենյակում քնել: Միանգամից թռա էնտեղ, որովհետև միշտ երազել եմ նման սենյակ ունենալ: Միանգամից քնել չստացվեց, որովհետև մեջքս ու վիզս ահավոր ցավում էին՝ հսկա ճամպրուկն ու ուսապարկը քարշ տալու պատճառով:
Իսկ առավոտյան ժամը 5-ին արթնացա, հրաժեշտ տվեցի պարոն Դոբբսին ու Ռոքսիին և Ֆեյթի հետ գնացի Բիրմինգհամի օդանավակայան՝ չիլիացի Ռոդրիգոյին Իլինոյս ճանապարհելու: 

Խորհրդատուս առիթը բաց չի թողնում տարբեր տեղեր տանելու ու ամեն ինչ պատմելու համար...

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը