Saudade

Հերթական անավարտ պատմությունից կոկորդում կծիկ ա ու էդպես էլ չեկած արցունքներ, որ կարող էին լցնել լճեր ու օվկիանոսներ։ Արցունքներս մի օր փչացան, զգացմունքներս էլ։ Ամեն ինչ փչացավ։ Կեղտաջրում սաղմոն փնտրող ձկնորսի պես ուզում եմ ինչ-որ բան գտնել` թղթին հանձնելու։ Հեռախոսի էկրանին։ Ստեղնաշարին։ Ինչևէ։ Բոլոր տեքստերը դառնում են գրելու մասին, իսկ գրել այդպես էլ չի լինում։ Ուզում եմ բառերի հետ անել էն, ինչ Դալին է անում նկարների հետ, ու Գաուդին` շենքերի։ Բառերն ուզում եմ ծալել, կոտրել ուղղություններն ու սահմանները, ունենալ միայն սուր անկյուններ ու չունենալ ուղիղ գծեր։ Բայց ես տուրիստ եմ գրականության մեջ, ոնց տուրիստ եմ Բարսելոնայում․ իմ արյան մեջ չի հոսում նեո-գոթիզմը, չնայած թե սուռեալություն պակաս չկա։

Ես առաջին անգամ եմ էս քաղաքում, բայց ես արդեն եղել եմ այստեղ։ Բոլոր քաղաքներն այլ քաղաքների գծային հավասարում են։ Կա մի 5 քաղաք ու դրանցով կարող ես կազմել ցանկացած քաղաք։ Ես եղել եմ բոլոր քաղաքներում, ու ես չեմ եղել ոչ մի տեղ։ Ոչնչից շունչս չեմ պահում, ու ոչինչ էլ չի բերում ինձ կյանք։ Իներցիայով հոսում ենք, բայց այդպես էլ չենք դառնում հեղուկ։ Ինչ-որ միջանկյալ վիճակում լռված։ Ինչ-որ միջանկյալ բան։ Արդյո՞ք թաղել եմ ստեղծագործականությունս, թե այն երբևէ գոյություն չեն ունեցել։

Թող լացեմ, խնդրում եմ, թող լացեմ էս անվերջանալի զգացմունքից, երբ չկա տխրություն, չկա ուրախություն, երբ կորցրել եմ ինչ-որ բան, որ երբևէ չեմ ունեցել։ Բոլոր քաղաքներում ես ուրվական եմ, բոլոր քաղաքներում օտար, ու բոլոր քաղաքներն են իմը։ Ասում են` բայց դու միշտ ուզում ես տարբեր լինես, էստեղ նման ես բոլորին։ Իսկ ձեր մտքով անցել ա, որ երբեմն բոլորին նման լինելն էնքան ազատագրող ա։ Չէ, ես չէի ուզի սեղմել ատամներս ամեն անգամ, երբ հերթական անգամ չեմ տեղավորվում կաղապարների մեջ։ Մի անգամ էլ մեյնստրիմն իմ հագով կարա լինի… 

Փակել պատուհանները, դռներն ու ինձ։ Չխոսել։ Նույնիսկ չփորձել հասկացված լինել։ Որովհետև… որովհետև… որովհետև 100 տարվա մենությունը անվերջ կրկնվող ցիկլ ա, ու բոլորս էլ մենակ ենք մեռնելու։ 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը