It cannot be a journey, if it doesn't have a beginning

Գնացքը Ստոքհոլմի կայարանից պոկվում է դեպի մոխրագույն անվերջություն։ Տագնապը կրծքավանդակումս մի վերջին անգամ գալարվում է ու պոկվում դեպի որովայն՝ սահուն վերածվելով դաշտանի ցավի։ 

- Շնչի՛ր, Ռու՛, խորը շունչ քաշիր։

- Հանգի՜ստ, Ռու՜, հանգիստ, Ռու։ Շնչիր, արտաշնչիր, շնչիր։

Արդեն սովորական ա ինքս ինձ բարձրաձայն հանդարտեցնելը տագնապի ժամանակ։ Միշտ մեկը պետք է հանգիստ ձայնով խոսի՝ որպես ձայնը ռացիոնալի։ Ուժեղ տագնապը սկսեց, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստոքհոլմում, ու մտքերը, որ ամեն ինչ, միևնույն է, չի ստացվելու, հաղթեցին մնացած բոլոր մտքերին։ Անձնագրային ստուգման ժամանակ տագնապն արդեն խեղդում ա. հերթում ինձանից կանգնած մարդկանց զգալի մեծամասնությանը շատ երկար հարցաքննում են, փաստաղթեր նայում, հետ ուղարկում։ Սառը քրտինք, սրտիս աշխատանքը լսում եմ։ Թվում ա՝ բոլորը նայում են ինձ, տեսնում անհագստությունս։ Թվում ա՝ տագնապելուցս կմտածեն, որ հանցագործ եմ։ Հերթս հասնում ա, ժպտացող երիտասարդ կինը սկանավորում ա անձնագիրս ու կեցության քարտս։

- Լու՞նդ։

- Լունդ, ասպիրանտուրա,- պատասխանում եմ։

Ոչ մի այլ հարց ու բացվում են դռները։ Նեղլիկ ծխարանում ներշնչում եմ ծուխը, արտաշնչում վախը։ One step at a time. Եվս մի քայլ արդեն արեցի։

Գնացքը սլանում ա մոխրագույնի միջով ու բոլոր մոխրագույնները գալիս են աչքիս առաջ։ Երբ Ուլմից գնացի, ինչպես միշտ թանձր մառախուղը ծածկել էր քաղաքը ու տարալուծում էր քեզ իր մեջ։ Երևանին Կասկադից հաջող արեցի. զգացածիս վրա մառախուղ էր, քաղաքի վրա՝ մառախուղ ու Մայր Հայաստանը՝ մառախուղի միջից։ Մառախուղը հետս տարա Կիև, մառախուղով գնացի։ Երբ լույսը բացվեց Մինսկի օդանվակայանում, միայն մոխրագույնն էր տեսանելի։ Ստոքհոլմը՝ սև-սպիտակ, ճանապարհը սև-սպիտակ, կարմիր տնակներն են նշմարվում ասես արյան հետքեր ձյան վրա։

Տագնապից բացի այլ բան զգալը դժվար է, հատկապես երբ ես պետք է լինեի ուրախ, ոգևորված, երջանիկ, որ վերջապես ինձ ու նպատակակետիս մի երկու ժամ է բաժանում։ Տագնապներս սկսեցին ավելի անտանելի դառնալ, երբ հերթով սկսեցին համարյա բոլոր վախերս իրականանալ։ Ու էլ չի ստացվում ինձ համոզել, որ ինչ-որ բան ռացիոնալ չի, երբ տագնապներն էնքան ճիշտ էին, ու ե՛ս, «խելացի» ես էի սխալ։ Բայց մի քիչ կարգավորել ստացվում է, երբ սկսում եմ պլանավորել ու պսևդոալգորիթմներ կազմել, թե կետ առ կետ, որ պարագայում ինչ եմ անելու, եթե տվյալ պառանոյան իրականանա։ Էդպես երբեմն ստացվում ա հանգիստ քնել, իսկ վատագույն վերջաբանի դեպքում ռազմավարություն կա։

Համարյա 1 տարի ասպիրանտուր գնալու գաղափարը գցել-բռնելուց, 5 ամիս կեցության իրավունքին, 3 շաբաթ՝ քարտին սպասելուց ու ավելի քանի 30 ժամ անքուն ճանապարհներ անցնելուց հետո վերջապես հասնում եմ PhD-իս։ Էնքան ժամանակ ա եղել, որ չեմ հավատացել ինքս ինձ, հետո թղթաբանություններից ներվայնացել ու ուզեցել հետ կագնել, որովհետև ինչ-որ տեղ ինչ-որ բանում հստակություն էր պետք, նույնիսկ եթե դա մերժում լիներ։

Համավարակի, պատերազմի, քայքայված հարաբերությունների միջով ու մեկ մազից կախված հոգեկան առողջությամբ ահա հասնում եմ Լունդ։ Էն ոգևորությունն եմ ուզում, երբ առաջին անգամ վայրէջք կատարեցի Վաշինգտոնում, երբ դուրս եկա Մյունխենի օդանավակայանից, երբ աշխարհը շատ մեծ էր, բայց ես էսքան փոքր չէի։ Երբ սիրտս արագ էր աշխատում ոչ թե տագնապից, այլ ոգևորությունից։

Հիմա ասես ինձ արհեստականորեն կտրտած լինեմ Հայաստանից ու վատ ֆոտոշոփ արած լինեն էստեղ։ Ես եմ, դատարկությունս, գլխիս միջի կռիվներն ու իմպոստեռի սինդրոմը։ Էնքան բաներ կարող էի ասած և արած լինել, գոնե ինչ-որ ներդաշնակությամբ գնալ, բայց ստացվեց ինչպես միշտ, միգուցե՝ ավելի վատ։

Գնացքը կկագնի, կյանքն էլ կկանգնի՝ առանց կանգնեցնելու։ Էս մի ճանապարհը շատ-շատ երկար էր, դեռ երկա՜ր փորձելու եմ վերլուծել ու ուշքի գալ վերջին 1-2 տարում։ Ցիկլը պետք ա ավարտել։ Էս անգամ որոշել եմ՝ լավ ա լինելու։ Լսու՞մ ես, Ռուբի, լավ ա լինելու, այսինքն՝ լավն ես դարձնելու։


Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը