Գիտությունն ու սոցիալիզացիան

Տարիներ առաջ, երբ վերջապես կողմնորոշվեցի մասնագիտական ընտրության հարցում, ֆիզիկան ընտրելու պատճառներից մեկը (թեև երկրորդային, երրորդային պատճառ էր) այն էր, որ կարծում էի գիտությամբ զբաղվելու նվազեցնելու եմ շփումս մարդկանց հետ։ Մտածում էի՝ կլինեմ ես, իմ գրքերը, հաշվարկները և վերջ։
Բայց դա մեծագույն սխալ պատկերացում էր, որը, սակայն, հիմա եմ հասկանում։


Չգիտես ինչու՝ ես հարցեր տալ չեմ սիրում։ Ներսումս մեծ ֆոբիա կա՝ ինչ եթե հիմար հարց տամ։ Ու նույնիսկ երբ ուժերս հավաքեմ ու հարցնեմ, դա կլինի երբ տակով ու վրայով թեման ուսումնասիրեմ, այսինքն` երբ կարելի է ասել, որ հարց տալու անհրաժեշտություն էլ չի լինի։ Իմ շատ սիրելի Մառոզովն ասում էր, որ հիմար հարցեր չկան, կան հիմար պատասխաններ։ Ես հաղթահարել էի իրեն հարցեր տալու վախը, բայց ցավոք, այլ մարդկանց դեպքում չի գործում։
Դասերի ընթացքում սոցիալիզացվելու կարիք առանձնապես չի լինում, բայց այս կիսամյակ սկսել եմ պրակտիկաներիցս մեկը, որը պահանջվում է իմ մագիստրոսական ծրագրով։ Քանի որ անծանոթ պրոֆեսորների դռներ ընկնելու ոչ ցանկություն, ոչ էլ մոտիվացիա ունեի ընտրեցի նախորդ կիսամյակ մեզ դասավանդած պրոֆեսորներից մեկի ինստիտուտը։ Իր աշխատանքային խումբը զբաղվում է լույսի տարածման ուսումնասիրմամբ, որը կիրառվում է ոչ միայն տարբեր հիվանդությունների ախտորոշման, այլ նաև ասենք սննդի որակի ստուգման մեջ։ Կարելի էր ընտրել երեք ճյուղերից ` փորձեր, տեսություն և սիմուլյացիաներ։ Քանի որ ես «չքնաղագեղ» փորձարար եմ, տեսության հավես առանձնապես չունեմ ու ուզում էի լավացնել ծրագրավորման գիտելիքներս, որոշեցի սիմուլյացիաներով զբաղվել։ Առաջարկվող թեման էլ ահագին հետաքրքիր էր։

Բայց առաջին իսկ օրը որ գնացի, սկսեցի խճճվել մարդկանց ու կոդերի ամբոխում։ Ունեի երկու ղեկավար և իմ գործը, իրենց տեսությունների համեմատումն էր, ուստի ես ունեի երկուսի կոդերը և պետք է սկսեի համեմատել։ Բայց խնդիրն էն էր, որ ես առանձնապես չէի հասկանում թե ինչ պիտի անել ։ Մի ղեկավարն ասում էր մի բան, ու մինչ սկսում էի անել դա, գալիս էր երկրորդն ու ասում մեկ այլ բան։ Ու ես չգիտեի| վերջացնել առաջինը, սկսել երկրորդը, թե ինչ անել։ Բայց սա չարյաց փոքրագույնն էր. ես մոլորված էի, որովհետեւ չգիտեի թե էդ կոդերն ինչ են անում (դրանք համարյա մեկնաբանված չէին) ու նաև չգիտեի ոչինչ Լինուքսի ու սերվերների հետ աշխատանքի մասին, ուստի պրակտիկայիս սկզբնական մասը Լինուքս բզբզալն ու տարիների ընթացքում տարբեր մարդկանց կողմից զարգացված հսկայական կոդերի աշխատանքը հասկանալն էր, քանի որ ի վերջո ես պիտի աշխատեի դրանցով, իսկ ղեկավարներիցս մեկի ասած` այն որպես սև արկղ դիտարկիր խորհուրդն իմ համար չի գործում։ Հա, ու էս ղեկավարային հորձանուտում և ոչինչ չհասկանալու ցիկլում ես էլի վախենում էի հարցեր տալ։ Օրինակ` ծրագիրն ինձ տալիս է տարբեր ֆիզիկական մեծություններ, որոնք պետք է վիզուալացնեմ  և այլն, բայց որևէ տեղ նշված չէր, թե որն ինչ է։ Ու փոխանակ գնայի ու հարցիս պատասխանը մի րոպեում ստանայի, ես մի քանի ժամ բոլոր հնարավոր տարբերակները փորձում էի, բոլոր հնարավոր կոմբինացիաներով գրաֆիկները կազմում, մինչեւ հասկանամ թե ով ում բարեկամն է։
Ու մինչ ես ժամերով փորձում էի հարցեր տալու համարձակություն հավաքել, տեսնում էի թե ինչպես են մարդիկ շփվում իրար հետ։ Մեր աշխատասենյակը հաճախ Բանգլադեշի բիսետկի էր նմանվում. սենյակակիցներս, այլ կոլեգաներ աթոռներին, սեղաններին, պատուհանագոգերին նստած բարձը խոսում, քննարկում ու վիճում են։ Ինչ-որ հարց լուծել չկարողանալու դեպքում գնում մեկ այլ մարդուց են ճշտում և էսպես ամեն օր, էսպես շարունակ։ Նայում եմ իրենց ու համարյա երազում, որ ես էլ ընդունակ լինեմ հարցեր տալու, այլ ոչ թե թափառեմ անորոշության հորձանուտում, փորձելով կռահել թե ինձանից ինչ են ուզում և ինչու...

***
Գրառումը սկսել էի նոյեմբերի սկզբին, և քիչ առաջ գտա դրաֆթների անհամար ցանկի միջից։ Ինձանից ահագին ջանք պահանջվեց, ահագին ստրեսների մեջ ընկա ու դուրս եկա, մինչև կարողացա սկսել մարդկանց հարցեր տալ։ Գրառումը սկսել էի ահագին հուսահատ և խճճված, բայց ավարտելու պահին գիտեմ, որ այս մի ֆոբիաս ինչ-որ չափով հաղթահարված է։
Ուղղակի երբեմն այնպիսի վիճակներ էին լինում, որ տասնյակ գրքեր ու հոդվածներ քրքրելը, մտածելն ու փորձելը չէին կարող հանգեցնել էնպիսի արդյունքի, ինչ հինգ րոպե հետո էդ թեմայում մասնագիտացած մարդու կամ էդ ծրագրի հեղինակի հետ խոսելը։ 
Սոցիալիզացվելու անհրաժեշտության մասին ամենալավը հասկացա, երբ մի կոլեգայի (նրա մասին գրառումը ևս սպասում է դրաֆթներում) հետ մի քանի րոպե խոսելիս հանկարծ ամեն ինչ սկսեց իրար հետ կապվել և ՎԵՐՋԱՊԵՍ հասկացա, թե ինձանից կոնկրետ ինչ է պահանջվում և ինչու։ Ու վերջին ժամանակներում էլ էդքան դժվար չէր նոթատետրս խփել թևիս տակ ու գնալ ղեկավարների դռները ծեծելու՝ անհրաժեշտության դեպքում նրանց միասին էլ դեյթ անելով։ Հանուն գիտության էս զոհողությանն էլ էի պատրաստ, քանի որ հաշվարկներս հազար անգամ չճշտելու դեպքում իմ մեկ այլ ֆոբիա՝ սխալներ անելու վախն էր գլուխ բարձրացնում։

Պրակտիկայիցս որոշ բաներ կհիշեմ ու շատ բան կմոռանամ, բայց մի դաս հաստատ ստացել եմ. 21-րդ դարում ֆիզիկան առանց սոցիալիզացիայի, քննարկումների ու բանավեճերի ֆանտաստիկայի ժանրից է և կարող է հանդիպել միայն հոլիվուդյան ֆիլմերում։

Comments

  1. Ահամ, լրիվ համաձայն եմ հետդ։ Ընդհանրապես, գիտության բոլոր ճյուղերին ա դա վերաբերում։ Էդպիսի դաս մի անգամ ինձ հետ էլ ա էղել։ Փայթոնի սկրիպտս չէր աշխատում, ու ես ամիսներ շարունակ լաբում նստած ինտերնետ էի քրքրում մեր գիտահետազոտական կենտրոնի ծրագրավորողներից մեկին դիմելու փոխարեն։ Էստեղ հանգամանքները դժվարանում են նաև նրանով, որ մի անգամ ռիսկս հավաքել հարցնելուց հետո լինում են մարդիկ, որոնք պատասխանը մեկ ա չգիտեն, ու երկրորդ անգամ հարցնելն է՛լ ավելի դժվար ա լինում։ Բայց վերջը սովորեցի, որ իմ շահերից ա բխում հարցեր տալը։
    Ու ընդհանրապես, գիտության համագործակցային կողմն ամենակայֆ բաներից ա։ Էն որ ամեն մեկն իրա տարբեր հմտություններով տարբեր կերպ ա նպաստում գործի առաջ գնալուն։ Բայց դե տենց սիներգիայի հասնելն էլ ահագին բարդ ու աշխատատար ա։

    ReplyDelete
    Replies
    1. Հա, ես էլ եմ կարծում, որ գիտության ցանկացած ճյուղում էսպես ա, ուղղակի միայն ֆիզիկայի դեպքում եմ առնչվել։
      Իմ համար երկրորդ անգամ հարցնելն ավելի հեշտ ա, երբեմն մի քանի անգամ նույնիսկ ճշտում եմ, նոր մարդկանց ու նոր իրավիճակներին ադապտացվելն ա ահագին բարդ։

      Delete
  2. Ինձ թվում ա` էդ հարցեր տալու վախն ընդհանրապես արևելյան ժողովուրդներին ա բնորոշ, իսկ արևմուտքում հիմար հարց հասկացություն ուղղակի չկա: Ես էլ եմ միշտ վախեցել հարցեր տալուց` մտածելով` բա որ հիմար հարց տամ, բա իմ մասին ի՞նչ կմտածեն: Բայց էդ վախս, կարելի ա ասել, լրիվ հաղթահարվեց ԱՄՆ-ում ապրելուց, որովհետև երբ տեսա, թե ինչ աստիճանի պրիմիտիվագույն հարցեր են էստեղ մարդիկ տալիս ամենահանգիստ ու ինքնավստահ տոնով` առանց վախի կամ ամաչկոտության նշույլի, հասկացա, որ էդ ֆոնի վրա դժվար թե իմ որևէ հարց երբևէ որպես հիմար ընկալվի էստեղ: :D Բայց դե դա, բնականաբար, ընդհանուր վերաբերմունքիս վրա էլ ա ազդել. հիմա որտեղ էլ լինեմ, ինչ չեմ հասկանում կամ չեմ իմանում, հանգիստ հարցնում, պարզաբանում եմ: Դե, ես մի կողմից էլ ուրիշ բզիկ ունեմ. սիրում եմ ամեն ինչ մինչև վերջին մանրուքը պարզաբանել, ու էդ առումով հիմա ինքս ինձ հետ ահագին հաշտ եմ դարձել: :)))

    ReplyDelete
  3. Էնտեղ մոռացա ավելացնել, որ էդ վախիս անցնելու մեջ հատկապես մեծ դեր ունեցավ քոլեջում սովորելը: Էնտեղ եմ ես լսել երբևէ լսածս «ամենահիմար» հարցերը ու տեսել, թե դասախոսերն ինչ հանգստությամբ, համբերատարությամբ ու բնական ձևով պատասխանում նույնիսկ էն հարցերին, որոնց առաջացման հնարավորությունն իմ ուղեղում ոչ մի կերպ չէր տեղավորվում: :D Այսինքն` նենց են պատասխանում ցանկացած հարցի, որ հարցը տվողի մտքի ծայրով անգամ չի անցնի, թե իր հարցը հիմար հարց ա: Ու դա, բնականաբար, խթանում ա, որ մարդ իր գլխում ծագած ցանկացած հարց տա` առանց ամաչելու կամ հետևանքների համար անհանգստանալու:

    ReplyDelete
    Replies
    1. Հա, ես հիշում եմ հարցերը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ էստեղ ու երբեմն հիանում, թե դասախոսներն ինչ լրջությամբ են պատասխանում հարցերին։
      Ուղղակի նույնիսկ երբ իրենք հանգիստ պատասխանում են, ես չեմ ուզում «դեբիլի» տպավորություն թողնել, բայց դե արդեն հասկացել եմ, որ ավելի լավ ա ամենամանրուք թվացող բաներն էլ պարզաբանել, որովհետև շատ հաճախ the devil is in the details.
      Իսկ մեր` հարցեր տալու վախը հենց դպրոց-համալսարանից կարող ա գա։ Ես թե՛ դպրոցից, թե՛ համալսարանից հիշում եմ հարցերին հեգնանքով մոտեցող մարդկանց, թեև դասախոսների մեծ մասը ցանկացած հարցի նորմալ պատասխանում էր։

      Delete
  4. Հիմար հարցեր տալու հետ կապված․ Բրիտանական թանգարանում մի չինացի աղջիկ մոտեցավ թանգարանի եգիպտական մասի աշխատակցին և հարցրեց, թե որտեղ կարող է տեսնել բուրգերը, աշխատակիցը միանգամայն լուրջ և հանգիստ պատասխանեց, որ բուրգերը շատ մեծ էին թանգարան բերելու համար, առանց որևէ հեգնանքի։

    ReplyDelete
    Replies
    1. Բայց ես միշտ պատկերացնում են, որ առանց հեգնանքի նման հարցի պատասխանելուց հետո, երևի իրար մեջ ասում-խոսում-ծիծաղում են էդ թեմայով։ ։Դ

      Delete
    2. Ջանդամ թե չեն խոսում :))

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը