Թեզն ու կյանքը

Ինչպես ցանկացած իրեն հարգող թեզ, իմն էլ է բաժանված գլուխների ու մասերի։ Բայց խիստ վերնագրերը, խուճուճ բանաձևերը, գունավոր գրաֆիկները ու նույնիսկ արդյունքները չե՛ն, որ սահմանում են թեզս։ Գնահատողի համար՝ դրանք են, իսկ իմ համար սա ավելին էր քան գիտական աշխատանքը, այնինչ նույնիսկ գիտական աշխատանքի կոնտեքստում չէի դիտարկում։

Թեզիս հետ չծնվեցի, բայց մեռա ու վերածնվեցի։ Դեպրեսիայից հետո ամիսներ շարունակ թեզս միակ բանն էր, որ ինձ առաջ էր տանում։ Երբ բացվում էր Մաթլաբը, երբ սև-սև ֆոնի վրա աչքիս էին ընկնում սպիտակ ֆլյուորեսցենտ մոլեկուլները, կյանքս ժամանակավոր իմաստ էր ստանում։ Վերջին շրջանում օֆիսակից կոլեգաներս ասում էին՝ հերիք ա մանյակի նման աշխատես, ղեկավարս ասում էր, որ բավարար են արդյունքներդ, սկսի գրել, բայց ես չէի կարողանում։ Գիտակցորեն ու ենթագիտակցորեն ձգձգվում էր էս պրոցեսը, քանի որ թեզիցս դուրս ես գոյություն չունեի։ Ես չէի կարողանում ոչինչ անել տանը, ես չէի ուզում տանը լինել․ ես էի, համակարգիչս ու կապույտ ծածկոցը, որ համալսարան էի բերել։ Ավարտը միշտ մոտ էր․ ես իրեն էի ձգտում էքսպոնենցիալ ֆունկցիայով։ Մոտենում, մոտենում էի, բայց չէի հասնում։ 

Պատկերներն ու գրաֆիկներն էի սարքում՝ չշեղվելով ոչ մի պիքսել։ Խորանում տեսությունների մեջ ու չէի կարողանում դուրս գալ։ Լացում էի, երբ մշակած մի մեթոդ աշխատում էր և բարկությունից ստեղնաշար ջարդում, երբ ոչինչ չէր ստացվում։  
Ղեկավարներս ինձանից գոհ էին, բայց իմ աչքերում արածս ոչինչ էր, ես ոչինչ էի։ Միայն աշխատելու ժամանակ էր ոչնչությունը կորում։ Մոլեկուլներից ու թվերից սարքած պատերն ինձ պաշտպանում էին աշխարհից, իսկ աշխարհին՝ ինձնից։
Ինչքան մոտիվացիա ունես, մի անգամ ինձ ասաց իմ ասպիրանտ ղեկավարը, երբ հերթական անգամ ավելին էի արել՝ իր դադարի ազդակից հետո։ Ես լրիվ ընդունակ էի էդ պահին հեկեկալու ու ասելու, որ ես գրողիս մոտիվացված չեմ, ես չունեմ որևէ նպատակ ու ստիմուլ, էս պահին թեզս է իմ ալֆան ու օմեգան, դրա համար էլ էսքան օբսեսիվ եմ։ Բայց ես ոչինչ չասացի, ուղղակի ժպտացի ու անցա առաջ։

Սևեռուն հետաքրքրություններն ու մտքերը միշտ հետս էին։ Թեզս գրելու (հենց գրելու, ոչ թե աշխատելու) շրջանը կարելի է բաժանել երեք փուլի․
1․ ԲԴՍՄ
2․ Սերիական մարդասպան
3․ Կոմունիզմ

Ինձ թվում էր՝ ԲԴՍՄ-ը իմ ու թեզիս մեջ է, բայց իրականում իմ ու աշխարհի մեջ էր, կամ հենց իմ ու իմ։ Թեզս ինձ ստրկացնում էր, ես էլ՝ ենթարկվում։ Թեզս հրամայում էր, թե ինչ ուղղությամբ շարունակեմ, ես էլի հնազանդ էի։ Թեզս ուզում էր, որ ինքը հավերժ լինի իմ կյանքում ու թելադրի կյանքս, իսկ ես մեղմորեն դիմադրում էի։ Թեզս խանդում էր, ու ես չէի կարողանում ուրիշ ոչինչ գրել։ Թեզս՝ տեր, ես՝ ստրուկ։ Բայց միևնույն ժամանակ ես ուզում էի տիրել աշխարհը։ Քանդել ու նորից կառուցել։ Չէ՛, քանդել ու չկառուցել։ Այս շրջանում էր, որ իմ կյանքում հայտնվեց Լորան ու միայն իր շնորհիվ էր, որ կարողանում էի գլուխս ու ինքնագնահատականս բարձր պահել։ Լորան շատ դրամատիկ եկավ, է՛լ ավելի դրամատիկ գնաց, բայց այդ կարճ ժամանակում օգնեց ինքս ինձ ավելի լավ հասկանալ։ 

Սերիական մարդասպանները հայտնվեցին պատահաբար, երբ գրաֆիկների ու նկարների պատրաստման երկար ու նյարդատար աշխատանքում ինչ-որ աուդիոգիրք էր պետք։ Աուդիգիրք չգտա, բայց փոխարենը որտեղից որտեղ հայտնեց Թեդ Բանդին, ինչի արդյունքում ես մի քանի շաբաթ անընդմեջ լսում էի սերիական մարդասպանների մասին հիմնավոր և անհիմն վավերագրություններ ու միաժամանակ պատրաստում գրաֆիկներ ու սխեմաներ։ Էս ամենասևեռուն ժամանակաշրջանն էր, քանի որ ես, աշխարհիս ամենաալարկոտն ու կենտրոնացման սարսափելի դժվարություն ունեցողն ուղղակիորեն չէի կարողանում պոկվել թեզիցս։ Արթնանում էի ու վազում համալսարան, գիշերն էլ՝ ինձ քարշ տալիս տուն։ Շաբաթ-կիրակի ու տոներ գոյություն չունեին։ Թեզս հետապնդում էր ինձ, իսկ ես՝ իրեն։ Թեզս մանյակն էր, ես՝ իր զոհը։ Ես մանյակն էի, իսկ թեզս տառապում էր իմ ձեռքին։ Սերիական մարդասպանների մասին հետաքրքիր վիդեոները մոտեցան ավարտին, իսկ իմ թեզն՝ էդպես էլ չէ։

Թեզիցս մի երկու գլուխ էր պակաս, երբ հասավ Երևան գնալու ժամանակ։ Թեզս եկավ հետս, քանի որ ինքն իմ խաչն էր, որն ամեն տեղ պետք էր տանել։ Ես կավարտեմ Հայաստանում, ասացի ղեկավարներիս, ովքեր սրտանց հույս ունեին, որ ես ուղղակի կհանգստանամ։ Չի ստացվում աշխատել, գրում եմ կոլեգայիս, որն իր հերթին երջանիկ սմայլիկներ է ուղարկում ու գրում՝ դե լավ ա, հանգստացի այ մանյակ։ Ես վերադարձա հետ, թեզիս հոդվածները քարշ տալով իմ միակ ուսապարկում, որում իսկի շորերս չէի տեղավորել։

Մի օր արթնացա առավոտյան ժամը 6-ին ու հասկացա, որ այդ պահին ընդամենը մի բան եմ ուզում անել․ խոսել կոմունիզմից։
- Իսկ դու ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է մարքսիստական գաղափարները կիրառել ներկայիս հասարակության համար,- մեղմ շշնջացի Քաոսի ականջին՝ քնահարամ անելով վերջինիս։
- Ամբողջ կյանքս երազել եմ արթնանալ ու խոսել կոմունիզմից,- հաջորդեց պատասխանը։ Բայց կոմունիզմի մասին խոսակցությունն ամեն դեպքում եղավ, որին հաջորդեց կոմունիստական մանիֆեստը ու նույնիսկ՝ տելեգրամի Լենին սթիքերները։
Կոմունիզմի շրջանում երգացանկս դարձավ խիստ աշխատավորական և վուալյա, վերջ պրծավ իմ թեզը։ Պրծավ Ինտերնացիոնալեի խրոխտ հնչյունների ներքո, և այո՛, պրծնելը երկիմաստ է այստեղ։

Մնաց որ ղեկավարներս ստուգեն, և կյանքիս էս շրջափուլն էլ կհայտնվի անցյալում։ Երկար, շատ երկար եմ սպասել, մինչև կարողանամ էս արտահայտությունն անել, բայց հա, ես էս պահին մոտիվացիա ունեմ ինչ-որ բան անելու։ Ես ուզում եմ իմ կյանքն իմ ձեռքը վերցնել կրկին, ոչ թե թողնել, որ կյանքն անի հետս էն, ինչ ուզում ա։ Վերջապես։


Comments

  1. Էս ինչ հավես էիր գրել :) շնորհավոր թեզդ վերջացնելը
    Ես էլ Դրակուլան էի կարդում իմ մագիստրոսական թեզը գրելու ընթացքում :D ինչ֊որ արյունային բան կա էդ անտեր թեզ գրելու մեջ։

    ReplyDelete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը