Հանրակացարանային ներխուժում

Քնաթաթախ վեր եմ կենում ու դեպի լվացարանն եմ քայլում, մեկ էլ... Մեկ էլ դիմացս մի աժդահա մարդ է դուրս գալիս՝ կապույտ կամբինիզոնով, մորուքով ու ձեռքին էլ մի մեծ մուրճ: Գիշերը, ավելի ճիշտ՝ առավոտյան, ընդամենը երեք ժամ էի քնել, ու լրիվ հնարավոր էր, որ հալյուցինացիա լիներ: Աչքերս նորից ու նորից տրորելուց հետո մարդը չանհետացավ. այլ տարավ-բերեց ծանր մուրճն ու բարեբախտաբար խփեց պատին, այլ ոչ թե գլխիս...
Այդ պահին նկատեցի մյուս երկու աժդահաներին և գործիքներով ծանրաբեռնված սեղանը: Փաստորեն ոչ ոք էլ չէր ուզում սպանել ինձ, բայց մեկ է տարօրինակ էր, թե ոնց էին հայտնվել իմ սենյակում: Երևի ռումմեյթս էր դուռը բացել, երբ ես քնած էի...

Ու հիմա դժոխքն ինքն է իմ սենյակ եկել: Աժդահաները մուրճերով ու զանազան դռռացող գործիքներով քանդում են ու քանդում: Սենյակս էլ էլի փոշու մեջ կորավ, ու ոչ ոք էլ ինձ չի ուզում այստեղից տանի:
Ասա, սպանեիք էլի միանգամից, թե ինչի՞ եք սենց տանջում:
25.08.2013

Վրեժ
 Դասից հոգնած եկել ու քնել էի՝ ուշադրություն չդարձնելով նույնիսկ այն փաստին, որ շինարարներն այսօր էլի հանրակացարանում էին ու սենյակները մտնելով լարերն էին փոխում: Քնիս մեջ լսում էի միջանցքի հեռավոր անկյունից եկող միապաղաղ դռռոցը, որը գնալով ավելի ու ավելի էր ինձ մոտենում:
- Օրիորդնե՜ր, օրիորդնե՜ր,- համարյա երազումս լսեցի նրանց բղավոցը:
Իհարկե, ինչպես միշտ ալարեցի վեր կենալ անկողնուցս ու դուռը բացել. բանալիներ ունեն, թող ինչ ուզում են անեն, գնան: Լսեցի թե ինչպես բանալին պտտվեց իմ դռան մեջ, հետո ծանր ոտքերը դոփեցին միջանցքումս, բաժակս սառնարանի վրայից ընկավ ու ինչ-որ մեկը մոտեցավ ննջարանս միջանցքից բաժանող վարագույրին:
-  Օրիո՜րդ,- բղավեց նա՝ ձեռքով մի կողմ տանելով վարագույրը:
Ակողնուցս ցատկեցի ու կանգնեցի նրա դիմաց՝ հենց այն պահին, երբ բացեց վարագույրը: Պատկեացրեք՝ մթության միջից քեզ նայող զույգ ջղային աչքեր, գզգզված մազեր ու քնահարամ, հիստերիկ հայացք:
Խեղճ շինարարը մի ձեռքը սրտին դրեց, մյուսն էլ դանդաղ տարավ դեպի անջատիչը:
- Էս ինչքա՜ն ինձ վախեցրիր, աղջի՛կս:
- Բա լա՞վ էր, որ միշտ դուք էիք ինձ վախեցնում: 
Քիչ անց մտավ մյուսը շինարարը: Կանգնեց միջանցքի ու սենյակիս միջև, հենվեց պատին ու էդ ժամանակ վարագույրն իր կառնիզով հանդերձ ընկավ գլխին:
- Ինչ-որ լավ չես ընդունում մեզ,- ասեց ու սկսեց ծիծաղել:
- Աղջիկ եմ ասել, է՜,- արձագանքեց մյուսը՝ գետնից գտնելով հնդկահավի փետուրներս:
- Դե հա, մթնոլորտ էի ստեղծում, որ բնիկ ամերիկացիների մասին շարադրություն գրեմ: Համ էլ՝ կներեք թափթփվածության համար,- ասացի՝ համարյա ամաչելով իմ սենյակի տեսքից. ամեն անկյունում նետված գրքեր, պատից կախված կոշիկներ, ցփնված հագուստ ու ուտելիքի մնացորդներ:
- Էհ, աղջիկս, շատ տարբեր չենք. մեր գործն էլ այն է, որ թափթփած սենյակներն ավելի կեղտոտենք ու խառնաշփոթ ստեղծենք: 
25.09.2013

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը