Ձյունիկներ և քաքիկներ (ասք հարևանների մասին)

Երբ իմացա, որ նոր տանը պետք է մուտքն ու բակը պարբերաբար մաքրենք, սկսեցի կասկածի տակ դնել տեղափոխվելուս որոշումը։ Նախամուտքում օրացույց է կպցրած ու ամեն շաբաթվա համար գրած, թե մաքրելու ում հերթն է։ Բայց ամենասարսափելին ոչ թե շաբաթը մեկ մաքրությունն է, այլ էն փաստը, որ մենք պատասխանատու ենք նաև մայթի համար. ձյուն գալու պարագայում պիտի առավոտվա 6։00 - 7։00 ընկած ժամանակահատվածում մայթը մաքրենք, հակառակ դեպքում եթե մեկն ընկնի էդտեղ ու ոտքը ջարդի, մենք ենք պատասխանատու։
Էս տարի բավականին ձյունառատ էր/է, ու դրա ձեռքը ես դարձա բոլոր եղանակի տեսությունները կարդացող ու հույս ունեցող, որ մեր շաբաթվա ընթացքում ձյուն չգա։ Ես՝ հնամյա աթեիստս, աղոթում էի բոլոր աստվածներին, պատրաստ էի նույնիսկ հակաձնային րիտուալներ իրականացնել, որ միայն թե ձյուն չգար այն օրերին, երբ մենք պիտի մաքրեինք։ Եվ գոյություն ունեցող աստվածներն ու չաստվածները մինչ այժմ բարեգութ են գտնվել իմ նկատմամբ։

Բայց թեև ձյունիկներին չենք հանդիպել, հասցրել ենք քաքիկներին հանդիպել։ Մի օր առավոտյան տանից դուրս գալուց դուռը բացում ենք և համարյա ընկնում քաքի լճակը։ Մեր դռան մոտ մեղմ ասած կեղտոտած էր, ու ընդհանրապես պատկերացում չունեինք, թե ոնց։ Սկզբում ես սկսեցի անհավանական տեսություններ առաջ քաշել այն մասին, որ միգուցե երեկոյան բարձր կինո ենք նայել կամ լվացքի մեքենա միացրել, էդ պատճառով էլ հարևանները որոշել են վարձատրել մեզ։ Հետո հիշեցի, որ մի անգամ մի փառահեղ սպիտակ լաբրադորի էի տեսել, ու սա հավանաբար ոչ թե հարևան երկոտանիների, այլ չորքոտանու ձեռքի տուտուզի գործն էր։ Քանի որ հարևանների դռներն ընկնելուց վատ մեկ էլ քաքիկներ մաքրելն է, փորձեցինք գտնել շան տիրոջը։ Պարզվեց՝ պարոն Կանաչթռչունն է։ Նա ներողություն խնդրեց ու րոպեներ անց մաքրեց ու գնաց։ Բայց սա դեռ ամենը չէր. երեկոյան դռան դիմացից շոկոլադ գտանք ու ինչպես նաև գրություն, որտեղ նա նշում էր, որ սպիտակ գեղեցկուհին, անունն էլ՝ Մեգգի, հիվանդ էր ու երեկոյան տանից փախել էր ու ինքը չէր նկատել, որ ներքև էլ է իջել։ Շոկոլադ բերող պարոն Կանաչթռչունը դարձավ իմ երկրորդ ամենասիրելի հարևանը՝ Մեգգիից հետո։

Ու թեև վերևի հարևանները դեռ մեր դռան դիմաց չեն կեղտոտել, ու դեռ մի բան էլ ավելին՝ մինչև ինտերնետ ունենալը մի երկու օր թույլատրել են իրենց վայ-ֆայն օգտագործել, «սիրելի հարևան» պիտակը չէի օգտագործի։ Միսիս Փենն ու միստր Մուն չինացի ամուսիններ են ու մի քանի երեխա ունեն, որոնք աղմկում են ինչպես վիկինգներ ու դոփում ձիերի նման։ Ու իրենց դոփոցներից միայն ֆոլկ մետալն է փրկում, բայց կիրակի առավոտների արշավանքների ժամանակ գլուխդ ինչքան էլ խորը թաղես բարձերի տակ ոչ մի փրկություն չկա։

Եվ վերջում իհարկե՝ ինչպես կասեր տատս՝ շենքի լիազոր, ամենակարծրատիպային գերմանացի, ամենաժպտուն ու ամենաչոր՝ Լյուդովիկոս Առաջին   ֆրաու Լուդվիգ։ Ուրեմն, տիկին Լուդվիգը ամեն ինչի հրամաններ տվողն ա, ասողը՝ դե զիբիլը որտեղ պետք է գնա, ով երբ պետք է մաքրի ու ինչ պիտի անի։ Դեռ մի բան էլ հարևանների խորհուրդներ են գումարում, որոշումներ կայացնում։ Ֆրաու Լուդվիգը թաղի հեղինակությունն ա. օրինակ, մեր տան նախկին տնվորը տան լույսերը, ինտերնետը ավտոմատացրել էր ու ոչ մի թեղ գրված չէր, թե որ կոճակն ինչ է անում։ Տնվորը տանտիրոջ նամակներին ընդհանրապես չէր պատասխանում, բայց հերիք էր ֆրաու Լուդվիգը գրեր իրեն, ինքը միանգամից գրեց մեզ։
Ու ես թաքուն ֆրաուլուդվիգաֆոբիա ունեմ, որովհետև ես քննությունախառն էի, Քաոսը՝ հիվանդ, ու մենք էս երկու ամսվա ընթացքում մի անգամ ենք պադյեզդն ավլել։ Իսկ անցյալ շաբաթ մեր դռան դիմաց մի գրություն էր հայտնվել, որ մեր մաքրելու շաբաթն է։

Հ.Գ. Հարևանների մասին գրառում անելու միտքն առաջացավ, քանի որ մի երկու օր առաջ արթնացա, տեսա, որ ձյուն է գալիս ու չգիտես ոնց սկսեցի պատկերացնել, որ Քաոսը սիրահարվել է միսիս Փենին, հետո գնացել ֆրաու Լուդվիգից նրա ձեռքը խնդրելու։ Բայց հանկարծ պարզվել է, որ ֆրաու Լուդվիգը Քաոսի իսկական մայրն է։ Ու նաև միսիս Փենի։ Ու հետո բոլորը դրսում հնդկական էին պարում՝ Քաոսն ու միսիս Փենը՝ խունջիկ-մունջիկ գալով, իսկ ֆրաու Լուդվիգը՝ հարձակողական։

Comments

  1. :))))))))))))
    Լավն էր։ Հուսով եմ թեթև տարար շաբաթօրյակդ, առանց մղձավանջների :)))))

    Բայց հետաքրքիր ա․ փաստորեն էդ տեսակ "նատուրալ" լիազորներ ամեն շենք ունի՝ անկախ մայրցամաքից։ Ու որտեղից էլ դրանք ճարվում են․ նույնիսկ եթե շենքն ընդամենը մի տասը բնակիչ ունի, անպայման դրանց մեջ գտնվում ա մեկն այդպիսի՝ "ի ծնե լիազոր" :)
    Մեր նախկին շենքերից մեկում, որտեղ վարձակալում էինք, կար մի էդպիսի "ֆրաու", ուղղակի տղամարդ էր։ Շապակլյակի դեպքով, բարձրահասակ ու կուզիկ, շորտիկներով, քայլում էր էսպես ձեռքերը հետևը կրթնած, ուշադիր ու աչալուրջ, և տեղյակ էր ամեն ինչից։ Մի անգամ մեզ զգուշացում նամակ ուղարկեց, թե ինչու դուք թուղթը թափում եք ընդհանուր աղբի հետ, այլ ոչ թե թղթերի աղբարկղն եք գցում։ Ապշեցի, որովհետև հատուկ թուղթ չէի թափել։ Էն էլ պարզվեց սա քրքրել էր աղբը, որը տոպրակներով կապված է լինում, ու էնտեղ գտել էր մեր հասցեով ծրար։ Նույնիսկ ծրարը իրավունք չուներ գնալու ընդհանուր աղբի մեջ։ Դրանից հետո ես էլ էի իրենից վախենում :))

    ReplyDelete
    Replies
    1. Նախկին շաբաթօրյակս, ինչպես նաև ներկա էդպես էլ չեղավ ։Դ Բայց մուտքն ընդհանրապես կեղտոտ չի։
      Վայ, ինձ թվում էր՝ դա տիպիկ գերմանական «ավանդույթ», բայց փաստորեն պարապ ու հարևաններին հսկող մարդիկ ամենուր են։ Բայց մի ծրար նկատելն էդ լրիվ վերջն ա։ ։Դ Մեր մոտ լավն էն ա, որ ամեն բնակիչ իր առանձին աղբամանն ունի՝ բանալիով կողպվող, ու հարևանները քթները չեն կարող մտցնել։ Թե չէ՝ մեկ-մեկ ապակի կամ պլաստիկ եմ թափում նորմալ աղբում, ֆրաու Լուդվիգի ձեռքից չէի պրծնի։

      Delete
  2. Լավն էր: :D Պատկերացրի քեզ բու հալովդ առավոտյան 6-ին մայթի ձյունը մաքրելիս: :D
    Ի դեպ, էդ օրը, որ տեսար` ձյուն ա գալիս, քո մաքրելու օ՞րն էր, թե՞ էլի բախտդ բերեց:

    ReplyDelete
    Replies
    1. Ես եթե 6-ին զարթնեմ ու քնաթաթախ սկսեմ ձյուն մաքրել, ինձ թվում ա, որ էդ պահով կա՛մ իմ, կա՛մ մեկ ուրիշի գլուխը կուտեմ։
      Չէ, իմ շաբաթը չէր, էսօր էլ էր ձյուն գալիս, ու էլի իմ շաբաթը չէր։ Մի հարցում բախտս կարգին բերում ա։ :D

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը