Rainbow city

Անգլերենի քննությունից հետո ինձ վերցնելով, միսս Էվելինն ասաց, որ անակնկալ ունի ինձ համար: Իմ սպասումների համաձայն ինչ-որ տեղ տարավ, որտեղ ինձ պետք է ծանոթացներ իր ընկերուհիների՝ մինչև 90 տարեկան ծեր, ֆանատիկ հավատացյալ կանանց հետ: 
Նայում էի ինքս ու ինձ ու մտածում՝ ի՞նչ էի, ի՞նչ դարձա: Ամբողջ օրը դրսում թափառողից ծեր տիկնոջն ուղեկցող խելոք աղջնակ էի դարձել: Բայց փաստորեն անակնկալն ամենևին էլ 90-ամյա դողդոջուն տատիկները չէին, այլ այն գեղեցիկ շենքը, որի դիմաց քաղաքի խորհրդանիշը՝ ծիածան էր դրված: Rainbow City-ի քաղաքապետարանում փոքրիկ էքսկուրսիա էր պատրաստել ինձ համար:



Թեև տանտիրուհիս միսս Էվելինը, յոթանասունն անց, մեթոդիստական եկեղեցուն նվիրյալ կին է, բայց պարզվում է, լավ էլ կապեր ուներ քաղաքապետարանում: Ներքևում ինձ ներկայացնելուց ու վաուների հերթական դոզան ստանալուց հետո վերև բարձրացանք: Առաջինը մի սենյակ գնացինք, որտեղ քաղապետարանի գլխավոր ինժեներն էր և մեկ էլ չաղլիկ, ժպտերես ու կարմրադեմ մի մարդ: Ինժեների հետ նախորդ օրը ռեստորանում էինք ծանոթացել, իսկ հաստլիկն ինձ հավեսով գրկելուց հետո որպես շերիֆ ներկայացավ: Շերիֆ կոչեցյալը թղթե խողովակով հարվածում էր միսս Էվելինին ու գոռգոռում, որ գրկի իրեն: Իսկ տանտիրուհիս ինձ շերիֆի հետ հատուկ պատճառով էր ծանոթացրել:
Երբ նոր էի իր տուն եկել, հայտնել էի, որ ուզում եմ կավբոյի հանդիպել ու հիմա նա ինձ շերիֆի մոտ էր բերել, որպեսզի վերջինս իմ համար կավբոյ հայթայթի:  Երկար փնտրտուքներից հետո, երբ ոչ մի կավբոյ չգտանք, շերիֆը ուղղեց ատրճանակը, գլուխը հպարտ բարձրացրեց ու հայտարարեց.
- Ի՞նչ վատ կավբոյ եմ որ: Մի ինձ նայեք. երիտասարդ, սիրուն, հմայիչ:
Էդ պահին ոնց որ լրիվ Կառլսոնը լիներ: Փորձում էի զսպել ծիծաղս, բայց փռթկացի էդ պահին:



- Ասու՞մ ես Գադսդեն Սթեյթ ես գնալու, հա՞: Դե որ հանրակացարան գնաս, իմ կնոջը անպայման գտի: Իրեն էնտեղ բոլորը «մամա Ջոյս են» ասում: Կարաս գնաս ու ասես, որ էն սիրուն ոստիկանն է քո մասին ասել: Անպայման սառնարան կուզես, մեկ էլ կարաս կնոջս գլխին խաղեր խաղալ: Բայց չէ՜, պետք չի, ինքը լավն ա երբ տանը չի ու խմած չի: Մի խոսքով՝ կգնաս, իմ ազգանունով ում գտնես, կասես որ օգնի քեզ:
Շերիֆի կողքին կանգնած ծիծաղում էի՝ ևս մի անգամ գիտակցելով թե ինչքան բարի ու օգնելու պատրաստակամ են էս մարդիկ, նամանավանդ երբ դու փոքր ես ու արտասահմանցի: 
Շերիֆին մի քիչ էլ լսելուց հետո քաղաքապետի աշխատասենյակ գնացինք: Փաստորեն միսս Էվելինը լա՜վ էլ դեմք է քաղաքում. քաղաքապետի հետ լրիվ տնավարի էին:
Մեր մտնելու պահին քաղաքապետը՝ 40-50 տարեկան հմայիչ ու ժպտերես մի կին, մի քանի մարդկանց հետ քաղաքի հատակագծի վրա կռացած ինչ-որ բան էին քննարկում: Մեզ տեսնելով միանգամից ընդառաջ եկավ, ողջունեց ինձ իրենց քաղաքում ու հաճելի ժամանակ մաղթեց: Մի քիչ զրուցելուց հետո ներողություն խնդրեց և իր գործին վերադառնալով ասաց, որ հաճույքով կընդունի ինձ, երբ ազատ լինի:

Այս էներգիայով լի ու բարեկիրթ քաղաքապետն ինձ տարոնակերպերին, իսկ կատակասեր շերիֆը՝ վովըչկա գասպարյանին հիշեցրեց ու ևս մեկ անգամ առիթ ունեցա գիտակցելու, որ ԱՄՆ-ում մարդիկ մի բան ունեն, ինչը Հայաստանում դեռ երկար կարոտ ենք մնալու: Իրավահավասարություն, ահա թե ինչ: Այստեղ ամբողջ հիվանդանոցի տերը ձեռքով բարևում ու հավաքարարի որպիսությունն է հարցնում, այստեղ քաղաքապետը շինարարներին է օգնում, դրա համար էլ մարդիկ էսքան ուրախ ու բարեսիրտ են:
Էստեղ ոչ մեկ հավաքարարի կամ մատուցողի աշխատանքից չի ամաչում, որովհետև բոլորը բոլորին լավ են վերաբերում:

Ինչևէ, վերջն էս շերիֆս մեզ իր աշխատասենյակ տարավ: Ջուր ու սուրճ հյուրասիրելուց հետո սկսեց դարակները քանդել.
- Քեզ հռչակում եմ Rainbow City-ի «Պատանի ոստիկան»,- հանդիսավոր ասաց՝ ինձ մեկնելով համանուն կրծքանշանը:
- Իսկ սա բաժակիդ կկպցնես, սրանք էլ՝ վերնաշապիկիդ,- մի քանի փոքրիկ տարբերանշաններ էլ մեկնեց:
- Այս ատրճանակն էլ քեզ հանրակացարանում պետք կգա: Հենց մեկը սենյակդ մտնի, այ սենց կանես ու բաբա՜՜՜մ.- էնքան լուրջ ասաց, որ քիչ էր մնում հավատայի, թե ատրճանակն էլ է ինձ տալու:

Ճիշտ է, առանց ատրճանակի, բայց կրծքիս Junior Police փակցրած հպարտ-հպարտ դուրս եկա քաղաքապետարանից: 

Հ.Գ. Ի գլուխ գովում ամենի, հավելեմ, որ մաթեմաթիկայիս ու անգլերենիս թեստերը ամենաբարձր մակարդակն էի հաաել ու առավելագույն միավորները հավաքել: Փաստորեն ես այնքան էլ դեբիլ չեմ, որքան երբեմն ինձ է թվում: Մնում է վաղը մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի հետ հարցազրույցի տակից էլ դուրս գամ: 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը