Աստված իմ պես հերետիկոսին էլ օրհնեց

Շաբաթ առավոտյան զարթուցիչս կրկին ժամը 7-ին զնգաց: Հարևանը բարեբախտաբար չէր անջատել իր վայ-ֆայ մոդեմն, ու ես տանից դուրս գալուց առաջ կարողացա ֆեյսբուք ու Ակումբ մտնել: Պիտի գնայի տեղի եկեղեցիներից մեկը, որպեսզի կամավորական աշխատանք կատարեի:
Միսս Էվելինն ինձ եկեղեցի տարավ, իր հեռախոսահամարը կազմակերպչին տվեց ու գնաց: Մնացի լիքը անծանոթ մարդկանց հետ մի մե՜ծ սենյակով, որը լի էր հացերով ու զանազան ուտելիքներով: Աշխատանքը կայանում էր նրանում, որ պետք է սնունդը դասավորեինք արկղերի մեջ ու բաժանեինք աղքատ ընտանիքներին:
Քանի որ արդեն սովոր եմ ինձանից տարիքով շատ մեծ մարդկանց շրջապատում գտնվելուն, ինձ ամենևին էլ չզարմացրեց, որ ես էի այդտեղի միակ «փոքրիկը»: Բայց դե էս հարավցիները ընդհանրապես չեն թողնում, որ դու իրենց շրջապատում քեզ մոլորված ու օտար զգաս: Իմանալով որ ես առաջին անգամ եմ ԱՄՆ-ում ու «Արմենիա» կոչվող ինչ-որ էկզոտիկ երկրից եմ, բոլորը գրկում ու շնորհակալություն էին հայտնում, որ իրենց օգնելու եմ եկել: Իրականում ես ոչ միայն չեմ սիրում, այլև վատ եմ զգում կրոնական կառույցների հետ կապ ունենալուց, բայց էս մարդիկ՝ կրոնական ֆանատիկներ լինելով հանդերձ, մի անբացատրելի բարի ու դրական էներգիա ունեն, որ ստիպում է սիրես ու հարգես իրենց:
Մի խոսքով, կրծքիս փակցնելով «My Name is Ruby» գրությունը, գործի անցա: Իմ խնդիրը կայանում էր նրանում, որ լիքը արկղերի միջից պետք է ընտրեի երեք տարբեր տեսակի հաց ու մի կապոց սարքեի դրանք: Ռուբին էլ դե երկար ժամանակ պարապ էր մնացել ու լիքը էներգիա ուներ կուտակած, ուստի մինչև մյուսները մի տոպրակ էին կապում, ես մի տաս հատ վերջացնում էի հերիք չի, դեռ հասցնում էի նաև դասավորել ու արկղերը տեղափոխել: Բոլորն ասում էին.
- Ռուբի, կայծակի պես արագ ես:
Դե արի ու ես մարդկանց բացատրի, որ ոնց որ ձեր աստվածը Հիսուսն է, իմն էլ էն կրակի, կայծակի ու ամպրոպի աստված Թորն է: 
Մեկ էլ երբ հերթական տոպրակն էի կապում, բարեգործության կազմակերպիչը՝ Սենդին, ինձ ձայն տվեց:Գնացինք այն սենյակը, որտեղ պահածոների տարաներն ու դատարկ արկղերն էին շարված: Սենդին իր մի կողքին ինձ կանգնեցրեծ, մյուս կողքին էլ՝ կորեացի Միյային, հետո բոլորը պահածոների շուրջ շրջան կազմեցին, իրար ձեռք բռնեցին, Սենդին էլ հանեց իր IPhone-ն ու սկսեց աղոթք կարդալ: Նման պահերին ես շրթունքս ուժեղ կծում եմ, բայց ոչ դե ջղայնությունից, այլ ուղղակի փորձում եմ ծիծաղս զսպել: Ախր էնպիսի տպավորություն էր, ասես էդ մարդիկ ոչ թե Հիսուսին էին երկրպագում, այլ կանսերվաներին ու անանասի կոմպոտներին: Աղոթքի ավարտին բոլորով զիլինայի պես պտտվեցին, հետո եկավ խառը գրկախառնությունների պահը: Մի պուճուր-մուճուր տատիկ գրկեց ինձ, իսկ ես հանկարծ նկատեցի, որ նրա անունը Ռուբի է: Չեմ սիրում, որ ինչ-որ մեկն իմ անունից է ունենում...

Էս արարողությունից հետո ավելի մեծ եռանդով թռա աշխատելու, որովհետև վախենում էի, որ էլի ինձ աղոթել ստիպեն: Մինչ ես վերջացնում էի հացի կապոցներն անելը, աղքատների հոսքը շատանում էր: Զարմանալի էր նկատելը, որ նրանք բոլորը պարտադիր հսկայական տատուներ ունեին իրենց մարմնի տարբեր մասերին: Ու եթե Հայաստանում աղքատները խեղճ ու կրակ տեսք ունեն, ապա էս մարդիկ ուղղակի ջղային ու տարօրինակ էին: Տարօրինակ էին, որովհետև չէին ժպտում...
Արկղերը կապելուց հետո հետս աշխատող կորեացի աղջիկն ինձ հրաժեշտ տվեց ու գնաց, բայց ես ինչ-որ չէի ուզում գնալ: Վերջացնելուց հետո էլ Սենդիի ամուսինը եկավ գրկեց ինձ ու ասաց, որ ես իրենց երբևէ ունեցած ամենաարագ ու ամենալավ աշխատող կամավորն եմ: Այս խոսքերը օրվա ընթացքում դեռ շատ լսեցի՝ տարբեր մարդկանցից:  
Երբ պարապ թափառում ու մարդկանց էի զննում, նկատեցի, որ Սենդիի ամուսինն ու որդին արկղերը մեքենաների մեջ են տեղավորում: Ներս մտնելուց, մարդկանց կտրոններ էին տալիս, հետո նրանք քայլում էին սրահով, հագուստից, գրքերից ու այլ իրերից իրենց անհրաժեշտ բաներն ընտրում, հետո դուրս էին գալիս, նստում մեքենան, մոտենում հետնամուտքին ու իրենց կտրոնը տալով, ստանում էին սնունդի արկղը:
Ես էլ պարապ չմնալու համար գնացի ու սկսեցի արկղեր տեղափոխել ու դնել մեքենաների մեջ: Բոլոր աղքատ ընտանիքները ինձ ժպտում էին, շնորհակալություն հայտնում ու ասում՝ «Աստված օրհնի»:
Հավատացե՛ք, նույնիսկ իմ պես կրոնատյացի համար այդ խոսքերն ամեն ինչ արժեին, որովհետև անպատմելի, անբացատրելի հավես զգացմունք է մարդկանց օգնելը: Ընդհանրապես ասած, ես կամավորական աշխատանք անել շատ եմ սիրում, որովհետև երբ քեզ ոչ մի դրամական վարձատրություն չեն տալիս, դու ավելի երջանիկ ես զգում ինչ-որ լավ բան անելով:
Սենդիի ամուսինն ասում էր, որ Հիսուսը կփոխհատուցի իմ ժրաջան աշխատանքի համար, բայց քավ լիցի, ես փոխհատուցում չեմ ուզում, կարևորն էն ժպիտներն էին, որ ես մարդկանցից էի ստանում:


Ի դեպ, արկղեր կրելու արանքում չէի մոռանում մարդկանց Հայաստանի մասին պատմել: Մեկ էլ հասկացել եմ, թե էս հարավցիներին ոնց «ստիպեմ» Հայաստանով հետաքրքրվել. հերիք է ասել, որ մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք ու հինավուրց եկեղեցիներ ունենք ու վերջ՝ իրենք սկսում են ճամպրուկները հավաքել, որ իմ հեռավոր երկիրն այցելեն:

Վերջում էլ Սենդին ու իր ամուսինը մոտեցան ինձ, Սենդին ձեռքս բռնեց, իսկ ամուսինը՝ ձեռքն ուսիս դրեց, երկուսով աչքերը փակեցին ու սկսեցին աղոթել: Էլ ծիծաղս մի կերպ էի զսպում, բայց մտքիս մեջ էլ նյարդայնանում էի ինձ վրա. ախր էս մարդիկ իմ լավն էին ցանկանում ու դա իրենց իմացած ճանապարհով էին անում: Ինչ ուզում է լինի, հրաշք մարդիկ էին. հերիք չի 25 տարի սննդի հանգանակությունն են կազմակերպում, դեռ մի բան էլ՝ այդքան բարի են բոլորի նկատմամբ:


Մի խոսքով, շա՜տ գժանոց ու դրական օր էր, հաշվի առնելով նաև այն փաստը, որ երբ միսս Էվելինը եկավ, բոլոր կամավորներն անխտիր մոտեցան իրեն ու ասացին, որ սիրահարվել են փոքրիկ, հրաշք Ռուբիին:

Հ.Գ. Իմ ինքնագնահատականը կտրուկ բարձրացել է էս մի շաբաթվա ընթացքում: Ախր էնքան են էս մարդիկ ինձ գովում ու կոմպլիմենտներ շռայլում, որ ես էլ եմ սկսել հավատալ, որ խելացի, սիրուն, քաղցր ու բարի աղջնակ եմ:
Ու նաև շա՜տ երեսառած: 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը