ֆալաֆել ու դատարկություն

Առաջին հանդիպումից հետո Ռ.-ն ասում ա, որ ինքն աղջիկ է, անունն էլ՝ Եվա։ Երրորդ հանդիպմանը զգում եմ, որ նույնիսկ եթե ինձ ոչինչ ասած չլիներ, կհասկանայի, որ աղջիկ ա։ Ո՞նց առաջին հանդիպման ժամանակ չէի հասկացել։

Եվան հարցնում ա, ո՞նց կլինի հայերեն you are gorgeous. Մի քիչ խմած եմ, երկար մտածում եմ, մտածում ու ասում՝ «դու շատ սիրուն ես»։ Եվան անընդհատ կրկնում ա՝ դու շատ սիրուն ես, դու շատ սիրուն ես, շատ սիրուն ես։ Ես թեքում եմ գլուխս ու ասում, որ պետք ա գնամ տուն։ Եվիից առաջ էլ Գ.-ն էր ասում՝ դու շատ սիրուն ես, դու շատ խելացի ես, դու շատ... Ու ես էլի որոշեցի, որ պետք ա գնալ։ Ինչու՞ չես կարողանում կոմպլիմենտներ ընդունել, ասում էր Գ-ն։ Ինչու՞ ես նենց նայում, ոնց որ քեզ հեր եմ քրֆել։ Չգիտեմ։ Գ.-ից առաջ նույնն էին ասում x-ը, y-ը, z-ը ու մի շարք փոփոխականներ։ Չգիտեմ։ Բայց ես պիտի տուն գնամ։

Խմած եմ, բայց էնքան, որ մտքերս նորմալ էին, քայլերս էլ։ Բայց նաև էնքան, որ թքած ունեմ, որ ֆալաֆել ուտելուց սոուսը բերանիս վրայով ծորում է, հասնում վզիս։ Էնքան, որ ռիսկ եմ անում սկուտեռ քշել, բայց նաև գիտեմ, որ գլուխս չեմ ուտի։ Սկուտեռի ափփը չի աշխատում, իսկ ֆալաֆելը՝ համով չի։ Երևի պետք էր մշտական տեղից առնել, ֆալաֆելային պոլիգամիան իմ համար չի։

Եվիին ուղարկում եմ քնելու։ Գ.-ն գրում ա՝ կարոտել եմ, իսկ ես կարոտել եմ Յ.-ի կատվին։ Իսկ իրականում՝ ոչինչ չեմ զգում։ Երբ ինքնաթիռը բարձրացավ Զվարթնողից մոտ 4 ամիս առաջ, զգացի, թե ոնց ա մի մեծ բեռ ընկնում վրայիցս։ Բայց էդ բեռի հետ ընկան վերջին զգացմունքներս։ Վառվում են խանութի կանաչ լույսերը, կանաչ մառոլն ընկնում ա նոր լվացած շապիկիս, քամին խաղեր ա տալիս շորերիս ներսում։ Բան չեմ զգում, բացի էն զգացողությունից, որ միգուցե պիտի տխրեի հիմա, բայց դատարկությունը զբաղացրել ա ամբողջ տարածությունը։ Մեռնելու ցանկությունը վերջին անգամ Երևանում էր, բայց Երևանում էին նաև զգացմունքները՝ խճճված, ֆաքդ ափ, անհնար արտահայտել, բայց իրական։ Հիմա արհեստական ինտելեկտի նման խաղում եմ պատկերների ու ֆունկցիաների հետ, ու փորձում բանաձև գտնել կյանքիս համար։ Շիկահեր, սևահեր, կարմրահեր, դրեդեր։ Ինչքա՞ն կվճարեի, երբ կարողանային ինձ ստիպել նորից ինչ-որ բան զգալ։ Երևի ոչինչ, որովհետև էնքան էի երազել լինել «ռացիոնալ»։ Ըհը, կեր ցանկություններդ։ Քեզ հաջողվեց ամենաէմպատիկ երեխուց դառնալ կոճղ, ոնց ուզում էիր։ Դե կեր, Ռու, կեր եփածդ ճաշը։

Երեք բադ քայլում են հրապարակում։ Երեք բադ՝ բոլոր լճերից ու գետակներից հեռու։ Երեք բադ, որոնք նենց տեսք ունեն, ունեն ասես քաղաքի -տերերն են։ Երեք բադ, որ միշտ միասին են։ Երեք բադ, ում դիմաց կանգնում են բոլոր խմած ջահելները, հռհռում ու մտածում, թե ինչ են էդտեղ անում։ 

Պետք ա դադարել փնտրել իմաստներ, ու հատկապես՝ երջանկություն։ ինչու՞ են էս քաղաքում բոլորն էսքան երջանիկ։ Արևը շողում ա, մարդիկ շողում են, իսկ ես անկախ ինձանից վերլուծում եմ, թե ինչն ա իմ կյանքում ու հարաբերություններում սխալ եղել։ Ուզում եմ՝ հոսանքն ինձ էլ տանի, ես էլ ուղղակի լավ լինեմ, որովհետև երկինքը կապույտ է, իսկ արևը՝ դեղին։ 

Ժամանակին ես փնտրում էի մի բան, որ կօգնի ցավը մեղմացնել։ Բայց հիմա, ես քնում եմ ուրվականների հետ, ու նույնիսկ ուրվականներն են հրաժարվում արթնանալ հետս։ Ձեզ պահեք ձեր կոմպլիմենտները, ձեր հիացմունքը, ձեր բառերը։ Ես փնտրում եմ վալիդացիա, որ ինքնագնահատականս մինուս անվերջից մի քիչ էն կողմ քաշվի, բայց ստացածս մերժում եմ, որովհետև իրենք սխալ են, իրենք չգիտեն։ Թերևս թքած ունեմ ամեն ինչի վրա, ուղղակի ուզում եմ ինչ-որ բաներ կատարվեն կյանքումս, ուզում եմ լինեն մարդիկ, ովքեր կիմանան անունս, ուզում եմ երբեմն քայլել ու ծանոթ դեմքեր տեսնել։ Մեկն ասում էր, թե ինչպես կարող էր իմ նման մեկը իրեն ուշադրություն դարձնել։ Մի քանի րոպե հիստերիկ խնդում էի։ Իմ նմանը։ Ինչ կարծիք ունեն, կուզեի մի օր ինձ տեսնել նենց, ոնց իրանք։ Մի անգամ էլ Գ.-ն ասեց՝ you smell like home. Տուն չունենալ, ու լինել տուն ինչ-որ մեկի համար։ Զգացմունքներ չունենալ, բայց հոգ տանել։ Չունենալ ախորժակ, բայց սարքել քո ամենասիրելի ճաշիկները։ Ապագա չունենալ, բայց կորցնել անցյալ ամեն ինչը։ 

Էս գրառումը տխուր չի, որովհետև տխրությունը զգացմունք ա։ Էս գրառումն ուղղակի էն մասին ա, որ կան երեք բադ, որ ամեն որ ժամը 9-ին ֆռֆռում են հրապարակում, իսկ շրջակայքում չկա ոչ գետ, ոչ էլ լիճ, ոչ էլ որևէ մեկը ում նկատմամբ ինչ-որ բան եմ զգում։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը