Հայերեն գրառում հայերենի մասին

Ծանոթներիցս ով իմանում է՝ բլոգ եմ գրում, հղումն է խնդրում։ Ծիծաղում եմ, ասում՝ հա՛, կտամ բլոգիս լինկը, բայց մեկ է՝ չեք հասկանա, որովհետև հայերեն է։ Ոման փորձել են գուգլ թրանսլեյթ կիրառել, բայց իմ անկապ թարգմանության ու իմ սլենգի համադրությունը հասկանալ չի հաջողվել։ Մեկ-մեկ ես էլ եմ ուզում քարը փեշիցս գցել ու սկսել անգլերեն գրել, որովհետև ի վերջո էս պահին ինձ շրջապատող մարդիկ հայերեն չգիտեն, իսկ ֆեյսբուքում չտարածելու դեպքում հատուկենտ մարդիկ են բլոգս ոտք դնում։

Բայց մի քիչ մտածելուց ջոկում եմ, որ իրականում գրածներս առանձնապես ոչինչ են ու հիմնականում դրանցով բավարարում եմ հայերենով գրելը պահանջս։ Հա՛, հայերենը երբեմն պահանջ ա, ինչպես օրինակ տաք շոկոլադ խմելը, ֆոլկ մետալ լսելը, դրսում թափառելը։ Առանց դրանց չեմ մեռնի, բայց դրանց բացակայությամբ կյանքից մի բան ոնց-որ պակասի։

Հայաստանի հետ երբեք էլ կապված չեմ եղել։ Կյանքիս տարբեր շրջաններում միշտ թվացել է, որ շրջապատումս ինչ-որ բան իմը չէ, ինչ-որ բան սխալ է։ Բայց հայերենը, որով էդքան կարդացել եմ, խոսել եմ ու լսել, ինձ լրիվ միաձուլված է։ Վերջերս նոր հոբբի եմ ձեռք բերել, դե մասամբ գերմաներենի ազդեցությամբ. սկսել եմ հայերեն նոր բառեր «հորինել»։ Այսինքն՝ բառերը խառնում եմ, կպցնում իրար, նոր իմաստներ վերագրում, իմ համար խոսում ու ուրախանում։ Երբեմն թվում է, որ միակ լեզուն, որը ես գիտեմ, հայերենն է, որովհետև ինչքան էլ ազատ խոսեմ անգլերեն, ակադեմիական գրականություն կարդամ, միևնույն է, մենակ հայերեն խոսելուց ինձ ազատ կզգամ։ Ազատ ոնց որ մե՜ծ ու կանաչ անտառում։

Երբ ԱՄՆ-ում էի, ընդհանրապես հայ չկար տարածքում։ Տանն էլ ինտերնետս վատ էր, համարյա չէի զանգում Հայաստան։ Դրա համար, երբ Նյու Յորքում Ուլուանայենց տանն էի, էնքան անսովոր էր հայերեն խոսելը, զգում էի, որ բառերն առաջվա պես սահուն չեն կպնում իրար ու էնքան անհարմար էր։ Հիմա մարդիկ կան, ում հետ հաճախ խոսում եմ հայերեն ու երբեմն մարդկանց հետաքրքրասեր հայացքների ներքո, որ փորձում են պարզել, թե որտեղից ենք ու ինչ տարօրինակ լեզվով ենք խոսում։ Կամ որ ավտոբուսում կողքիս նստածը ժամանակ առ ժամանակ հայացք է նետում դեմքիս, հետո՝ կարդացածս գրքի տարօրինակ տառերին ու վստահաբար էդպես էլ չի կողմնորոշվում թե ով եմ և որտեղից։

Անցյալ տարի, երբ Մյունխենում է երկու ամսով, բացի գերմաներեն սովորելուց այլ անելիք չունեի, դրա համար էլ դասերից ազատ ամբողջ ժամանակը թրև էի գալիս փողոցներում ու փորձում լսել, կարդալ, խոսել ու հասկանալ։ Ու էդ ընթացքում էլ հորինեցի իմ «Հայ-չհայ» խաղը. երբ արտաքնապես ինչ-որ մարդիկ «հայեցի» (տիպիկ դիմագծեր + լիքը շպար ու զարդեր կանանց դեպքում, քյարթու արտաքին, փորիկ՝ տղամարդկանց) էին թվում, մի փոքր տարածքում էի մնում, մինչև խոսեն ու հասկանում էի՝ հայ էին թե չէ։ Դիտարկումներիս մեծ մասում ճիշտ էի, իսկ երբ սխալվում էի՝ հաճախ հարևան երկրների ներկայացուցիչներ էին լինում։ Բայց ի տարբերություն Մյունխենի, Ուլմի փողոցներում հայերեն հաճախ չես լսի, ու էստեղ էլ զարգացրի իմ «քրիփի բարևը»։ Ես ընդհանրապես մարդկանց, հատկապես՝ անծանոթ, շփվել չեմ սիրում, բայց էս բարևախաղս մի տեսակ ահագին զվարճալի է. երբ լսում եմ հայերեն խոսող մարդկանց, մոտենում եմ, իմ ամենաինքնավստահ ձայնով ասում «Բարև Ձեզ», մի պահ նայում մարդկանց զարմացած-չկողմնորոշված հայացքներին ու ուրախ հեռանում։

Վերջին ժամանակներս ինտերնետի օգտագործումը նվազեցրել եմ, բայց դրան զուգահեռ նաև հայտնվել է հայերեն երգերով փլեյլիստ ու բլոգների ընթերցացանկ։ Երբ օրվա ընթացքում հայերեն չեմ խոսում, կարդում, լսում, գրում, մի տեսակ (չգիտեմ ինչ տեսակ, բայց մի ուրիշ) ա դառնում ամեն ինչ։ 



Comments

  1. Մենք էլ ենք հաճախ փորձում գլխի ընկնել՝ էսինչ մարդը հայ ա, թե չէ։ :))) «Բարև Ձեզ» խաղդ լավն էր բայց։ :D Իմ հավեսն էլ եկավ։ :D

    Լսի, ես քո բլոգին հետևել էի, բայց տեղեկացումներ չեմ ստանում նոր գրառումների դեպքում, ինչի՞ց կլինի։ Վերջին երեք գրառումներիդ մասին չէի իմացել, նոր կարդացի երեքն էլ։ Ծլնգը որ քեզ ուղղված բան էր գրել իր մոտ, դրանից ենթադրեցի, որ երևի նոր գրառում կունենաս, եթե հիմա ա գրում։ Տենց, մտա, տեսա, թե չէ՝ չէի իմանալու։

    ReplyDelete
    Replies
    1. Ես ամենաշատը «Բարև Ձեզի» արդյունքում մարդկանց դեմքերն եմ սիրում։ ^_^

      Եսիմ, Ան, ես չգիտեմ Գուգոն ոնց ա որոշում տեղեկացնի, թե չէ։ Բայց ես սկսել եմ բրաուզերի համար RSS Feed Reader extension օգտագործել, շատ հարմար ա, հենց հետևածս բլոգներից մեկում գրառում ա հայտնվում, դրանով notification ա հայտնվում։

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը