Ուտելիքի պակասը...

Վերջին երկու օրվա ընթացքում համարյա ախորժակ չունեի. էնքան, որ երեկ իմ սիրած սերուցքային տործիկից ընդամենը մի կտոր կարողացա ուտել:
Իսկ էսօր.... Օդանավակայան գնալիս մեքենայում մի տուփ ռաֆայելլո խժռեցի, բայց Վիեննա թռչելիս սովը բռնեց կոկորդիցս ու սկսեց խեղդել: Ու դաժան բախտը որոշեց իմ կողքին նստած ավստրիացի պարոնին էնքա՜ն ախորժելի ուտելիքներով հյուրասիրել, որ ես ուղղակի չդիմացա գայթակղությանն ու վեր կացա տեղիցս, որ չտեսնեմ, թե նա ինչպես է վայելում: Դե դուք պատկերացրեք. մի մե՜ծ աման բանջարեղեն, տաք-տաք հաց, թարմ քամած նարնջի հյութ ու օղի, իսկ մնացածն էլ՝ չհասցրի տեսնել:
Ինքնաթիռում մի քանի անգամ շրջեցի, բայց էս պարոնս չէր ուզում իր նախաճաշն ավարտել: Ես էլ սոված-սոված կուչ եկա նստարանիս, ժամանակ առ ժամանակ նայելով պարոնին: Մեկ էլ հերթական քաղցած հայացքիս ժամանակ ինքնաթիռը թափ տվեց ու նրա հյութով լի բաժակը շուռ եկավ...

Հետո վերջը մեր ուտելիքը բերին: Զզվելիագույն ձվածեղ ու յոգուրտ, որը համով էր, բայց չափազանց քիչ: Զզվանքով ետ հրելով ձվածեղի բլուրը, ևս մեկ անգամ նախանձախառն նայեցի պարոնին, մոտակա դատարկ նստարաններից մի յոթ բարձ հավաքեցի, իմ համար փափու՜կ անկողին սարքեցի, բայց դե սովը քնել չթողեց: Բարձերն էլ էնքան փոշոտ էին, որ ես իմ միալար փռշտոցով խանգարեցի պարոնի կերած-խմած քունը: Իսկ հիմա օդանավակայանում նստած, սովս համացանցով եմ հագեցնել փորձում: Ոչ մի համով ուտելի՛ք: Իսկ իմ ստամոքսն արդեն ինձ յոթ հարկանի հայհոյանքներ է տալիս:
Իսկ դուք ասում էիք չաղանալ...
Մի կտոր հաց լիներ գոնե: Կամ ճամպրուկս մոտ լիներ:
Մուրաբա՜ս, ամենաառաջինը քեզ եմ կարոտեցի:

Վերջապես հասա երազածս Ամերիկան, բայց դեռ ամեն ինչ էդքան էլ երազանքի պես չի:Ինքնաթիռների մեջ հազիվ դիմանալով զզվելի սնունդին, հասա Վաշինգտոնի հյուրանոցը, որտեղ մի քանի որ մնալու ենք։ Ճաշարան մտնելուց ու տեսակ-տեսակ ուտելիքներին նայելուց հետո ինքս ինձ ասացի, որ մի ամբողջ օր սովասատակ լինելու տեղը հանելու եմ, մի քանի աման զանազան ուտելիքներ ու մի քանի տեսակի տորթ վերցրի, բայց բավարար էր մի հատ բերան տալ, հասկանալու համար, որ ավելի անհամ բան աշխարհում չեմ կերել: Լոլիկը, ծաղկակաղամբն ու սպանախը նույն համի են, իսկ չիզ քեյքն էնքան աղի էր, որ մի պուճուր կծելուց հետո դեն նետեցի…Ու քանի որ այս երեք օրվա ընթացքում արգելված է դուրս գալ հյուրանոցի տարածքից, ստիպված եմ բավարարվել ճամպրուկս խցկած քաղցրավենիքով: Մի քանի տուփ M&M's, Kinder ու Rafaello կա վերջնականապես չսատկելու համար: Դե դրանք էլ պրծնեն, նվերների միջի չրերը, սոջուխներն ու կոնֆետները կան ու կան:

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը