աստվածներ ու ստվերներ

Այստեղ մեռել են աստվածները,
ու ծնվել նոր աստվածներ,
որ նայել են մարդկանց Օլիմպոսի բարձունքից
ու հրաժարվել նրանց տալ կրակ ու բախտ
Նույն բարձունքում հիմա կանգնած են մարդիկ,
որ ավելի սպիտակ են քան հելենական արձանները
Մարդիկ, որ աշխարհի տերն են
Մարդիկ՝ աստվածներ դարձած
որ նայում են մարդկանց կուչ եկած
ու գծում սահմաններ երկրի ու երկնքի մեջ։

Իսկական մարդիկ երկրի երեսին են,
Ստվերներում, ուր արևը երբեք չի ծագում
Թաքնված աստվածներից, սպիտակ օրենքից
Ստվերներում չկա տուն, չկա երազանք
ստվերներում օլիմպոսի տեղը չգիտեն...
Բարձրանում է ծուխն ապակյա անոթներից
ծուխն անհասկանալի քիմիական տարրերի
ծուխը, որ մեզի ու աղբի մեջ կորած փողոցները
դարձնում է երկինք, դարձնում Օլիմպոս․․․

Սպիտակ մարդիկ շորորում են սպիտակ փողոցներում,
ես մոլորվել եմ սպիտակ մարդկանց մեջ,
ես էլ էի քայլում աստվածների հետ,
իմ երազներում էլ են մարմարե քաղաքներ,
իմ ափսեի մեջ՝ ծովի բարիքներ
բայց ոտքերս անընդհատ տանում են դեպի ստվերներ
ուզում եմ նստել էն կնոջ կողքին
որի մարմինը ասեղի հետքերով է պատված
ու ասել, որ մի օր կտապալենք աստվածներին
ուզում եմ փողերս տալ կոպեկներ հաշվող մարդուն,
ու ասել, որ մի օր տուն կունենա
բայց ես չգիտեմ խոսել, չգիտեմ մարդ լինել

Լուսաբացին շողում են հյուրանոցների տանիքները
ու ներարկիչները՝ նույն հյուրանոցների պատերի տակ
սպիտակ տանիքները ինստագրամյան քաղաքների
որոնց խորշերում չկա կերակուր ու կյանք

Աշխարհների մեջ, ոչ մի աշխարհից
վերադառնում եմ տուն, որն իմ տունը չի
Տուն, որն այնտեղ չէ, ուր թողել էի
տուն, որտեղ մարդիկ արհեստական են
ինչպես հազարավոր բարբիներ ու քեներ
տուն, որը կարծես հեքիաթների երջանիկ ավարտ լինի,
որտեղ մոռացել են գրել իսկական զգացմունքների,
իսկական մարդկանց ու իսկական կյանքի մասին

Comments

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը