Honeymoon-ի ու Homesickness-ի միջև

Վաշինգտոնում թրեյնինգների ժամանակ մի սինուսոիդ նկարեցին ու ասացին, որ այդպիսին է լինելու մեր տրամադրությունը Միացյալ Նահանգներում: Սկզբում հիացած ու զարմացած ենք լինելու, ձգտելու ենք բացահայտել ու հասկանալ ամեն ինչ. այդ ժամանակը (Գրաֆիկի մաքսիմումը) կոչում են Honeymoon՝ Մեղրամիս: Իսկ երբ անցնում է մի քանի շաբաթ, արդեն ամերիկյան առօրյան դադարում է քեզ համար նոր, անբացահայտ ու հետաքրքիր լինելուց, դու սկսում ես կարոտել քո երկիրը, ընտանիքին ու ընկերներին, այդ ժամանակ գալիս է Տան կարոտի՝ Homesickness-ի ժամանակաշրջանը (Գրաֆիկի մինիմումը) :
Բայց քաղցն ինձ չթողեց Մեղրամիս ունենալ. ինչքան էլ ամեն ինչ հետաքրքիր ու հավես լիներ այստեղ, միևնույն է ես անկարող էի չկարոտել մամայի սարքած համով ճաշերն ու քաղցր մուրաբաները: Honeymoon չունեցա, որովհետև մինչև գալս լիովին պատկերացրել ու հարմարվել էի այս ամենի հետ, ինչպես նաև՝ այս մեծ, հին ու միայնակ տունը մեղրամիս անցկացնելու լավագույն վայրը չէ: Ճիշտ է, բան չունեմ ասելու, միսս Էվելենը չափազանց բարի ու հոգատար է իմ նկատմամբ, ամեն ինչ անում է, որ ես ինձ ինչպես իմ տանը զգամ, բայց ինձ համար ահավոր դժվար է ամբողջ օրը տան ու մեքենայի մեջ անցկացնել: 

Այսօր տանից դուրս չեմ եկել, պարապությունից թափառում էի տանն ու հաշվարկներ անում: Իմ համեստ հաշվարկներով, հյուրասենյակում գտնվեց 12 հրեշտակ, 13 մոմ ու այնքան հիսուսներ ու խաչեր, որ հաշիվը կորցրի: Իսկ իմ սենյակում 6-ից ավել Աստվածաշունչ կա, մի ամբողջ պահարան կրոնաաղանդավորական գրքեր ու « Հավով սուպ՝ հոգու համար» գրքերի շարքը: Պատերից խաչեր են կախված, ամեն կողմից ինձ հիսուսներն են հետևում, ու ես ինձ մի տեսակ ճնշված եմ զգում այստեղ, եթե ցնդած ֆանատիզմի վրա ծիծաղելու տրամադրություն չեմ ունենում:
Այսօր կեսօրին, երբ պարապությունից քնած էի, բանկից քարտս էին ուղարկել: Միսս Էվելինն այն մի դեղին թղթի հետ սենյակիս դռան մոտ էր դրել: Դեղին թղթի վրա իր ձեռագրով գրված էր.

«Ինչքան շատ եմ բացում իմ սիրտը, այնքան այն ավելի է մեծանում:
Մամա Նելլը ուզում է, որ իմ պաստորն այցելի իրեն: Նա ասաց՝ ասա նրան, որ դա շտապ է: Նա նկատի ուներ, որ լուրջ է:
Home- to the sizeof print
NAKERIA-Tech-At&T
1:10 PM»

Առանց այդ էլ այսօր ինձ ճնշված ու նեղված էի զգում ու դրան ավելացավ նաև այս նամակը: Ո՞վ է մամա Նելլը, ի՞նչ պաստորի է ուզում և ամենակարևորը, ի՞նչ կապ ունեն նրանք ինձ հետ, այդպես էլ չհասկացա: Սկսում եմ կասկածել, որ միսս Էվելինը կրոնական ոտնձգություններ է անում իմ՝ սուրբ հերետիկոսի նկատմամբ: Հիմիկվա տրամադրության մեջ նույնիսկ վաղը եկեղեցի գնալու ու անապահով մարդկանց համար սնունդ փաթեթավորելու ցանկությունը փախավ:

Արդեն 6-րդ օրն է, որ նախաճաշին ելակով ու հաղարջով յոգուրտ եմ ուտում: Վերջին երկու օրերին նաև մոցարելա պանիր է ավելացել, բայց առանց հացի պանիրը նույնն է, ինչպես մալինայի մուրաբան առանց մալինայի: Ճիշտ է, կարող եմ ասել, թե ինչ եմ ուզում, ու միսս Էվելինը կգնի, բայց, հավատացեք, «ուրիշի հաշվին» ապրելը լավագույն բանը չի, որ կարող էր պատահել ինձ հետ: Գիտեմ, որ նրա պարտականությունն է ինձ կերակրել, բայց ախր չեմ էլ կարող իմ ուզածը պահանջել, երբ ես չեմ վճարում:
Ինչևէ, զգացածս Homesickness էլ չես համարի, որովհետև էնպես չի, որ տրամադրությունս մաքսիմումներում էր, հիմա՝ մինիմում ընկավ: Ուղղակի երեկ աչքերս բորբոքվել էին, արյունով լցվել, իսկ ես չգիտեի ինչ անեի այս երկրում, որտեղ դեղերն առանց բժշկի դեղատոմսի չեն տալիս: Մամայիս չէի ուզում գրել, որովհետև չէի ուզում անհանգստանա ինձ համար, բայց հետո հիշեցի, որ ինքը չի մոռացել հետս աչքի կաթիլներ ուղարկել: 
Չնայած էսօր երեկվանից ավելի լավ եմ, բայց հիմա էլ գլխացավեր ու ֆիզիկական թուլություն եմ զգում: Երևի քաղցից է ու տանը երկար մնալուց. սովորաբար եթե ես մաքուր օդի դուրս չեմ գալիս, չեմ թափառում դրսում, սկսում եմ ալարկոտություն ու ֆիզիկական թուլություն զգալ:

Դուրս եմ ուզում, քարից քար թռնել ու վազել այնքան, մինչև շնչակտուր լինեմ: Ես ուղղակի ստեղծված չեմ փակի տակ մնալու ու ռոբոտացված ապրելու համար:
Միակ փրկությունս երկուշաբթին է, երբ կտեղափոխվեմ հանրակացարան: Հիմա երազանքի պես է թվում այն փոքրիկ շինությունը, որ գտնվում է անտառի եզրին, գետի ափին ու որտեղ իմ հասկաակիցներն են լինելու: Լիքը աղմուկ, ծիծաղ, մարդիկ, բնություն, ազատություն...

Հ.Գ. Չէի ուզում, որ բողոքական ու ղզիկ գրառումներով «պղծել» օրագիրս, բայց դե մեկին պիտի պատմեի վերջիվերջո: Բայց հանուն արդարության ասեմ, որ երեկ միսս Էվելինն ինձանից իմ ծնողների մեյլն էր խնդրում, որպեսզի նրանց հայտնի, թե ինչ քաղցր ու լավ աղջիկ ունեն ու կարող են միշտ հպարտանալ ինձանով:

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը