Փնտրվում են զգացմունքներ

Այս գրառումը պիտակվել է խիստ անձնական, հետևաբար՝ պաշտպանված է գաղտնաբառով։ Եթե դեռ ուզում ես կարդալ, ինձ գրի, կասեմ գաղտնաբառը։ 

Հավանաբար՝ դեպրեսիկ էպիզոդ ա, նվնվոց, չափից դուրս անկեղծ մի բան կամ էլ՝ այս բոլորը միաժանակ։ Սրտից թույլ մարդկանց արգելվում է կարդալ, ավելի լավ է երեխա վախտերիս քրոնիկները կարդացեք։ Կամ էլ՝ Գերմանիայից բողոքները։


Տաք դանակը սեղմվում ա ձեռքերիս, ոտքերիս, մեջքիս։ Սառցե թագուհի ես, ասում են ինձ։ Թագուհի չեմ, բայց սառցե եմ՝ անխոս, չնայած ուզում եմ տաքությունից հալվեմ, ընկնեմ դժոխք։ Վառվող մազերի ու մաշկի հոտ կշնչե՞ս, թե՞ նախընտրում ես միայն վառածի տեղերը տեսնել։ Մեկը կիսաջղային հայացքով կնայեր, սարկաստիկ ծափ կտար ու ոչինչ չէր ասի։ Մյուսը կչորեր, կկռվեր, հետո՝ արթսի ֆոտո կաներ։ Ոչ ոք չի տեսնում, բայց եկեք ընդունենք և հիանանք։

Ես պաթետիկ եմ, մենք բոլորս ենք։ Ես փետուրի գրիչը կթաթախեի բաց վերքերումս ու բանաստեղծություն կգրեի։ Բայց էլ չեմ կարում։ Գրելու համար ցավ ա պետք, իսկ ցավս չկա, թռել ա։ Դանակից բացի կարելի ա ցանկացած մետաղ տաքացնել ու խրել մաշկի մեջ։ Մի քանի վայրկյան ցավը թուլացնում ա, համարյա օրգազմ ա, կամ ավելի լավ։ Միգուցե սպա կենտրո՞ն։

Դե արի ու մի ասա, որ գնում էի էպիլյացիայի որ ցավա։ Ամեն անգամ երբ չգիտեի ոնց դիմանալ, զանգում էի էպիլյացիա անողիս։ Պառկում էի, նայում լույսերին՝ մինչ ինքն առանց ցավազրկման տանջում էր ինձ։ Ասում ա` ունքերն ամենացավոտն են, աչքերիցս արցունքները գնում ա, ես թուլանում եմ ու վայելում։ Էլ չի ցավում, ինչի՞ չի ցավում։ Փչացել եմ։

Ինքնապաշտպանական հնարքներ են ցույց տալիս։ Տրամս` միջին, սըրվայվլս` 1000: 

- Պարոն Հ.-յան, ինձ էլ խփեք։

Պարոնս ոտից գլուխ ինձ ա չափում, արդեն գիտեմ` մտածում ա մատով կպնեմ, էս նիհար-միհար երեխեն ընկնելու ա։ Շատ թեթև խփում ա` էն որ խաթրիցս չհելնի։

- Պարոն Հ.-յան, էս ինչ եք անում, նորմալ խփեք։ 

Կամաց-կամաց հարվածները ուժեղանում են։ Չկա ռեակցիա։ Ասում ա` մի քիչ էլ ուժեղ խփեմ, ջարդվելու են ոսկորներդ։ Ոչինչ։ Հարվածը հարվածի հետևից։ Չեմ զգում։ Գնդապետի դեմքը լրջանում ա։ Վերջին հարվածից մի համարյա գետնին եմ շպրտվում։ Ցավ չկա։ Ապշած նայում ա։

- Էս մեկը մի քիչ ցավաց,- զարմացած դեմքին եմ նայում ու ժպտում։

Ուսս կարմրակապույտ ա։ Ու՞ր ա ցավս։

Տատու արտիստը մոտեցնում ա ասեղը ու զգուշացնում, որ ամենացավոտ տեղերից ա։ Շատ մեղմ հպումներ եմ զգում։ 

- Էս ցավազրկե՞լ ես։

- Ճիշտ ա, ինձ ասում են որ ձեռքս թեթև ա, բայց ամեն դեպքում` պիտի ցավա։

Չկա ցավս։ Ո՞ր գրողի ծոցում ա։

Ինձ թողում են։ Ինձ ատում են։ Անձնական դրամա ունենալու ճոխություն չկա։ Բայց տագնապս ստեղ ա։ Միշտ ինձ գրկած նստած ա։ Կամ էլ ստամոքսիս մեջ օձի պես գալարվում ա։ Իսկ ցավս էլի թռած ա։ Կլինի՞ զգամ։

Արտասահմանցի լրագրողը գրկումս լացում ա, մինչ ես նստած եմ սառած տոլմայի պես։ Ինչի՞ պիտի էդ երեխեքը մեռնեին, ասում ա։ Սա նույնիսկ իմ ցավը չի, ասում ա ու հեկեկում։ Դու ինձ չպիտի հանգստացնեիր, ասում ա։ Ամուր գրկում եմ. երանի ես էլ կարողանայի լացել։

Դասընկերոջ մաման նայում ա տղայի նկարին ու լացում։ Վերջին անգամ իրենց տանը եղել էի, երբ դեռ մնգոյում էինք. սեղանի ֆուտբոլ էինք խաղում։ Հիմա նայում ենք նկարին, իրա մաման լացում ա, մամաս՝ լացում ա, իսկ ինքը՝ ժպտում նկարի միջից։

Ընկերուհիս վերմակի տակ լացում ա։ Մարդը վառում ա իր տունն ու լացում ա։ Ցավը կողքս ա, ցավի էպիկենտրոնում կանգնած, անզգայացում ա։ 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը