Սուրճ, փչացած ռադիո ու ցեխոտ կոշիկներ

Ինձ ու քննությանս մեկ գիշեր էր բաժանում: 
Երեկոյան ուշ, համալսարանը նորից միայն իմ թագավորություն էր։ Սիրում եմ երբ մենակ եմ լինում կոմպերի սենյակում, մենակ ամբողջ շենքում, ու նույնիսկ պահակների հիպոթետիկ գոյությունն ինձ չի խանգարում, որ ես ինձ համալսարանի տերը զգամ։ Մնում ա մի մահճակալ ունենամ էնտեղ, թե չէ մնացած ամեն ինչ կա, ու հետո հանգիստ կարող եմ փոխել գրանցմանս հասցեն։
Գիշերն հաղթահարելու համար սուրճ խմեցի գիշերվա 11-12-ի կողմերը։ Դե, դրանում ոչ մի զարմանալի բան չէր լինի, եթե ես չիմանայի, թե էդ սուրճն ինչ ազդեցություն ա ունենում վրաս։ Սա երրորդ անգամն էր այդ չարաբաստիկ սուրճը խմելու. առաջին անգամ առավոտյան էի խմել, սկսել բանաստեղծություններ գրել (ե՜ս, բանաստեղծությու՜ն), երկրորդ անգամ պատահեց սա (գրառմանս մեջ չէի խոստովանել, բայց դա էլ էր սուրճի ազդեցությունը, իսկ էս մի դեպքն էլ երրորդն է։ 

Սուրճ խմելուն հաջորդող առաջին փուլը սովորականն է. մե՜ էներգիա, մե՜ աշխատունակություն։ Մինչև առավոտվա 5:30 համալսարանում մնալուց հետո հասցրեցի ամեն ինչ ավարտել։ Երբ դուրս էի գալիս, արդեն հավաքարարները աշխատանքի էին եկել։
Դուրս գալուց զգում եմ, որ ուղեղումս ինչ-որ բան էն չէ. մտքերս չեմ կարողանում կառավարել, զգում եմ, թե ոնց ա նոր սովորածս նյութերը գնում խորք, դրանց շուրջ այլ անկապ մտքեր են հավաքվում, իսկ հետո՝ ինչ-որ գունավոր պայթյուն, որից էնպիսի փախած մտքեր ու հիշողություններ, որոնց գոյության մասին իսկի տեղյակ չէի։
Քայլում եմ, ու զգում, թե ոնց են բառերը պտտվում գլխիս շուրջ։ Հա՛մ զգում եմ, հա՛մ տեսնում. մեմբրան պոտենցիալ, մեմբրան պոտենցիալ,.. Ու դրանք ֆիքսված արագությամբ ու ուղեծրով չեն պտտվում, այլ պտտվելով մոտենում են ու մոտենալուն զուգընթաց մեծացնում արագությունը, հետո բախվում են ուղեղիս։ Բախումից հետո մի նոր արտահայտություն ա սկսում պտտվել: Հաջորդը «Լևինթալի պարադոքսն» էր, երբ մեկ էլ հանկարծ լսվում է.
-  Թող բացվի՜ առավոտը թաց, քեզ համաաաա՜ր, Լևինթալ,  քեզ համաա՜ր: 
Էս ի՞նչ երգ ա կիսառաբիզ, ես այն որտեղի՞ց գիտեմ, ինչի՞ ա դա հնչում իմ ուղեղում: Մեկ էլ երգը կիսատ ա մնում.
- Մի՛ գրե՛ք մեր հեռախոսահամարը, պարզապես հիշեք այն: 28 88 88...
Ստեղ ինձ բացում ա, չեմ կարողանում ինձ զսպել, կանգնում եմ ու մի քրքջալ եմ քրքջում: Հետո հանկարծ.
- Պատել է ինձ մի քնքուշ թախիծ,
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
որովհետև գիշերն անույշ է գիշերն հեշտագին...
- Հեզաճկու՜ն,- կողքից լսվում ա մեկ ուրիշ միտք։
Ճանապարհիս մի տեղ կա, որ շատ եմ սիրում։ Անտառակի ծայրին եգիպտացորենի դաշտն է, իսկ ներքևում՝ քաղաքը։ Կապ չունի ժամը քանիսն է, կապ չունի ջերմաստիճանը, եղանակը, տուն գալուց միշտ պիտի կանգնեմ ու մի քանի րոպե նայեմ քաղաքին։ Նայում եմ քաղաքի լույսերին ու ի՞նչ լսվի, որ լավ լինի. տոնածա՜ռ ջա՜ն տոնածա՜ռ, ի՜նչ սիրուն ես ու պայծառ։
Հա՛, զգում եմ, որ ուղեղումս ինչ-որ սխեմա էր վառվել, բայց ասենք օրվա կեսը Լինդեմանի ձայնն ա ականջակալներումս, ի՞նչ տոնածառ-ջան-տոնածառ, ու ինչի՞, արա, ինչի՞ Ալլա Լևոնյանի ձայնով։
Քամուն հակառակ քայլում եմ ու մխրճվում ցեխերի մեջ: Մեկ էլ հանկարծ հասկանում եմ ինչ անեմ, որ հանկարծ չցեխոտվեմ. եթե շա՜տ բարձր գոռամ իմ կոշիկները ցեխոտ չե՛ն, իմ կոշիկները ցեխոտ չե՛ն, չեմ կեղտոտվի: Հրճվելով կրկնում եմ, բայց չէ,  ի զարմանս ինձ չի օգնում ու ես դառնում եմ ճպճպացող ցեխագունդ: 
Հասնում եմ տուն, քցվում լողանալու, պառկում, որ վայելեմ նախաքննական քնի երկու ժամը, մեկ էլ սիրտս որոշում ա իր ձայնն էլ լսելի դարձնել. դե էնպես ա խփում, որ բարձր լսում եմ զարկերը: Շնչահեղձ եմ լինում, վալիդոլը վալիդոլի հետևից դնում եմ լեզվիս տակ, բայց ոչ մի ձև չի ստացվում քնել, իսկ ուղեղիս էն փչացած ռադիոն դեռ աշխատում ա: 
Ոչխարներ հաշվելու նոր մեթոդ եմ փորձարկում։ Առաջին մեթոդս, որը մի քանի անգամ աշխատել էր, չաշխատեց։ Սկսում եմ 20 ամինաթթուների անունները հիշել, եթե հիշում եմ, հետո՝ կառուցվածքները ու ընթացքում քնում եմ։ Բայց դե, էս անգամ չստացվեց։ Էս անգամ ոչխարիկս կլինի դենատուրացված, պատահական կծիկի վիճակում գտնվող սպիտակուցը, ցանկապատը՝ անցումային վիճակը, իսկ հենց թռնի՝ արդեն կհատնվի իր նատիվ վիճակում։ Ու նենց կայֆ էր, սենց գնդլիկ սպիտակուցներս թռնում էին, ստանում իրենց սիրուն ալֆա-պարույր ու բետա-շերտ վիճակները, բայց ես չէի գնում ու չէի քնում...
Տելեմարկետի հերթական գովազդի ժամանակ մտածում եմ՝ ո՞նց ջնջել էսքան ավելորդ ինֆո, ինչքա՜ն տեղ կազատվի... Չէ՛, ես պետք է հիշողություն ջնջելու մեթոդ մշակեմ, էս ինչքան տեղ են զբաղեցնում հիմարությունները։
Ծտերը ծլվլում են արդեն ու իհարկե, ինչ քնել... Մի կես ժամ շարունակ անկողին-պատուհան տրանզիտ եմ անում ու բացում-փակում պատուհանը, էդպես էլ չկողմնորոշվելով, տոթից խեղդվեմ, թե ծտերի ձայնի ներքո փորձեմ քնել։ Մինչ ես կկողմնորոշվեի արդեն գալիս ա գնալու ժամանակը... Բարեբախտաբար, գովազդային ու երաժշտական ընդմիջումներն ավարտվել էին։

Ես գիտեմ, որ դուք կհարցնեք, թե արդյո՞ք ես սուրճ եմ խմել։ Կամ ի՞նչ կար էդ սուրճի մեջ։ Բայց եթե մի օր ինձ հյուր գաք, խոստանում եմ հյուրասիրել։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը