ցանցից դուրս aka offline

 Այսօր քնելիս աուդիոգրքեր ու պոդքաստներ չկան։ Այսօր ես մենակ կմնամ քեզ հետ։ Այսօր գլուխս կսկսի ուժգին ցավել, որովհետև մոլեկուլների ու կիսահաղորդիչների հոսանքու կրկին կորցրի ինձ և կորցրի քեզ։ Քեզ հետ մնալը հին օրերի երգն է, որ լսել այլևս չեմ կարողանում․ մենք միշտ վերացնում ենք իրար, մենք չենք կարող իրար հետ լինել, ես չեմ կարողանում քեզ հետ մենակ մնալ։ Ինձ միշտ պետք է էն հիմար յութուբի հոլովակը, էն սարսափ ժանրի փոդքաստը կամ էն աուդիոգիրքը, որ մաշեցրի լսելով, որ միայն թե մենակ չմնամ ինքս իմ ու իմ մտքերի հետ։

Զգացողությունը, որ ես երջանիկ չեմ ու միգուցե չեմ եղել ու չեմ էլ լինելու վերմակի փոխարեն ծածկում է ինձ, ու սիրտս կծկվում է՝ փորձելով վերապրել ինչ-որ պահեր, երբ ես իրոք ինչ-որ մի բան եմ զգացել։ Սուր ու սիրուն ինչ-որ բան։ Հիմա օրերը հոսում են անգույն, ու ես շարժվում եմ՝ հույսս իներցիայի վրա դրած։ Միթե՞ սա էն կյանքն էր, ինչին ես ձգտում էի․․․

Ոնց որ մայոր Թոմը, ես լողում եմ անկշռության մեջ ու չեմ կարողանում կապի դուրս գալ։ Անհետանում են երջանկության վերջին հորմոնները, ու ձգվում-կտրվում են սարդոստայնի վերջին թելերը։ Կրկին սուզվում եմ նամակների, տասնյակ նամակների ու մեսենջերների տակ ու չեմ կարողանում որևէ մեկին արձագանքել։ Ես ինձ փաթաթել եմ էս ցանցում, որտեղ անցյալ, ներկա ու ապագա ընկերներն էին։ Թվում էր այստեղից դուրս գալու ճանապարհ չկա, բայց հիմա բոլոր շփումներում սպառվել են զգացմունքներն ու մնացել միայն սմայլիկները։ Ինչ-որ իսկական, թանձր ու ռեալ բան է պակասում․․․Անբավարարվածի նման թրև եմ գալիս չաթերում ու չեմ գտնում էներգիա պատասխաններ տալու համար։

Ինչ-որ պահի, ինչ-որ տեղ մենք իսկական եղել ենք ու հիացել գարնանային ծաղիկներով։ Ինչ-որ պահի ու ինչ-որ տեղ սիրուն էր կյանքը ու գիտությունը՝ փառքի անհաս մի ճանապարհ էր։ Բժիշկս ասում է, որ ես խնդիր չունեմ նպատակներ դնելու ու դրանց հասնելու, իսկ ես չեմ կարողանում բացատրել որ նպատակներ դնելու կարողությունս կորցրել են։ Կյանքս հոսում է գետի նման, բայց ոչ թե հայկական ժայռերից իջնող վարարած գետի, այլ շվեդական դաշտերի դանդա՜ղ ու հանդա՜րտ առուների նման, իսկ ես դանդաղ հունին հանձնված շարժվում եմ՝ հույս ունենալով որ կամ կհասնեմ ջրվեժի, կամ ինչ-որ սիրուն բան կգտնեմ։

Բայց սիրուն բաները վերացել են։ Սիրուն մարդիկ հեռու են։ Սիրունն՝ աբստրակցիա, սիրունն՝ անհնար։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը