Գունավոր Ապոկալիպսիս

Ալիսը եկավ հենց էն պահին, երբ ես ավարտել էի "Color of Magic"-ն ու գուդրիդսյան տարին պատվով հաղթահարել։ Ալիսն ու Քաոսը շատ ոգևորված էին, որ կարող են բլրի գագաթից ամբողջ քաղաքի հրավառությունները նայել, դե ես էլ «զա կամպանիյու» որոշեցի կիսել նրանց պլանները, թեև հրավառության հետ առանձնապես սեր չունեմ (բացառությամբ «Մատանիների տիրակալի» էպիկ վիշապ-հրավառության)։
Նոր շրջակայքին ոչ մեկս էլ լավ ծանոթ չէր, ու գնացինք նոր տարածքներ հայտնագործելու։ Ես մի «լքված տուն» հայտնաբերեցի, որը ծածկված էր կանաչ բաղեղներով, ու արդեն ուզում էի ինձ ներս գցել, երբ Քաոսի ու Ալիսի ծիծաղին խառնված կովերի բառաչ լսեցի։ Իմ կանաչ, լքված տունը ուղղակի մի մեծ գոմ էր, ուստի ես իմ ամբողջ կովաֆոբիայով հանդերձ հակառակ կողմ փախա։ Կովերից հազիվ էի ուշքի եկել, երբ գլխիս վերևով սագերի երամը աղմուկ աղաղակով թռավ-գնաց:

Բլրի գագաթից քաղաքը նման էր միայն լույսերով զարդարված հսկայական տոնածառի. թվում էր, թե լույսերի առկայծում են, մարում և նորից վառվում։ Ժամը տասներկուսը դեռ չէր եկել, բայց իմ համար սա էր ամանորի զգացողությունը. երբ նայում ես տաք, դեղին լույսերին ու մտածում ոչնչի մասին։
Քաոսն ու Ալիսն իջնում են բլրակով, իսկ ես հետևում եմ՝ ուլտրամանուշակագույն լամպով տեղանքն ուսումնասիրելով։ Քաոսը շրջվում ու ժպտում է. բիբերը կանաչ են, դեմքը մանուշակագույն ու ատամները փայլում են։ Քաոսի էդ պատկերն էնքան լավ է դաջվել հիշողությանս մեջ, որ ափսոսում եմ որ նկարել չգիտեմ. հուսով եմ՝ գոնե պատմվածքի հերոս կդարձնեմ նրան։ Ընդհանրապես, վերջերս մոտս րիտուալ է դարձել գիշերային զբոսանքներին ուլ լամպ ու դիֆրակցիոն ցանց վերցնելը. էս անգույն ու ձանձրալի աշխարհին ուրիշ լույսի ներքո նայելն ու մի քիչ գույներ հաղորդելը երբեք չի խանգարում։

Սպիտակ լույսը՝ դիֆրակցիոն ցանցով

Ժամը 9-ին զանգում եմ տանեցիների նոր տարին շնորհավորելու։ Հիշում եմ՝ անցյալ տարի ոնց փչացրեցի բոլորի տրամադրությունը, երբ ասացի, որ դրսում եմ մնացել։ Էդ պատճառով էլ՝ մամայի «իսկ ի՞նչ համով բան ունեք ուտելու» հարցը պետք էր շրջանցել, քանի որ էլի մոռացել էի խանութ գնալ, ու էլի կիսաֆաբրիկատների հույսին էի։ Առաջին Նոր Տարին՝ առանց անսահման ուտելիքների։

Գիշերը ֆանտաստիկ պայծառ էր։ Լուսնի լույսն հերիք էր ճամփան գտնելու համար, ու համաստեղությունները հստակ երևում էին։ Տանից հինգ րոպե հեռավորության վրա դաշտեր են. էնքան լայնարձակ ու բաց հորիզոնով, որ թվում է` մի քիչ քայլես, կհասնես հորիզոնին։
Մի քիչ էլ խաղահրապարակներում ճոճվելուց հետո Քաոսն ասում է, որ տասներկուսին մի քանիս է պակաս։ Ինքն ու Ալիսը ինձ տանում են բլրի գագաթ։ Մինչ վազում ենք,  հրավառություններն սկսում են։ Փակ աչքերով թվում է, որ պատերազմ է ու մենք չգիտես ինչու վազում ենք դեպի կրակոցները, այլ ոչ թե հակառակը։

Բլրի գագաթից երևում են թե՛ մեր գյուղը, թե՛ Ուլմը։ Չորս կողմից պայթյունների ձայներ են լսվում, հրավառությունն անդադար ու անվերջ է թվում։

-Գունավոր ապոկալիպսիս,- շշնջում է Ալիսը։

Գունավոր ապոկալիպսիս. կյանքումս առաջին անգամ նկատում եմ, որ միգուցե հրավառությունը հենց աշխարհի վերջի հետ է ասոցացվում. պատերազմում ենք հին տարվա հետ, սպանում նրան ու քշում։
Բայց գունավոր ապոկալիպսիսին նույնիսկ Ալիսն ու Քաոսը  երկար չդիմացան։ Վազում ենք տուն, էս անգամ` հեռու պայթյուններից։  Իջնում ենք մեր գետնահարկ, պատուհանները պինդ, փակում, բոլոր լույսերն անջատում, ու ես սկսում եմ հազիվ խելքի գալ հրավառությունից ու զգում եմ ինչպես ապոկալիպսիս վերապրած։

Քիչ անց Ալիսը գնում է, ու ես վազում եմ թռնում մահճակալին ու ծունկս էնպես խփում սուր փայտին, որ մի քանի րոպե ցավից ուշքի չեմ գալիս։ Հունվարի մեկը հիվանդանոցում՝ բժշկին սպասելուց էի անցկացնելու։
Հ.Գ. Ամեն ինչ լավ է ու ես արդեն կարողանում եմ անցավ քայլել։

Comments

  1. Վայ Ռուբի, դեմք ես դու :* Լավ ա, որ ոտդ էլ չի ցավում։

    ReplyDelete
    Replies
    1. ^_^ :*
      Հա, մի տաս օր հազիվ էի քայլում, բայց հիմա նորմալ ա։ ։Դ

      Delete
  2. Replies
    1. Դու արի, Քաոսն ու Ալիսը սպասում են, որ հետդ ծանոթանան։ ։Դ

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը