Երազախաբություն 27․06․2019

Դպրոցի զուգարանում եմ՝ լվացարանի մոտ։ Հայելու միջից ինձ է նայում արյունարբու հայացքով։ Մի պահ քարանում եմ․ հայելու միջից իր պատկերն անհետանում է, բայց իմ արտացոլանքն էլ չկա։ Մեջքիս հետևում հևոցախառը շնչառություն եմ լսում։ Ոտքերս թուլանում են, բայց կարողանում եմ ինձ դեպի դուռը քարշ տալ։ Կողպված է։ Առանց հայացքս գետնից կտրելու դեպի պատուհանն եմ վազում։ Ինքը չի շարժվում, բայց զգում եմ, որ գազանային հայացքն ինձ հետ շարժվում է։ Պատուհանն էլ չի բացվում։ Փորձում եմ կոտրել, բայց երկաթի պես ամուր է։ Ամբողջ ուժով գոռում եմ Heeeeelp. Անդադար խփում եմ պատուհանին ու ամբողջ ուժով գոռում։ Կոկորդս ցավում է, ձայնս՝ կտրվում, բայց ոչ եք չի արձագանքում։ Ինքը դադարում է ինձ ուշադրություն դարձնել ու քացով բացում է զուգարանախցիկներից մեկի դուռն, ապա կողպում իր հետևից։ Խցիկից սարսափելի ճչոցներ են լսվում։ Փորձում եմ խցիկի դուռը բացել, բայց իհարկե, չի բացվում։ Ճչոցներն ուղեկցվում են հևոցով ու անմարդկային գռգմռոցով։ Ասես սղոցով ծառի ճյուղեր կտրի, բայց զուգարանում ծառեր չեն աճում․ ինչ-որ մեկի ոսկորներն են կտրվում կիսաքոռ դանակով։ Արյան գետերը հոսում են խցիկից ու լճանում ոտքերիս շուրջ։ Վերջին ցավագին ճիչին հաջորդում է զուգարանի ջրի ձայնը։ Վերջին ուժերս հավաքում եմ, որ դուռը կոտրեմ, բայց դուռն արդեն բացվում է։ Ինձ է նայում ու ժպտում, եթե իհարկե կարելի է էդ անհասկանալի, սարսռեցնող, մինչև մատներիս ծայրը դողացնող արտահայտությունը ժպիտ համարել։ Ձեռքին խոհանոցային դանակ է, որից արյունը կաթ-կաթ թափվում է լճակի մեջ։ Խցիկն արյունով է պատված, բայց մարմին չկա։ Վախվխելով հայացքս դեպի զուգարանն եմ սահեցնում․ չգիտեմ էլ ինչպես, բայց ջուրը սրբել-տարել էր արյան մեծ մասը։ Վարդագույն ջրում երկու մատ էին լողում։
- Ուզում ես զուգարանից օգտվե՞լ, ջուրը լավ չեմ քաշել,- հիվանդագին ծիծաղում է։ Դանակը դեռ ձեռքում սեղմված անթարթ ինձ է նայում։

Կրկին օգնություն եմ կանչում, այս անգամ վստահ գիտակցելով, որ սա վերջն է։ Սեղմվում եմ պատին ու փակում աչքերս։ 
Մեր հին տան փոքր բաղնիքն է․ սովետական գունավոր սալիկներով, որոնք տեղ-տեղ թափված են։ Կլինեմ մոտ 8-9 տարեկան։ Մաման կանաչ տաշտի մեջ ինձ է լողացնում։

- Արդեն մեծ եմ, ինչի՞ չես թողնում մենակ լողանամ,- էս կռիվն առաջին անգամ չէի անում մամայի հետ։ 

Կնճռոտ, սառն ու կոշտացած ձեռքերը բռնում են թևերիցս։ Մամայի ձեռքերը չեն։ Ծեր, վհուկային արտաքինով մի գեր կին է՝ քթին մի մեծ, յուղալի խալ։ Ձեռքերը հպվում են կոկորդիս, սկսում է ինձ խեղդել։ Բերանս բացում եմ, որ գոռամ, բայց բառեր դուրս չեն գալիս։ Օգնե՜ք, օգնությու՜ն, մա՜մ, պա՜պ ճչում եմ մտքումս, բայց բառեր չկան։ Heeeeelp! Դուրս է պրծնում բերանիցս․ ստացվում է անգլերեն գոռալ։ Այդ օրվանից ամեն անգամ երազումս help գոռալն ինձ ազատում է վհուկների ու հետապնդող գրաֆիկների ճիրաններից։ Help ու արթնանում եմ իմ իսկ ձայնից։
Աչքերս բացում եմ, բայց նա դեռ դանակը սեղմած, փորձարարի հետաքրքրությամբ ինձ է նայում։ Չէ՛, երազ չի, չեմ արթնանում, բայց մեջս մի փոքր հույս է առկայծում, որ ինչ-որ բան, ինչ-որ փոքրիկ դիպված ինձ կփրկի էդ գազանային աչքերից ու արնածոր դանակից։ Հույսի կայծը բռնկվում է, ու կրակը տարածվում է մարմնումս։ Չէ՛, չի մասնատելու ինձ, չի լցնելու զուգարանն ու ինչ-որ կախարդանքով ջուրն այնպես քաշի, որ երկու մատ մնա։ Դուռը չի բացվում, չի կոտրվում պատուհանը, իսկ ինքը հրճվում է մկան հետ խաղացող, բայց դեռ սպանել չցանկացող կատվի ոգևորությամբ։ Ներսիս հրդեհն այնքան է ուժեղանում, որ մի պահ ինձ թվում է, որ էդ դիպչեմ նրան, կսկսի այրվել։ Հիվանդագին ուղեղս պատկերում է, թե ինչպես է կրակը նրան կուլ տալիս, թե ինչպես է այրվում ու ոռնում ցավից։ 
Անվտանգության ահազանգն առաջինն է հասնում ականջներիս, հետո՝ ծխի հոտը։ Պատուհանից դուրս կրակն է բոցկլտում։ Այրվում է, բայց ոչ թե ինքը, այլ ամբողջ շենքը։ Քմծիծաղով ինձ է նայում ու դանակը նետում ոտքերս մոտ։  Քայլում է դեպի հայելին․ էս անգամ ես եմ հետևում։ Կրկին հայելու մեջ է, իսկ հիստերիկ ծիծաղն ասում է՝ գիտեի։ Իհարկե՛, գիտե՛ր։ Իհարկե՛, էդ էր ուզում։ Հայելու մեջ կրկին իմ արտացոլանքն է։ Չէ, հաստատ երևակայում եմ։ Բայց չէ, արյան լճերն իրենց տեղում էին, զույգ մատները՝ զուգարանակոնքում, իսկ բոցերը՝ մատուհանից այն կողմ։ Ինքն ինձ չմասնատեց ու իմ մարմինը կոյուղում չհայտնվեց, բայց ես, մեկ է, մեռնելու եմ։ Ծխից սկսում եմ հազալ ու խեղդվել, բայց անդադար քաշում եմ զուգարանի ջուրը․ ասես եթե կտրված մատները սուզվեն ջրում, էս մղձավանջը կվերանա։ Մատները չեն սուզվում, իսկ այ իմ գիտակցությունը սուզվում է ծխի մեջ։ Վախից դողում եմ, հետո սկսում է գետինը դողալ ու դղրդալ։

Փրկարարները քանդում են ավերակները։ Հեռվում խմբերով մարդիկ են կանգնած․ ոմանք լաց են լինում, ոմանք՝ օգնում, շատերն էլ՝ խանգարում։ Մի խումբ էլ շրջանաձև նստած է քարերի վրա։

- Ո՞վ կմտածեր, որ մեր ավարտական 10 տարին էսպես ենք նշելու,- նախկին դասարանիս Լիկան էր, ում տանել չէի կարողանում դպրոցական տարիներին։
- Դե, մենք էլ էսպես կնշենք,- տխուր ժպտաց Միլենը՝ տորթը կտրելով։

Նրանք չէին խոսում զոհերից, հրդեհից ու երկրաշարժից․ դպրոցական պատմություններ են պատմում ու խեղդում ծիծաղն անհուսության մեջ։
Բայց ես ինչու՞ եմ էստեղ, ի՞նչ եմ կորցրել դասարանցիների հանդիպմանը, որին հազար տարի մնար, ոչ կհրավիրվեի, ոչ էլ կուզեի գալ։ Ինձ չեն նկատում, բայց ես դանդաղ իրենց եմ մոտենում․ դե եկել, եկել եմ։ Բայց զգում եմ, ավելի ճիշտ՝ չեմ զգում գետինը ոտքերիս տակ։
- Ես էստեղ եմ, որովհետև չէի կարող այլ տեղում լինեի, որովհետև չկամ,- քաղցրադառը գիտակցությունը հանկարծ գիտակցությանս է հասնում։ 
Թեքվում եմ դեպի ավերակների, որոնց մեջ ինձ եմ տեսնում լուռ կանգնած։ 
- Նոր սանրվածքի ժամանակն է,- ասում եմ նորահայտ Ռուբիին ու ձեռքումս հայտնված էլեկտրական սափրիչով խուզում աջ կողմի մազերը։ - Հա, մեկ էլ փիրսինգ է քեզ պետք։
Կիսախուզված մազերով ու ինդուստրիալ փիրսինգով Ռուբին թույն տեսք ունի։


Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը