Էվելին (մաս 1)

Էվելինն այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էի նրան. տանը մնացած տարեց օրիորդ էր՝ նիհար ու չոր, ամերիկացիների ֆիրմային լայն ժպիտներից էլ չուներ: Խորհրդատուիս՝ Ֆեյթի, դիմացի հարևանն էր, ու ես պիտի նրա տանը մնայի մինչև հանրակացարանի բացվելը: 

Փոքր ժամանակ շատ էի ամերիկյան սարսափ ֆիլմեր նայել ու առանձնատան մուտքի մոտ կանգնած, աչքիս առաջ էին գալիս բոլոր սարսափելի սցենարները: Տանն ինչ-որ բան կար, որ ճնշում էր ինձ. չգիտեմ ամենուր դրված խումբ-խումբ աղոթող հրեշտակնե՞րն էին, թրի պես գլխավերևումս կախված խաչե՞րը, հսկայական մոմե՞րը, թե՞ աստվածաշունչների ահռելի բանակը: Մի խոսքով, վամպիր, վհուկ ու հերետիկոս Ռուբին պատրաստվում էր ապրել բապտիստական եկեղեցում:
Ինչպես և սպասում էի, միանգամից կրոնից խոսք գնաց: Հավատալիքներիս, ավելի ճիշտ՝ չհավատալիքներիս մասին չէի ուզում պատմել, բայց Ֆեյթն ասաց, որ ես աթեիստ եմ: Բայց ես արագորեն ավելացրի, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որովհետև վախենում էի, որ նա սովատանջ կանի անհավատ էակին: Ահագին ժամանակ պետք եղավ, որպեսզի հարմարվեմ այն փաստին, որ տան հսկայական գրադարանի 99 տոկոսը աստվածաշնչերի տեսականի է, ընդ որում՝ կանացի, ամենօրյա, աֆորիզմների, սիրային... Դրան գումարած, աստվածաշունչներն ու քրիստոսները նույնիսկ զուգարանում էին հարմար տեղավորվել:

Բայց ես, ինչքան էլ հիստերիկ ու կամակոր լինեմ, տարօրինակ կերպով բոլոր տեսակի մարդկանց հետ լեզու եմ գտնում: Միսս Էվելինի «աչքը մտա», երբ պատմեցի, որ Հայաստանում կամավորական աշխատանք եմ շատ արել: Լինելով չամուսնացած ու քրիստոսի հետ նշանված կին, ինքն իր կյանքի մայրամուտն անց է կացնում բարեգործություն անելով: Երբ իմացավ, որ հաշմանդամ երեխաների հետ աշխատելու փորձ ունեմ, հարցրեց թե արդյոք կուզենամ իր ընկերուհի միսս Թոմմիին տեսնել, ով ինչ-որ տարօրինակ հիվանդությամբ է տառապում:
Պիտի Գադսդենի հիվանդանոցի վերակենդանացման բաժին գնայինք, ու ես միսս Էվելինի ֆանատիկ հավատը հաշվի առնելով, հույս ունեի, որ ինքը մեքենա չի ունենա ու մի քիչ կքայլեինք այս փոքրիկ քաղաքում, որտեղ անզեն աչքով հետիոտներ չես գտնի: Բայց արի ու տես, միսս Էվելինը մեկի տեղը երկու մեքենա ուներ:  Նստեցինք սպիտակ Լեքսուսն ու գնացինք: 

Ինչպես և միսս Էվելինը ենթադրել էր, միսս Թոմմին շատ ուրախացավ ինձ տեսնելով: Նրա մոտ 30 տարեկանից սկսած մի հիվանդութուն էին գտել, որի պատճառով մահացել էին նրա ընտանիքի բոլոր անդամները: Թոմմիի կերակրափողը հեռացված էր և կոկորդում երկար խողովակ էր տեղադված: Վզի վրա խողովակն անցք ուներ, որի վրա դրվող սուլիչի նման սարքը բարձրացնում էր Թոմմիի արտաբերած հնչյունների ձայնը՝ փոքր-ինչ հասկանալի դարձնելով դրանք: Բացի այդ, Թոմմիի մարմինը համարյա անզգայացած էր: Անվասայլակով էր, մատները չէին շարժվում, բայց ձեքերը մի կերպ շարժելով կարողանում էր միայնակ ուտել իր ընթրիքը: 
Ինձ ներկայացնելիս միսս Էվելինն ասաց, որ ես pretty, cute and brave little lady (պուպուշ ու խիզախ փոքրիկ լեդի ), որ աշխարհի ծայրից այստեղ սովորելու է եկել: Թոմմին շատ ուրախացավ և խնդրեց գրել իմ ու իմ երկրի անունը իր նոթատետրում, որում նրա թելադրածն էին գրում բժիշկների համար: Էվելինը Թոմմիին պատմեց իմ երկրի քաղցր մրգերի ու մամայիս սարքած չիրերի մասին և խոստացանք հաջորդ այցին նրա համար էլ բերել:
Թեև Թոմմին էլ էր Էվելինի պես և հիվանդասենյակում հիսուսներ ու աստվածաշունչներ էին, բայց ինքն էլ ինձ շատ դուր եկավ՝ մասնավորապես այն մեծ կամքի ուժով, որով պայքարում էր իր կյանքի համար: Էվելինն էլ է հարգանքի արժանի այն փաստի համար, որ միշտ այցելում ու խնամում է իր վաղուցվա ընկերուհուն...

Վերադարձին ինձ համար յոգուրտ, շոկոլադ ու մրգեր գնեց, հետո՝ ընթրելու տարավ:
Իսկ այսօր առավոտյան ասաց, որ չգիտի, թե իմ կրոնն իրենից ինչ է ներկայացնում, բայց որ ես շատ լավն եմ, դա հաստատ գիտի: 

Հ.Գ. Սկսել եմ թեթև տանել ինձ շրջապատող հիսուսների գոյությունը: Միսս Էվելինն, իրոք, շատ լավն է:

Հ.Հ.Գ. Նոր մտա մեյլս ստուգելու, միսս Էվելինի մեյլն էր բաց ու նա "Potato chips and God" վերնագրով նամակ էր ստացել:

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը