Իրինա-Արինա-Միլենա-Էլենա

Արդեն լրանում է մեկ տարին, որ մենք միասին ենք։ Ի նշան տարեդարձի, վերջապես կավարտեմ գրառումս Նրա մասին։

Մեկ տարի առաջ, երբ տեղափոխվեցի հանրակացարան, ամենուր դատարկություն էր. խոհանոցում ոչինչ չկար, սակայն սառնարանում մեն-մենակ տեղավորված էր մի բանկա միայնակ ջեմ։ Եթե կար ջեմ, ապա պետք է լիներ նաև ջեմի տիրակալը կամ տիրուհին։ Սոցիոֆոբությունս մի կերպ հաղթահարելով թակեցի հարևանիս դուռը. ի վերջո բնակարան ենք կիսելու, գոնե պետք է ծանոթանայինք։ Դուռը ոչ ոք չբացեց. դասերը դեռ չէին սկսել, ինքն էլ՝ չէր եկել։ Փոստարկղի վրա փակցված ազգանունից հասկացել էի, որ գերմանացի է։ Մտածում էի՝ հետը գերմաներեն կխոսեմ, գերմաներենս կլավանա, կօգնի էստեղի ապրելակերպը հասկանալ, հենց գա, միանգամից սկելու է պլաններ կազմել, թե ով երբ է մաքրություն անելու...

Շատ բան էի մտածում, սակայն երբ նա եկավ, ոչ մի կերպ ծանոթություն չնախաձեռնեց, ես էլ հետը ծանոթացողը չէի, եթե չնկատեի, որ անընդհատ անհանգիստ բաղնիք ներսուդուրս է անում։ Երևի ուզում էր լողանալ, իսկ մենք քանի օր տաք ջուր չունեինք, ստիպված դուրս եկա, որ զգուշացնեմ իրեն։ Ծանոթացանք, մի երկու րոպե խոսեցինք, անունն իմացա (Իրինա՞, Արինա՞, Միլենա՞, էլենա՞. էդպես էլ չկարողացա ֆիքսել), ու էդպես էլ ավարտվեց մեր առաջին հանդիպումը։ 

Հետո մոտ երկու շաբաթ չէինք հանդիպել. ես սենյակից դուրս չէի գալիս երբ ինքն ընդհանուր տարածքում էր լինում, և կարծում եմ՝ իր դեպքում էլ էր նույնը։ Բայց հաջորդ հանդիպումը չափազանց ռոմանտիկ ստացվեց։ 
Իմ խոհարարական հմտությունները մեղմ ասած լավը չեն, հատկապես՝ մեկ տարի առաջ, սակայն մտքիս փչել էր, որ վիքենդին հավով և սնկով ապուր պատրաստեմ։ Ի զարմանս ինձ, ապուրն էնքան համով էր ստացվել, որ չէի հավատում սեփական զգայարաններիս։ Ծանոթանալու դասական «ռոմանտիկ» տարբերակ կլիներ, եթե ես Իրինա-Արինա-Միլենա-Էլենային ապուր հյուրասիրեի, բայց ո՛չ, երբ ապուրն ամանով տանում էի իմ սենյակ, ամանը ձեռքիցս ընկավ։ Ու հերիք չի կորցրեցի իմ խոհարարական գլուխգործոցը, դեռ մի բան էլ Նրա երեք զույգ կոշիկները հյուրասիրվեցին ապուրով։ Պանիկայի մեջ, ձեռքերս դողը մի կերպ զսպելով թակեցի դուռը։ Երբ բացեց, առանց խոսել կարողանալու մատնացույց արեցի հավի արգանակում ճպճպացող կոշիկները, հետո մի կերպ բառեր գտնելով ներողություն խնդրեցի ու ասացի, որ կմաքրեմ։ Ժպտաց ու քիչ հետո գնաց տնից։ Կյանքիս ամենավատ հիշողություններից է երևի խալխի կոշիկները մաքրելը, միջից հանելով հավի, սնկի ու կարտոֆիլի կտորները ու հիշելը, թե ինչ համով ապուրի մասնիկ էին նրանք։ Արդյունքում՝ հարևանիս կոշիկներն ավելի մաքուր էին, քան երբևէ եղել էին։ Երեկոյան էլ խոհանոցում քաղցրավենիքով լի ափսե ու նոթ էի թողել՝ կրկին ներողություն խնդրելով։ Նա տանն էր, նոթը չկար, իսկ քաղցրավենիքներին ձեռք էդպես էլ չէր տվել։ Հետո հանդիպեցինք խոհանոցում, ու ասաց, որ էս ամենի կարիքը չկար և այլն։ Բայց ամենակարևորը. այդ օրն ունեցանք էս մեկ տարվա ընթացքում մեր միակ խոսակցությունը, որը մեկ րոպեից ավելի երկար տևեց։

Նրա անունը իմացա ավելի ուշ, երբ հաջողացրել էի խոհանոցի պահարանի դուռը տեղահան անել։ Քանի որ ինձ պատկանող դարակի դուռն էր, իսկ ես ալարում էի հաուսմայստերին մոտ գնալ, դուռը մի կերպ ֆիքսեցի՝ մտածելով երբ հավես ունենամ կասեմ կգան կսարքեն կամ էլ ինքս կսարքեմ։ Իհարկե, եթե դուռը փորձեր մեկը բացել, գլխին էր ընկնելու։
Բայց հաջորդ օրը խոհանոցում նոթ գտա, որ դուռը պոկվել է, պետք է գան երեկոյան սարքեն ու որ ունեցածս էնտեղից տեղափոխեն։ Իհարկե, տենց էլ չհասկացա, թե ինքն իմ պահարանն էր բացել, թե դուռն ինքն իրեն էր շրխկացել, բայց իրեն թվացել էր, որ ինքն է մեղավոր, ես էլ ազատվել էի որևէ մեկին դիմելու պարտականությունից։ Ու նոթն էլ ստորագրված էր. փաստորեն իմ Իրինա-Արինա-Միլենա-Էլենայի անունը Վերենա էր։

Իսկ դրանից հետո հազիվ մի 5-6 անգամ իրար բարև տված լինենք. երբ չի հաջողվել խուսափել միևնույն ժամանակ ընդհանուր տարածքում հայտնվելուց։ Եվ մեր համատեղ կյանքի մասին պատկերը ամբողջացնելու համար մեր կենցաղից մի քանի պատահական փաստեր բերեմ.

  • Մենք ամեն ինչից մեր սեփականն ունենք. բաղնիքում երկու լվացվելու օճառ, խոհանոցում էլ առանձին ամանի հեղուկներ, սպունգներ, սեղանի սրբելու կտորներ։ Միակ բացառությունը զուգարանի թուղթն է. չգիտեմ՝ ինչպես ենք լուռ համաձայնության եկել, բայց դա հերթով ենք առնում։
  • Պահարանների ու սառնարանի մեծ մասն ինձ է պատկանում։ Հարևանս զբաղեցնում է սառնարանի մի հարթակ, իսկ մնացածը բռնակալ Ռուբիինն է, բայց ինքն ասել է, որ բաժանումը նորմալ է։
  • Ինքն էսքան ժամանակ երբեք ոչինչ չի մաքրել։ Ես տնարարությամբ չեմ փայլում, բայց նախընտրել եմ ինքս մաքրել, քան իր հետ խոսել։
  • Սկզբում կարծում էի, որ ինքը համարյա չի ուտում, հետո պարզեցի, որ ամեն ինչ իր սենյակում է պահում։ Մինչև էս պահը զարմանում էի, թե ինչու ա նույնիսկ կարտոֆիլն իր մոտ պահում, բայց նոր ֆիքսեցի, որ եթե ես ամբողջ սառնարանը զավթել եմ, ուրիշ ինչ անի՞։
  • Սուսիկ-փուսիկ ու անաղմուկ էակ է նա։

Արդարության համար ասեմ, որ նման հարևան ունենալը ինձ ահագին դուր է գալիս։ Այնքան, որ նրան նույնիսկ բլոգային գրառում եմ ձոնում։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը