Նանայով մակարոն

Կապույտ մատներով մակարոնին նանա եմ ավելացնում, ու նանայի հոտն ինձ տանում ա իմ տան խոհանոց, որտեղ Մարիօն փլավի մեջ նանա էր լցնում ու ոգևորված ասում, որ նանայով ամեն ինչ էլ համով է։
Նանայով ամեն ինչ համով է, դրա համար էլ դեռ մեկուկես տարի առաջ հետս նանա եմ բերել․ էն հազվադեպ օրերին, երբ ինչ-որ բան եմ սարքում, անպայման նանա եմ ավելացնում։ Մի անգամ Մ․-ն մեր տանն էր ու սեղանին դրած նանայից հոտ քաշելով սկսեց ասել, որ հնարավոր չի անանուխով ճաշ սարքել, որը համով կլինի։ Դիմանալով ճաշն իր գլխին լցնելու ցանկությանը (Մ․-ի նկատմամբ էն սկզբից էլ խառը զգացմունքներ եմ ունեցել), ժպտալով հյուրասիրեցի ու նույնիսկ ինքն ընդունեց նանայի զորությունը։
Նանայով մակարոն։ Մակարոն, մակարոն․․․ Մակարոնով փլավը թիթիզ պաստան չէ, որ ռեստորաններում բավականին թանկ կարելի է գնել։ Մակարոնով փլավը կարագի կամ ձեթի մեջ տապակած մակարոնն է, որի վրա «բուլյոնչիկով» եռացրած ջուր ես լցնում։ Մակարոնով փլավ սարքում եմ երբ տխուր եմ՝ հատկապես ֆինանսական պատճառներով։ Էսօր կարող է գնալ Քաոսի ընտանիքի Սուրբ ծննդյան հավաքին, բայց նախընտրեցի մնալ տանն ու մակարոնով փլավ ուտել։ Երբ խնդիրներս գլուխ են բարձրացնում, ուրախ ընտանեկան հավաքներն ամեն ինչ վատացնում են միայն։

Ընկերներս երբեմն ինձ ասում են, որ ես «երես տված» եմ, ֆինանսական դժվարություններ չեմ տեսել։ Մակարոնով փլավն հակառակն ա ասում։ Կար ժամանակ երբ օրական ամբողջ ընտանիքը սննդի համար 1000 դրամ ուներ։ Երևի կլինեի 10 տարեկան, ու ամեն օր վերցնում էի 1000 դրամն ու խանութ գնում։ 200 դրամի գրեչկա կամ մակարոն, երկու հատ բուլյոնչիկ, 500 դրամի երշիկ կամ մի տուփ կանադական նրբերշիկ։ Բուլյոնչիկները լինում էին տավարի, հավի ու սնկի․ հաճախ միայն սա՛ էր բազմազանությունը։ Երբեմն ստացվում էր խնայել ու հետը հայ-կոլա էլ առնել։ Երևի իմ խնայող լինելու ու սև օրվա համար փող հավաքելու սովորության համար պետք է այդ օրերին շնորհակալություն հայտնել։ 1000 դրամից երբեմն ստացվում էր 10-50 դրամ խնայել․ հավաքում էի, հավաքում, հետո ինձ որևէ բան էի գնում։

Քաոսն ինձ հարցնում է, թե ո՞նց եմ կարողանում համարյա բան չունենալով էլ համով բան ստանալ։ Հա՛, ես կարողանում եմ ամեն ինչ խառնելով մի բան ստանալ․ այգուց (բախչի՜ց) հավաքած կանաչիներով ձվածեղով էլ եմ կերել, եղել ա, որ տանը միայն ալյուր ա եղել ու մաման թավայի մեջ լոշիկներ ա սարքել, որոնք էն ժամանակ ամենահամովն էին թվում։ Վերջերս համալսարանի ճաշարանում ձկով կատլետ կերա։ Էն ժամանակ կարծեմ սիգն էր, որ շատ էժան էր ու մի պապիկ միշտ սիգ էր վաճառում բակում։ Շատերի տներից էր սիգով կատլետի հոտ գալիս, բայց դա էլ էր «աղքատ ուտելիք» համարվում։ Երբ հնարավորություն կար տավարի միս առնելու, ձկով կատլետը մոռացվեց էնպես, ինչպես մյուս «աղքատ ուտելիքները»։ Մարդիկ կոնֆետներ էլ էին տանը սարքում․ մաման՝ սուրճով, ոմանք՝ մուրաբաներով։ Բայց տատս դեռ ասում էր․ մարդիկ կան, որ հացին «կակա» էին ասում։ Մենք հաց ունեինք, միշտ։ Համարյա միշտ։

Էնքան տարօրինակ ա, որ երեխա լինելով շրջապատը քեզ նենց ա դարձնում, որ ամաչում ես գումար չունենալուց ու նույնիսկ երբ կայացած արժեհամակարգով մարդ ես, էդ օրերը ենթագիտակցորեն թաքնված են։ Ես ամաչում էի, որ լավ հագուստ չունեմ․ ավելի շատ հագնում էի հեռու զարմիկների հին շորերը, քան սեփականը։ Ձմեռային բաճկոն ու սապոգ գնելիս իմ խոսքը համարյա չէր լսվում․ պետք էր էժան, բայց նաև որակով։ Ինչ-որ պահից տատս սկսեց Սադախլու գնալ։ Ավելի շատ նոր շորեր ունեի, բայց զարմիկների հին շորերն ավելի ճաշակով էին։ 4-րդ դասարանում այնպիսի պայուսակ էր տատս գնել, որով 10-րդ դասարանցի տղաներն էին ֆռֆռում։ Ինձ մնում էր պայուսակը խելոք-խելոք բռնելն ու ձևացնելը, որ ինձ դուր է գալիս։ Երեխա ժամանակ աղքատ լինելն ամոթ էր։ Ֆիզկուլտի դասերն էլ ատում էի, որովհետև ոչ միայն վատ էի ֆիզկուլտից, այլ նաև հանդերձարանում ոմանք խոսում էին, թե ինչ լավ գործ ունի իրենց պապան կամ որ հագուստը միայն բրենդային խանութներից էին գնում։ Երբեմն նեղված պատմում էի տանը, ու ծնողներս, շատերին լավ ճանաչելով ասում էին, որ ավելի լավ է վատ հագնվեմ, քան իրենք ուրիշներից կաշառք վերցնեն կամ մարդկանց խաբեն։ 
  
Աստիճանաբար ամեն ինչ լավացավ ու ես էլ չնկատեցի, թե ինչպես էս ժամանակաշրջանն անցավ։ Ես էլ մեծացա ու հասկացա, որ հագուստին բանի տեղ դնել առանձնապես պետք չէ, աղքատ լինելն էլ ամոթ չէ՛։ Բայց միևնույն է, ամեն անգամ երբ Քաոսը պատմում է երեխա ժամանակ սնոուբորդի ու դահուկի դասերի գնալուց, ծովափնյա արձակուրդներից, նինթենդոներից ու գեյմբոյերից, ինչ-որ բան ներսումս ծակում է ու աչքիս դիմաց է գալիս մակարոնով փլավը։

Մակարոնով փլավը համով ա, հատկապես՝ նանայով ու մածունով։

Comments

  1. Ռուբ, պինդ գրկում եմ քեզ։ Լացացրեցիր։
    Դու փաստորեն էդքան մե՞ծ ես, որ սիգի ժամանակաշրջանը հիշում ես։ Մամաս սիգի մասին ասում ա՝ մի ամբողջ ժողովրդի ապրեցրեց, ինքը մեռավ (երևի գիտես, որ հիմա որսն արգելված ա, վտանգված տեսակ ա համարվում)։
    Ու հա, թեև մենք գեյմբոյներով ու նինթենդոներով մանկություն չենք ունեցել, թեև հագել ենք մեր զարմիկների շորերը (ես էլ եմ դրանց մեջ մեծացել), թեև մեր կերած ամենաճոխ միսը սիգն ա էղել, ու մեր ունեցած֊չունեցած մի զույգ ձմեռային սապոգները քրքրված են էղել, էդ ամենը մեզ ավելի պինդ ու պակաս պահանջկոտ ա դարձրել։

    ReplyDelete
    Replies
    1. Հա, ինչ ճշգրիտ ա մամադ ասել։ Տենց սիգն ամենաէժան բանն էր, ու մարդկանց ֆինանսական վիճակի բարելավվելուն զուգահեռ սիգը գնալով անհետացավ։
      Ու իրոք, մենք իրականում շատ պինդ ենք։ Երբեմն էստեղ ինչ-որ բաների համար, որ ես միշտ մանրուք եմ համարել, ասում են՝ «ինչ ուժեղ ես» ու մի քիչ մտածելուց հետո հասկանում եմ, որ իրոք մութ ու ցուրտ տարիների, ու ընդհանրապես՝ Հայաստանյան հասարակարգում մեծացած, թրծված, բայց տեղի չտված մարդիկ շատ պինդ են, ինչքան էլ մեզ հաճախ էդպես չտվա։
      Ես էլ եմ գրկում։ :*

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը