Պատմություն մակույկի, վայրի սագերի, կամուրջի ու կորած աղջկա մասին

Հենց սկզբից էլ չէի ուզում մակույկավարության գնալ, որովհետև գիտեի՝ ինձանից պոզեր-պոչեր դուրս չեն գա: Ենթադրությունս ապացուցվեց, երբ ոտքս մակույկի մեջ դնելուն պես այն շուռ եկավ, իսկ ես էլ ընկա գետի մեջ ու թրջված մուկ դարձա: Ես հույս էլ չունեի, որ առաջին անգամ թիակը ձեռքումս բռնելով հիասքանչ կթիավարեմ, բայց որ այդքան թեյնիկ էի՝ մտքովս չէր անցնում: Միայն բոլոր հնարավոր ծանծաղուտներն ընկնելուց ու քարերին զարկվելուց հետո ուժի ու արագության վետորներին հիշեցի, և հրաշքով, էհ...՝ ֆիզիկայով, սկսեցի նորմալ թիավարել:
Նորմալը ո՞րն է. սահում էի գետի վրայով՝ չզգալով, թե ինչպես եմ արագություն հավաքում ու բոլորից առաջ անցնում: Երբ արդեն ամենաարագ թիավարողներն էլ էին ետևում, պառկեցի մակույկիս վրա՝ նայելով արևին ու ինձ Պոկահոնտաս երևակայելով: Էդ պահին Ամերիկան իմ համար ֆասթֆուդնոցը չէր, այլ դարեր առաջվա քաղաքակրթությունը, որտեղ հնդկացիները մակույկ էին վարում ու իրենց աստվածներին զոհեր մատուցում: Անտանելի սիրուն բնությունը թույլ չտվեց, որ ես իմ պոկահոնտասային ճանապարհը փչացնեմ պեպսիով ու չիպսերով, ուստի բավարարվեցի նարինջ ու բանան ուտելով:

Արդեն ահագին ժամանակ էր անցել, բայց խոստացված վերջնակետը չէր երևում: Եվ դեռ ավելին՝ գետի հունը վարարում էր, իսկ ափերի անտառն ավելի խիտ էր դառնում: Ժամանակ առ ժամանակ գլխիս վրայով սագերի երամներ էին թռչում, իսկ ինչ-որ տարօրինակ ջրային բզեզներ ոտքերիս վրայից հացի փշրանքներ էին հավաքում: Երբ հսկա քարերը հազիվ շրջանցելով բախվեցի գետի վրա ընկած հսկայական ծառին, միայն էդ ժամանակ հասկացա որ շա՜տ հեռու եմ գնացել. քոլեջը հաստատ իր փափկասուն ուսանողներին նման փորձության չէր ենթարկի:
Որոշեցի հետ վերադառնալ: Կանգնեցի գետի մեջ, մակույկս շուռ տվեցի և սկսեցի թիավարել գետի ուղղությանը հակառակ: Երևի բոլորն էլ գիտեն, որ դա համարյա անհնար է, բայց այդ ժամանակ ես ինձ թույլ ու անօգնական էի թվում, քանի որ մեծ ուժով թիավարելուս արդյունքը միայն անշարժ կանգնած մնալն էր: Ափով անհնար էր վերադառնալ, քանի որ անտառը խիտ էր, մեջն էլ՝ հազար գել ու գազան:
Լավագույն ելքը կոորդինատորիս զանգելն էր ու սպասելը, մինչև կգան հետևիցս: Հազար ու մի տոպրակի մեջ փաթաթած ուսապարկիցս հեռախոսս գտնում եմ ու զանգում.
-Միսս Ֆեյթ, Ռուբին է, ես երևի շատ առաջ եմ գնացել: Սպասեմ ձե՞զ, թե՞ առաջ գնամ:
-Չգիտեմ թե ո՞վ ես ու ինչ ես ուզում,- ասում է ու անջատում հեռախոսը, իսկ հաջորդ զանգերին չի պատասխանում:
Ես էլ մտովի սկսում եմ հրաժեշտի նամակներ գրել իմ բոլոր սիրելիներին՝ համոզված լինելով որ ոչ մեկ չի հիշի, որ ես կամ ու ես կմեռնեմ տնից հազարավոր մղոններ հեռու, դիակս կսուզվի գետի հատակն ու կեր կդառնա վայրի կենդանիներին: Վերջին ուժերս հավաքելով, նավակն անց եմ կացնում ծառի ճյուղերի տակով՝ ընթացքում լավ ճանկռոտվելով: Արգելքն հաղթահարելուց հետո թիակս ավելի արագ ու հիստերիկ է բախվում ջրին ու ինձ առաջ տանում:
Մի կողմի վրա քարաժայռեր, մյուսում՝ խիտ անտառ: Հետ վերադարձ չկա, սպասել՝ չկա, միայն առաջ... Մակույկիս կողքից լողացող ջրային օձն աչքով է անում, ջրային բզեզն էլ վերցնում հացի վերջին փշրանքն ու ինձ լրիվ մենակ թողնում:
Հանկարծ անտառից մեկի գոռոցն եմ լսում. 
-Գնա մինչև կամուրջը, էնտեղ քեզ կսպասեն: Առաջ չգնաս՝ ջրվեժ է: 

Հիմա էլ հալյուցինացիա ու վերջ: Չեմ արձագանքում, բայց ձայնն էլի է կանչում: Հարցնում եմ՝ ինչքան կա, ասում՝ մոտ երկու մղոն, քեզ կսպասեն:
Քիչ անց ուրիշ ձայն եմ լսում.
- Ռուբի՜, սպասի՜ր, Ռու՜բի...
Էս անգամ ձայնը հետևիցս էր. քոլեջի դասախոսներից մեկն էր: Վերջապես հասնում է ինձ, շունչը տեղը բերում.
-Կյանքումս որևէ մեկին տեսնելուց էսքան երջանիկ չեմ եղել: Ամբողջ ճանապարհին աղոթում էի, որ քեզ ողջ-առողջ գտնեմ: Միայն ես չէ, բոլորն էին աղոթում:
Վերջապես կամրջին հասանք: Ափին կանգնած երկու տղամարդիկ օգնեցին որ ափ բարձրանամ ու մակույկս տարան: Ասացին, որ ոչ ոք այսքան հեռու չէր գնացել, ու լավ է, որ ջրվեժին չհասա կամ օձերն ինձ չկծեցին:
Հասանք քոլեջի մեքենային: Ուսանողները հոգնած-թրջված ինձ ու փրկչիս տեսնելով սկսեցին ուրախությունից ծափ տալ, որ ողջ հետ եմ եկել: Ֆեյթն էլ հարցրեց, թե ինչու չէի զանգում. պարզվեց իր համարը սխալ էի գրել:

Դրանից հետո երբ խմբով ինչ-որ տեղ էինք գնում, միշտ ինչ-որ դասախոս էին ընտրում միայն ինձ հսկելու համար, երբ մնացած բոլորին էլի մեկ հոգի էր հետևում:
Ու էդ օրվանից բոլորն ինձ սկսեցին անվանել կորող աղջիկը:

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը