Համալսարանի գերին կամ բոմժի քրոնիկները մաս 2

Եթե ծանոթ եք իմ ամանորյա արկածներին ու մի քիչ էլ ինձ, երևի կհասկանաք, թե ինչի մասին է այս գրառումս: Իհարկե՛, իմ ու գերմանացի թշնամիներս, ասել է թե գերմանական դռների հրաշք համակարգին:
Արդարության համար ասեմ, որ էս անգամ մեղքն իմը չէր, բայց ում պետքն է, եթե դա կրկին պատահել է:

Բոմժի այս քրոնիկոնը սկսում է համալսարանի նկուղի լաբորատորիայում, երբ բոլորն արդեն գնացել էին և մնացել էր միայն Ռուբին՝ դեմ առ դեմ կանաչ լազերի և իր ոսպնյակային համակարգի հետ։ Քանի որ ես շատ եմ սիրում, երբ լրիվ մենակ եմ լաբորատորիայում, և հնարավոր է՝ նաև համալսարանում, ուրախ-երջանիկ աշխատում էի՝ Կորպիկլաանին միացրած, հետը երգել-պարելով։
Ամեն ինչ հիասքանչ էր մինչև այն պահը երբ սովածացա։ Դրամապանակս վերցրի, գնացի ապարատներից մի սենդվիչ վերցնելու։ Եվ այստեղ, իհարկե պարզ է, թե ինչ եղավ. դուռը փակեցի և փակվեց՝ առանց դրսից բացելու հնարավորության։ Էս անգամ ես անջատված չէի, ուղղակի դուռը կողպվում է, երբ ներսից փականը պտտում ես, իսկ ես ոչինչ չէի պտտել։ Ինչևէ, ես ընկա պանիկայի մեջ, քանի որ լազերն ու կամերան միացրած էին, ու իմ պանիկայի մեջ ինձ թվում էր, որ հնարավոր է, որ կամերան ամբողջ գիշեր լազերի ճառագայթի տակ մնալով փչանա կամ լազերին մի բան լինի, ինչի գինը փոխհատուցելու համար երևի մի երկու տարի պիտի ստրկություն անեի լաբում։
Հաջորդ միտքն մի քանի րոպե անց միայն եկավ. պայուսակս լաբում էր մնացել, պայուսակումս էլ՝ տան բանալին։ Ղեկավարիս հաղորդագրություն ուղարկեցի (զանգելու համար ուշ էր թվում)՝ բա թե իրերս մնացել են լաբում, լազերն ու կամերան միացրած են, դուռը չի բացվում, չգիտեմ ինչ անել։
Էս ղեկավարս էլ պատասխանեց իր սիրելի "Nevermind"-ն ու վերջ։ Մի քիչ զարմացա անտարբեր վերաբերմունքից, բայց մտածում էի՝ դե գերմանացի ա, մեղքն էլ իմն ա, հո չի գալու էս գիշերով հասնի համալսարան։

Համալսարանում մի վայր կա, կոչվում է «Կաֆե Այնշտայն», որտեղ ջեռոց, սառնարան, ափսե-բաժակներ ու նույնիսկ բազմոց կա։ Մտածեցի, որ հոգ չէ, էս մի գիշերը կանցկացնեմ էնտեղ, բազմոցը քչից շատից փափուկ է, սառնարանից էլ ուրիշների ուտելիքից կգողանամ։ Էդպես մի քիչ քնեցի էնտեղ, հետո գնացի համակարգիչների սենյակ ու երևի էնտեղ էլ եմ քնել, քանի որ հիշում եմ, որ արթնացա փոշեկուլի ձայնից և նկատեցի հավաքարարի զարմացած հայացքը։

Արդեն ժամը 8-ն էր, երբ միջանցքում մեր լաբորատորիայի ասպիրանտներից մեկին տեսա։ Հարցրի՝ արդյոք բանալի ունի, ու նա էլ կիսաքնած, գզգզված տեսքիցս միանգամից հասկացավ, որ համալսարանում եմ գիշերել։ Իջանք, ամեն ինչ վերցրի ու մի քանի րոպեից հետո ղեկավարս զանգեց։ Արագ-արագ ու խառնված ձայնով ներողություն ա խնդրում, ասելով, որ իրան թվացել ա, թե ես ոչ թե դուռը բացել չեմ կարողանում, այլ փակել։ Ասում ա՝ պատկերացնում եմ ինչեր ես մտածել իմ մասին, երբ ես անհոգ գրել եմ, ոչինչ, խնդիր չկա։ Ծիծաղս հազիվ զսպելով ասում եմ՝ ոչինչ, էդքան էլ վատ չէր համալսարանում գիշերելը, կարևորը լազերին ու կամերային բան չի եղել ու գնում եմ դասի։

Ցերեկն Անիին եմ պատմում, ասում ա՝ գնայիր պահակներին գտնեիր, իրենք բոլոր բանալիներն ունեն։

Քիչ հետո Անան գրում ա՝ ձայն հանեիր, ես էդ լաբի բանալին էլ ունեի։ Անան համալսարանին մոտիկ՝ իմ շենքի կողքին ա ապրում։

Երեկոյան էլ մեկին ամբողջ պատմությունը պատմում եմ ու մեկ էլ հենց պատմելու ընթացքում ջոկում եմ, որ կարող էի ուղղակի տուն գնալ, քանի որ հարևանս տանն էր, կբացեր դուռը....


Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը