Բաներ, որ ինձ դուր չեն գալիս Գերմանիայում

Գերմանիայի մասին լիքը լավ բաներ կարելի ա պատմել, բայց լավ բաները կսպասեն։ Հիմա հերթն էն բաներինն է, որոնց կա՛մ հազիվ եմ հարմարվել, կա՛մ դեռ չեմ կարողանում հարմարվել։ Կամ արդեն իսկ հարմարվել եմ, ուղղակի հիմա հազիվ ժամանակ ու հավես եմ գտել այս գրառումն ավարտելու, իսկ հին գրածներս ջնջել ափսոսում եմ:

Խանութների ժամանակացույց
Որպես մարդ, ով ամբողջ կյանքն ապրել է Երևանի ամենալֆիկաշատ մասում՝ Բանգլադեշում, ես միշտ սովոր եմ եղել, որ մոտակայքում շուրջօրյա բաց խանութ կլինի։ Նույնիսկ շենքի տակի փոքրիկ խանութիկներն էին բաց մինչև գիշերվա 11-12-ը։ Իսկ Գերմանիայում կիրակի օրով համարյա ոչ մի խանութ բաց չես գտնի, բաց խանութներն էլ փոքրիկ ու թանկ տեղերն են՝ սովորաբար գնացքների, ավտոբուսների կայարաններում։ Մյունխենում  բոլոր նորմալ խանութները ժամը 20:00-ին փակվում էին, ինչն, իմ իմանալով, պարտադրված է օրենքով: 
Մինչև Գերմանիա գալը նաև եկեղեցու մեծ ազդեցությունը չէի պատկերացնում, բայց թե՛ կիրակի օրը խանութների փակ լինելը, թե՛ Բավարայիում 20:00-ի օրենքը ի սկզբանե պարտադրված են եղել եկեղեցու կողմից: 
Ուլմում, հանրակացարանիս կողքին գտնվող սուպերմարկետը բաց է մինչև գիշերվա 12-ը, ինչը ոչ միայն երանություն է էստեղ ապրող ուսանողների համար, այլ նաև զարմացնում է բոլոր մարդկանց, ովքեր իմանում են էդ մասին: Հա, ի դեպ, Բադեն-Վյուրթեմբերգի օրենքն էլ թույլ չի տալիս 22:00-ից հետո ալկոհոլ գնել:
Սկզբում մի քիչ անսովոր էր, բայց հիմա արդեն սովորել եմ շաբաթվա առևտուրը պլանավորել ու ամեն դեպքում ինչ ասես առնել, որ հանկարծ կիրակի սոված չսատկեմ։ 

Բանկային համակարգ
Գերմանիայում եղած առաջին մի ամսվա ընթացքում շաբաթը գոնե մի անգամ բանկ էի գնում՝ մի ցուցակ հարց պատրաստած։ Հատկապես սկզբում, երբ գերմաներեն համարյա ոչինչ չէի հասկանում, բանկից ստացած մի կույտ նամակները կատաստրոֆա էին։ Նախ, թե Հայաստանում, թե Ամերիկայում սովորական Visa Electron քարտ ունեի, որով անում էի թե ամենօրյա ու օնլայն գնումները։ Իսկ էստեղ բանկում տվեցին Maestro քարտ, որով ոչ մի օնլայն շոփինգ էլ չի լինի անել։ Հետո երբ գնացի բանկ ու ասացի, որ ինձ ինտերնետով գնումների քարտ է պետք, ասացին՝ բա թե մի քանի ամիս պիտի անցնի, տեսնենք՝ արդյո՞ք ֆիքսված եկամուտ ունես, որ MasterCard տանք, ու մի ձև բացատրելուց հետո, որ ես ուզում եմ իմ ունեցած փողն օգտագործել, ինձ Prepaid MasterCard տվեցին։
Հետո փորձում էի հեռախոսս օնլայն լիցքավորել, հաշվեհամարիս տվյալները գրեցի, մեկ էլ մեյլ ստացա, որ ինչ-որ բան պիտի ստորագրեմ, ուղարկեմ իրենց, որ գումարը հանեն։ Հմմ, ասա MasterCard-ով առնեիր, էլի։
Թերևս մի 2-3 ամսում հասցրեցի բանկային համակարգի հետ գրեթե ամեն ինչ հասկանալ, բայց էսքան գրել էի, հո չէի՞ ջնջի:

Բյուրոկրատիա
Գերմանիան ու թղթաբանությունը հոմանիշ բառեր են։ Ամեն քայլափոխին հերթական թղթաբանությունն ու անընդհատ ինչ-որ անհասկանալի գերմաներեն թղթեր պիտի ստորագրես։ Ու եթե բախտդ բերում է, երբեմն բացատրում էլ են մանրամասն, թե ինչն ինչի համար է։
Նույնիսկ էն բաները, որ հեշտ ու հանգիստ կարելի է օնլայն տարբերակով անել, տպած թուղթ է պետք։ Օրինակ՝ համերգների տոմսեր էի վերջերս նայում, մեկ էլ պարզվում է, որ օնլայն տոմսի ձև չկա։ Պետք է թղթից տոմս պատվիրել, առաքեն։ Ու նույն խմբերի այլ երկրներում համերգների ժամանակ օնլայն տոմսեր կային։
Նաև, լիքը համալսարաններում դիմելու ընթացակարգը ամբողջությամբ օնլայն է, իսկ էստեղ օնլայն բաներ լրացնելուց հետո էլ ամեն ինչ պետք է տպել, ստորագրել, փոստով ուղարկել։
Համալսարանում մի շատ փոքրիկ՝ 2 ամսանոց աշխատանքի համար մեկ շաբաթ շարունակ անհասկանալի փաստաթղթեր էի լրացնում, հետո մինչև օրս էլ անհասկանալի փաստաթղթեր եմ ստանում փոստով: Խիստ կասկածում եմ, որ լավ գերմաներեն հասկանալու դեպքում էլ կջոկեի, թե ով ում բարեկամն է:



Համ էլ մոտս տպավորություն է ստեղծվել, որ լիքը բաներ շատ ավելի հեշտ եղանակով կարելի է անել, բայց էստեղ սիրում են ամեն ինչ բարդացնել ու խճճել։

Ռամշտայնաֆոբիա ։D
Գերմանացի ծանոթներիս մեծ մասն իմանալով, որ Ռամշտայնն իմ ամենասիրած խմբերից մեկն է, մի տեսակ տարօրինակ հայացք են նետում վրաս։ Գերմաներենիս դասատուն էլ էն օրն ասում ա՝  միջազգային ուսանողների մեծ մասը Ռամշտայն ա սիրում։ Ու հորդորում էր հասկանալ, որ Գերմանիան միայն Ռամշտայնը չի։ Այո՛, սիրելիներս, Գերմանիան ընդհանրապես Ռամշտայն չի, դեռ ավելին. դեռ ավելին գերմանացիներից ոմանք նրանց ատում են՝ նացիստ համարելով, նույն պատճառով նրանց սիրում են նեոնացիները, բայց մենք հո գիտենք, որ օրինակ վիճահարույց Mein Land-ն ընդամենը սարկազմ է։ Գերմանիան Ռամշտայնը չի, բայց էդ խումբը եսիմերբվանից մոտիվացնում էր գերմաներեն սովորել, ու միգուցե իմ ուղեղը քերականություն չմտներ, եթե ամեն ինչ չկապեի Ռամշտայնի երգերի հետ ու էդպես հիշեի։ Ծանոթներիցս մեկն ասում էր, որ դժվար ա Ռամշտայն սիրելը, երբ առաջին անգամ լսելիս բառերը հասկանում ես։ Ինչ խոսք, ես ու էլի շատերը սկսել ենք սիրել, հետո ենք բառերը թարգմանել։
Ասում են՝ մենք շատ ավելի լավ խմբեր ունենք։ Գիտեմ, գերմանական խմբերը միշտ իմ թոփում են եղել. Subway to Sally, Schandmaul, Tanzwut, Lacrimosa, Knorkator, Powerwolf, բայց էստեղ շատերն էս խմբերի մասին լսած էլ չկան։
Ինչևէ, համարյա միշտ, երբ ասում եմ, որ Ռամշտայնն իմ ամենասիրելի խմբերից մեկն է, վայելում եմ հատկապես տարիքով մարդկանց թարս հայացքները:

Զիբիլի (հեռուստատեսության և ռադիոյի) փող

Այս կետում ես չեմ խոսելու իսկական զիբիլի, ասել է թե՝ աղբի գումարի մասին: Իմ անձնական ժարգոնում զիբիլի փող համարում եմ հեռուստատեսության և ռադիոյի ամսավճարին: Շատերը կասեն, որ հա, նորմալ է ռադիոյի և հեռուստատեսության համար գումար վճարելը: Այո՛, նորմալ է, եթե դու գրողի տարած ռադիո կամ հեռուստացույց ունես: Սակայն օրենքը պարտադրում է, որ դու վճարես ամսական մոտ 18 եվրո կազմող այդ գումարը՝ անկախ էն փաստից, թե դու հեռուստացույց և ռադիոընդունիչ ունես, թե ոչ: Ամսական գումարը նախատեսված է բնակարանի համար, որն ունի սեփական խոհանոց և բաղնիք-զուգարան, այսինքն երբ մեկի հետ կիսում ես դրանք, գումարը նույնպես պետք է կիսվի: Սակայն գումարը հավաքող կազմակերպությունը կարող է վճարման նամակն ուղարկել բնակարան նոր տեղափոխված ցանկացած մարդու, ու եթե տեղյակ չես, որ բնակարանակիցդ արդեն իսկ վճարում է, ոչ մեկ քեզ հետ չի պահի կրկնակի վճարելուց:
Կամ օրինակ եթե բնակարանակիցդ գերմանացի է, և ինչ-ինչ օրենքներով ազատվում է գումարը տալուց, ապա ամբողջն ինքդ պիտի տաս:
Բայց ձեր ականջին մի գաղտնիք ասեմ. ես չգիտես թե ոնց, դեռ չեմ ստացել այդ գումարը վճարելու մասին նամակը: Դե, հույս ունեմ չեմ էլ ստանա: Ու իմ ամենամեծ ֆոբիաներից մեկն էն է, որ մի օր էդ նամակը կստանամ, որում նշված կլինի, որ անցյալ ամիսների համար էլ պիտի վճարեմ:

Եվ որպես բոնուս՝ կյանքն առանց տորենտների
Հեղինակային իրավունքները խախտող ցանկացած նյութ ներբեռնելը Գերմանիայում խիստ թանկ հաճույք է։ Տորենտների թեմայով ահագին կարդացել ու ուսումնասիրել եմ, ու իմ հասկանալով՝ ինչ-որ իրավաբանական կազմակերպություններ կան, որոնք անունով զբաղվում են հեղինակային իրավունքների պաշտպանությամբ, բայց տորենտողների միջոցով լավ եկամուտ են ստանում։ Սովորաբար նստում են հայտնի տորենտ կայքերում, գրանցում IP-ները, հետո ինտերնետ տրամադրողից ստանում էդ մարդու տվյալները, որից հետո էլ մի քանի հարյուր եվրոյանոց տուգանքի նամակ է գալիս, որը չվճարելու դեպքում սպառնում են դատի տալ։ Հետաքրքիրն այն է, որ էդ կազմակերպությունները ֆանտաստիկ մեծ գումարներ են պահանջում ու եթե մեղադրվողը դատապաշտպան վարձի, մի քանի անգամ կարող է կրճատվել տուգանքի չափը:
Էստեղ ամենատհաճ երևույթը նաև այն է, որ ենթադրենք մարդն օտարերկրացի է ու որևէ պատկերացում չունի, որ տորենտներն անլեգալ են և Գերմանիա գալուց առաջ չի ջնջել համապատասխան ծրագիրն: Էստեղ նույնիսկ առաջին անգամը որևէ զգուշացում չկա. եթե բռնեցին, վերջ, պիտի մուծվես:
Ես Ռուբին եմ ու արդեն 8 ամիս է ոչ մի տորենտ չեմ ներբեռնել: Փառք VK-ին ու սերիալներն օնլայն նայելու ախմախ ռուսական կայքերին:

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը