Նարնջագույն պատ

Ինձ թվում էր՝ նարնջագույն պատի այն կողմում միայն ես պիտի լինեմ։ Ես պիտի անձնագիրս սեղմեմ ձեռքումս ու արագ գնամ՝ վերադառնալու կամ անհետանալու ցանկությամբ։
Դու անհետանում ես նարնջագույն պատի հետևում, իսկ ես չեմ էլ կարողանում հավատամ, որ էստեղ էիր։ Իմ ստեղծած քաոսներում հայտնվեց Քաոսը, ու մի պահ ամեն ինչ դարձավ էնպիսին, ինչպիսին կար, ինչպիսին դեռ կարող էր լինել։

Բայց ես փնտրում եմ ինձ, չնայած՝ գիտեմ, որ չեմ էլ գտնելու։ Ես էստեղ եմ, էս կեղտոտ ու զզվելի քաղաքում, որից պոկվել ինչ-որ չի ստացվում։ Դու անակնկալ հայտնվեցիր կարմիր սենյակում ու ստիպեցիր, որ մոռանամ բառերս ու հետո անհետացար էն նարնջագույն պատի հետևում։ Ես նայում եմ հեռացող ոսկեգույն խոպոպներիդ ու ամբողջ սրտով ուզում, որ հետ չնայես։ Գնա քո/իմ մոխրագույն քաղաք, որտեղ լուծվում ես մառախուղներում ու դառնում ուրվական։ Որտեղ ցորենի դաշտերն են բլուրներ վրա ու խնձորի ծառեր, որոնք էս տարի բերք չտվեցին։ Ու ես կմնամ էստեղ, էս կեղտոտ քաղաքում, որտեղ մառախուղն ասես ծխից ու փոշուց կազմված լինի։ Որտեղ դեպրեսիան իմն է, ես՝ դեպրեսիայինը։ Էս մոխրաման քաղաքում, էս քաղաքում, ուր ես մոխրաման եմ։ Ես դեռ այստեղ եմ, որտեղ պետք է մտածել, թե հարևաններն ինչ կմտածեն՝ սիգարետը կպցնելուց առաջ։

Ծխցնում ա էս քաղաքը... Սեփական կյանքս առանց իմ կամքի հարևանների սեփականությունը դարձնող քաղաքը։ Գորշ մունաթին ժպտալով հակադրվելու, բայց ամեն օր սեքսիստական ռեպլիկների վրա պայթելու քաղաքը։ 

Նարնջագույն ապակե պատից այն կողմ միայն անհետանում են։ Քաոսն անհետացավ։ Միթե՞ Քաոսն այստեղ էր։ Երբ Մարկուսն անհետացավ, ես ես պատի այն կողմում չէի։ Բայց Մարկուսի անհետանալուց հետո մոռացա, որ Երևանում գոյություն ունի «Աչաջուր» անունով տեղ, որտեղ իմ էպիզոդների ժամանակ հնչում էին իմ ամենասիրած երգերը։ Չէ՛, չկա Աչաջուր առանց Մարկուսի, Աչաջուրը գոյություն չունի։
Շուտով Մարիօն կանհետանա նարնջագույն պատի հետևում։ Ու ի՞նչը կվերանա էս քաղաքից. Ազգային գրադարա՞նը, Պատմությա՞ն թանգարանը։ Միգուցե անհետանա Աբովյանի համար 6 դպրոցը, որտեղ մենք գտանք մեր ամենասիրելի կատվին, ով իրականում վարունգ էր։

Էս քաղաքում մեռնում ես մուխ առ մուխ, կաթիլ առ կաթիլ։ Բայց էս քաղաքը քեզ էնպես ա սպանում, որ սեփական ապստամբությունը ականջիդ ճվում ա՝ "Survive"։ Ուրվական-քաղաքում մի խանութ կար, անունը՝ "Dimaci": Գերմանական էդ քաղաքում էլ հայերեն էի ինձ հույս տալիս։ Չէ՛, էս քաղաքն ինձ չի սպանի. նույնիսկ երբ մայթին կանգնած ժամանակ են մեքենաները վրադ քշում։

Survive. Ուղղակի survive. Մինչև երևի ես էլ կանհետանամ նարնջագույն պատի հետևում՝ առանց մոխրաման-քաղաք վերադառնալու որևէ մտադրության։

Comments

  1. Ռուբ, պոկվի էդ քաղաքից։ Էդ քաղաքը լավ տեղ չի :(

    ReplyDelete
    Replies
    1. Մնում ա՝ չմնամ ու լճանամ։ ։Դ

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը