Մաքսիմում - մինիմում

Մեկ-մեկ մոտիվացիան սառը ջրվեժի պես թափվում ա գլխիս ու ես ուզում եմ ամեն ինչ և ամենուր։ Ուզում եմ ունենալ բազմաթիվ կյանքեր, որպեսզի կարողանամ սովորել էդ ամենը, կարողանամ անընդհատ կրթվել, անընդհատ զարգանալ, տարբեր տեղերում ապրել ու ապրել, ուղղակի ապրել։ Գնալ աշխարհի ամենասիրուն տեղերը, խոսել աշխարհի ամենասիրուն լեզուներով, տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում ու աշխատում մոլորակի բոլոր ծայրերում։ Բացահայտել բևեռները, իջնել օվկիանոսի հատակ, թռնել տիեզերք։ Բոլոր ուղղակի և անուղղակի իմաստներով։ Բայց միակ բևեռները որոնք կան իմ կյանքում, դրանք տրամադրության բևեռներն են։ Ինձ միշտ հետաքրքրում է, թե ինչ են զգում մարդիկ, ովքեր ստաբիլ տրամադրություն ունեն։ Ովքեր էյֆորիայի մեջ չեն վազվզում մի քանի շաբաթ, իսկ հետո նույնիսկ խոսելու կարողությունը կորցնում։


Ինչքան բարձր են մաքսիմումները, էնքան ավելի խորն են մինիմումները։ Կային ժամանակներ, երբ հորիզոնում տեսանելի մաքսիմումներ կային․ մոտիվանում էի, տառապում էի, հասնում դրանց։ Իսկ հիմա, մեկ-մեկ  լինում են պիկեր, բայց անդունդներն ավելի շատ են։
Երբեմն միջանցքը փախչում է ոտքերիս տակից, ու դադարում եմ հասկանալ, թե ո՞վ եմ ես ու ինչ եմ կորցրել այստեղ։ Ինչու՞ եմ ապրում ու ի՞նչ եմ ուզում էս կյանքից։ Արդյո՞ք ես գունաթափված երազանքների, անգործությունից փտող գաղափարների ու ոչնչացող նպատակների գերեզման եմ, թե՞ ես այն մարդն եմ, ով լինում մաքսիմումներում ու դեռ կլինի։


18 տարեկանում կարծում էի, որ խելացի եմ, որ մի օր նվաճելու եմ աշխարհում իմ տեղը, որ այնտեղ, ինչ-որ տեղ, ավելի լավ է լինելու։ 22-ում դեպրեսիան ինձ հաղթեց, հետո՝ ես հաղթեցի դեպրեսիային, բայց շատ վաղուց մի բան անվերադարձ կորավ․ մոտիվացիան, էն վառ, փայլուն մոտիվացիան, որով ունակ էի սարեր շուռ տալ։ Էքսիստենցիալիզմն ինձ կլանում է, իսկ ես չեմ կարողանում վերականգնել ինձ։ Էն սիրուն, հավես, նախկին ինձ։ Վախենում եմ, որ միգուցե էլ երբևէ չվերականգնեմ, որովհետև ցավոք սրտի, հիմա շատ ավելին եմ հասկանում աշխարհի մասին։ Իսկ էդ ինֆորմացիան ինձ միայն հրում ա մաքսիմումներին հասնելու ճանապարհից ու բերում կանգնեցնում «բայց ինչու՞» հարցի առաջ։

Հայաստանում ես փնտրում ու չէի գտնում իմ տեղը։ Բայց Հայաստանում կարծում էի, որ շուտով կգնամ ու ամեն ինչ լավ կլինի։ Ինչքա՜ն բան չգիտեի, ինչքա՜ն բան չէի հասկանում։ Հիմա ավելի բարդ ա գտնել էն ինչ ուզում եմ․ ուտոպիաներ չկան ու ընդհակառակը, աշխարհը շատ արագ դիստոպիայի ա ձգտում։ Թող թվա, թե պաթետիկ էմո եմ, բայց էնպիսի տպավորություն է, որ այն ժամանակ ներսումս ինչ-որ կարևոր բան ջարդվեց, իսկ ես ամիսներ շարունակ փորձում եմ էդ ջարդածը կպցնել։ Տարբեր սոսինձներով, տարբեր մեթոդներով։ Կան կարճ ինտերվալներ, որ թվում ա, թե կպել ա, կարող եմ շարունակել ու որոշ ժամանակ ապրում եմ սոսնձված, կտրած-կպցրած ինձանով, բայց հետո իհարկե, էդ ամենն էլի ջարդվում ա։
Հոգնել եմ ջարդված-կպցրած, հետո էլի ջարդված ծաղկամանի պես ապրելուց, ինքս ինձ այս ու այն կողմից հավաքելուց։ Մեկ-մեկ ուզում եմ ինձ ապտակեմ ու ուշքի բերեմ․ հավատս չի գալիս, որ անշրջելի ա էս կերպարանափոխությունը։ Հավատս չի գալիս, որ ես էլ երբեք ես չեմ լինելու։ Միգուցե պետք ա ինձ ընդունեմ ու շարժվեմ առաջ, բայց էդ էլ պարտություն ա թվում։

Ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ ա ու հավանաբար էդ բանը ես եմ։




Comments

  1. Գրկում եմ։ Դու չես սխալ, աշխարհն ա սխալ իրա ամեն ինչով։

    ReplyDelete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը