Ֆիզիկոսը. պարոն Կատարելություն

Իրեն ուզում էի տեսնել դեռ այն պահից, երբ առաջին անգամ կարդացի, ավելի ճիշտ` թերթեցի իր հոդվածներից մեկը։ Հարդքոր մաթեմատիկական ֆիզիկա էր. էն որ մի բանաձևից մյուսը ստանալու համար մի երկու էջ դուրս բերում անել էր պետք։ Ինքն էս ինստիտուտի ամենահրապարակված գիտնականներից է, եթե ոչ` ամենահրապարակվածը։ Իր մասին անընդհատ խոսում էին լաբերի ղեկավարները` որ այս կամ այն հավասարումն ինքն է ստացել։
Մի անգամ ինստիտուտի աշխատակիցներով էքսկուրսիայի էին գնացել, մեկի հետ ծանոթացա, նույն անունն ուներ։ Ամբողջ ընթացքում մտածում էի արդյոք ինքն է թե ոչ, բայց տարիքին նայելով ու հոդվածների թիվը մտաբերելով եզրակացրի, որ հավանաբար ինքը չէ, քանի որ նորածանոթս 15 տարեկանում լուրջ ամսագրերում հոդվածներ դժվար գրած լիներ։

Մի երկու օր առաջ պրոֆեսորն ասաց` գնանք իրենից էս ինչ ծրագիրը վերցնենք, որ աշխատես վրան։ Չգիտեմ էլ ինչու, ահավոր ոգևորված էի, որ վերջապես կտեսնեմ թե ով է ինքը։ 

Էստեղ մարդիկ սովորաբար բաց դռներով են աշխատում. աշխատակիցները մտնում ելնում, գալիս գնում են։ Նրա դուռը փակ էր։ Պրոֆեսորը դուռը ծեծեց ու մտանք։  Նրան չէի հանդիպել ոչ միջանցքներում, ոչ լանչի, ոչ էլ` հանդիպումների ժամանակ։ Անցումային ճառագայթման տեսության տիրակալին եթե փողոցում տեսնեի, առաջին միտքս կլիներ որ նա մոդել կամ դերասան է, բայց ոչ երբեք ֆիզիկոս։ 
Նա իմ տեսած բոլոր ֆիզիկոսներից տարբեր էր։ Առաջին տպավորությունն էր. ի՞նչ է անում Լակրիմոզայի Թիլո Վոլֆն էստեղ, ուղղակի նա Թիլոյի ավելի նուրբ ու ավելի գրավիչ տեսակն էր։ Ու էն մարդկանցից էր, որ իրենց ներկայությամբ մի տեսակ անհարմար ես զգում, քանի որ իրենցից մի տեսակ կատարելություն է ճառագայթում։

Ահավոր նուրբ ու ուղիղ դիմագծերով դեմքին մազածածկույթի ոչ մի նշույլ չկար։ Մազերը կոկիկ կտրած ու հարդարված (հիշում եմ թե ոնց օրեր առաջ մկրատն  առա ու մազերս ծուռմռտիկ կտրեցի): Մատները` երկար ու նուրբ, եղունգները` մշակված ու սիրուն հարդարված (կրծած եղունգներով ու պոկված մաշկով մատներս ինքնաբերաբար գրպաններս եմ խցկում)։ Սև վերնաշապիկի վրա ոչ մի ծալք անգամ չկա (ջինսիս փեշերը ցեխոտ են), սև կոշիկները մաքրությունից փայլում են (բոթասներս էլ են ցեխակոլոլ): Ունքերը բարակ, հազիվ նշմարվող ( ինձ Բրեժնև եմ զգում): Տեսնես ինչքա՞ն ժամանակ է հայելու առաջ անցկացնում, ոտքից գլուխ անթերի տեսքը ստանալու համար։ 
Նա խոսում է դանդաղ ու սահուն. ես ավելի շատ ուսումնասիրում եմ իրեն, քան փորձում հասկանալ գերմաներեն խոսակցությունը։ Պրոֆեսորին կանչում են, հարցնում է` գրե՞մ տամ բանաձևերը։ Չէ, ասում եմ, հոդվածը կկարդամ։ Ինքնասիրությունը շոյվում է, ցույց է տալիս, որտեղից ներբեռնեմ։

Նրա ծրագիրը պետք է այլ մեթոդով փորձարկվեր, որ կարողանայի օգտագործել։ Պրոֆեսորն ասում է՝ բայց առանց թեստի էլ կարելի է օգտագործել, որովհետև 99.99%-ով նա ճիշտ է։ Իհարկե՛, նա ճիշտ է, որովհետև նա կատարյալ է իր հոդվածներով ու անդրոգին անթերի արտաքինով։

Հ.Գ. Հաջորդ օրն էլ տեսա, կոշիկի ծայրին ցեխի փոքրիկ հետք կար (ախր ես ե՞րբ էի կոշիկներին նայում։) Նա այլևս պրն Կատարելությունը չէ։ 

Comments

  1. Հա․․․ հիշեցի թե ինչ էի ուզում ասել, բայց մինչև դա ասելս՝ որ վերընթերցեցի, մի պատմվածք այն հիշեցրեց։ Ցավոք սրտի բնօրինակ անգլերենը չգտա, բայց ես դպրոցական տարիքում կարդացել էի հենց ռուսերեն։ Ու մտքումս մխրճվել էր սվիտերների մասին զրույցը։ :)

    Իսկ ուզում էի ասել այն 99.99% ճշտության մասին․․․ մի դասախոս ունեի, ով մի օր ինչ-որ հաշվարկ էր անում գրատախտակի վրա, որը չէր ստացվում, մեկ էլ մի հրաշքով ստացվեց։ Ու ասեց, որ վերջ, իր գործը վերջացած է։ Մենք էլ սկսեցինք ձեռ առնել, սա էլ ահագին հումորով մարդ էր, պատմեց իր վերաբերմունքի մասին՝ հաշվարկների նկատմամբ՝ մի անգամ եթե ստացվում է, ուրեմն վերջ՝ հենց էդ է, ու սա համեմատեց իր ասպիրանտուրայի համակուրսեցու հետ, ով հաշվարկը համարում էր ճիշտ, միայն այն դեպքում, երբ տաս տարբեր հաշվարկումների դեպքում նույն պատասխանն էր ստանում։ :) Այդ իր համակուրսեցին 99.99% ճշտության րեպուտացիա ունի, իսկ դասախոսս՝ թե՛ գիտական աշխատանքով, թե՛ կյանքում համարվում է թաթալաբազ։ Եսիմ ինչի հիշեցի․․․ երևի որ 99.99% ճշտությունը ինձ մոտ ասոցիացվում է հենց մանրակրկիտ աշխատանքի հետ, բայց դե երևի ցանկացած կատարելությունն էլ դրա հետևանք է։

    Հ․Գ․
    Վորդփրեսի ավտորիզացիան չի աշխատում, կարծես։ Ասում է «Your OpenID credentials could not be verified», չնայած որ չի էլ հարցնում գաղտնաբառ։

    ReplyDelete
    Replies
    1. Անընդհատ միստեր Ապոկալիպս էի կարդում։ :D Հա, սվիտերների մասին զրույցը ամենատպավորվող պահերից էր։

      Հա, էդ կատարելության ձգտող ճշտությունը շատ աշխատանքի արդյունք ա, բայց մարդու բնույթից էլ ա. հենց քո դասախոսի ու իր համակուրսեցու օրինակով էլ։ Մարդ կա ինչքան էլ աշխատի, ինչ-ինչ պատճառներով նույն թաթալաբազ անջատվածն ա։ Ես էլ եմ տենցը, ու որ հաշվարկներս ստուգում եմ, մի հինգ անգամ տարբեր պատասխաններ եմ ստանում։ Ու եթե շատ կարևոր ա արդյունքը, մի քսան անգամ էլ եմ փորձում ու ընտրում ամենամեծ հավանականությունն ունեցող տարբերակը։ :D

      Բայց նիքդ դեպի բլոգդ ա տանում, վերջն ինչպե՞ս աշխատեց։

      Delete
    2. Name/URL տարբերակով մեկնաբանությունս արեցի։ Բայց տենց էլ captcha-ներն են հոգահան։ :D

      Թաթալաբազի պահով... հա, միգուցե։ :) բայց դե դրանով էլ է աշխարհը գեղեցիկ, որ բոլոր մարդիկ նույն ձևի կատարյալ չեն։

      Delete
  2. Բրեժնև :))
    Էդ կատարելության փլուզման մասին ես էլ մի պատմություն ունեմ. https://urish.livejournal.com/84379.html :)

    ReplyDelete
    Replies
    1. Հիշում եմ էս գրառումդ, կարդացել էի բլոգդ փորփրելիս։ :)

      Delete
    2. Հա՞։ Բայց էդ էնքան հին գրառում ա, մի հինգ տարվա՝ մինիմում։ Բացի էդ՝ ես գոնե էդ ժամանակ հինգ տարեկան էի, իսկ դու արդեն մեծ աղջիկ ես, բա արժի՞ տենց միանգամից գահընկեց անել Նորին Մեծություն Կատարելությանը :))

      Delete
    3. Հա, մոռացա ասեմ՝ իսկ ես բլոգդ միայն Ծլնգի նամակով հայտնաբերեցի, մի քանի գրառում կարդացի, շատ լավն են /անասնագոմն, օրինակը/, հետո տեսա լիքը կարդալիք կա դեռ, ուրախացա, ժամանակ հենց ազատվի, նստեմ՝ վայելեմ :)

      Delete
  3. Բլոգիդ բոլոր քոմենթներն ո՞ւր կորան... Երեկվանից անհետացել են մինչ այժմ եղած բոլոր մեկնաբանությունները։ Դրույթները թարմացնելու արդյու՞նքն էր։

    ReplyDelete
    Replies
    1. Բոլորը չէ, անցյալ տարվա մեկնաբանությունները կան։ :D Ինչ-որ ժամանակ առաջ Բլոգսպոթում երևի թարմացում էր եղել ու դրա արդյունքում միայն Գուգլի հաշվով կարելի էր մեկնաբանել։ Դա փոխելուց հետո Գուգլի հաշվով գրված մեկնաբանությունները անհետացան բլոգից։

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը