Մի չստացված սիրավեպ

Ես սիրահարվեցի իրեն, երբ դեռ 12-13 տարեկան էի և իմ ամբողջ դեռահաս էությամբ փորձում էի ամեն կերպ հասնել նրան։ Հետագա 7-8 տարիների ընթացքում ես շարունակում էի սիրել, բայց էդպես էլ չէի կարողանում տիրապետել Նրան. գերմաներեն սովորել սկսելու ու կիսատ թողնելու ցիկլն անվերջ շարունակվում էր։ Ժամանակի ընթացքում փոխվում էին սիրելի երաժշտական խմբերը, բայց երգացանկումս գերմանալեզու խմբերը միշտ առաջին հորիզոնականում էին, որոնց երգերն անընդհատ թարգմանում էի ու հաճախ անգիր հիշում։

Նկարի աղբյուրը՝ https://vergecampus.com/2017/02/im-learning-german-great-time/
Երբ փորձում էի մագիստրատուրայի համար համալսարան ընտրել, ահագին կարևորում էի նաև էն հանգամանքը, որ էդ երկրի լեզուն սիրեմ ու ուզենամ սովորել։ Գերմանիան ու գերմաներենն էդ տեսանկյունից առաջին հորիզոնականում էր. տառացիորեն երազում էի առանց բառարանի Ռամշտայնի, Լակրիմոզայի ու Թանցվուտի երգերը հասկանալու և բնօրինակով Կաֆկա ու Մազոխ կարդալու մասին։ 
Երբ կրթաթոշակի առաջին փուլն անցել էի ու հարցազրույցին էի, հիշում եմ, թե հանձնաժողովի գերմանացի անդամներն ինչ հիացմունքով էին նայում ինձ, երբ պատասխանում էի իրենց էն հարցին, թե բացի կրթությունից, էլ ի՞նչ մոտիվացիա ունեմ Գերմանիա գնալու։ Ու ես պատմում էի, թե ինչքան եմ սիրում գերմաներենը, ինչքան եմ երազում, որ կարդամ ու խոսեմ էդ լեզվով։ Էդ ժամանակ ինձ չեմ տեսել, բայց վստահ եմ՝ աչքերս ոգևորվածությունից փայլում էին։  Հարցազրույցից հետո մի տեսակ ներքին համոզմունք ունեի, որ կրթաթոշակը ստանալու եմ, գնամ իմ ընտրած համալսարան և «տիրանամ» սիրելի գերմաներենիս։

Ու երբ եկա Գերմանիա, առաջին իսկ օրվանից սովորում էի։ Սովորում էի լեզվի դպրոցում, հետո դուրս էի գալիս ու մինչև երեկո քայլում։ Գնում էի խանութներ, կարդում մթերքների անունները, լսում մարդկանց խոսակցությունները։ Մի երկու շաբաթից արդեն խոսում էի տանտիրուհուս հետ, ով ընդհանրապես անգլերեն չգիտեր։ Գերմաներենի կուրսի դասատուներից մեկը մի չքնաղ անձնավորություն էր, ով հավելյալ մոտիվացիա էր հանդիսանում գերմաներեն սովորելու։ 
Բայց իմ ու գերմաներենի մեղրամիսը, որը սկսվեց Մյունխենում և տևեց ամիս, հենց էնտեղ էլ ավարտվեց. Ուլմ գալուց հետո սկսելու էր օտարացման ու «արա, ես ո՞նց կարայի սրան սիրեի» ժամանակաշրջանը։

Երբ Ուլմում ինձ դիմավորեց Սանազը՝ մի ավագ ուսանող, որն արդեն կես տարի Գերմանիայում էր և ասաց, որ մինչև գալը B1 մակարդակի գերմաներեն գիտեր, ես ակնկալում էի, որ նա հանգիստ շփվում է գերմաներենով։Բայց երբ քիչ անց ավտոբուսի վարորդի հետ անգլերեն խոսեց, ես՝ ընդամենը երկու ամիս գերմաներեն սովորածս, ապշած նայում էի B1 մակարդակի գերմաներեն իմացողին ու չէի կարողանում ընկալել, թե ինչու է նա անգլերեն խոսում։ Սանազն ասաց՝ որոշ ժամանակ Ուլմում ապրելուց հետո կհասկանաս։ Ցավոք սրտի՝ սկսեցի հասկանալ նրան։

Անգլերեն կրթական ծրագրի ու օրվա մեծ մասը համալսարանում անցկացնելու պատճառով մի տեսակ մոռացվում է գտնվելուդ երկիրը։ Դու մի միջավայրում ես, որտեղ քո հետ անգլերեն են խոսում, իսկ էդ միջավայրից դուրս դու հիմնականում գոյություն չունես։ Ուլմում ապրելու ընթացքում ինտրովերտությունս ու մեկուսացումը սկսեցին աճել (դեռ աճում են), քանի որ համալսարանի ու «դրսի» կյանքը կարծես տարբեր աշխարհներից լինեն։ Ու երբ բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվում ես քաղաքի կենտրոնում, ոնց որ մոլորված լինես, որովհետև հանկարծ դեմքիդ գերմաներենի ու հատկապես տեղական դիալեկտի հոսքն է խփում։ 

Հետագայում գերմաներենի կուրսերը և գերմաներենով շփվելու փորձերը ձախողվում էին։ Չգիտեմ՝ գերմաներենի կուրսերը ոնց են կազմված, բայց ինձ համապատասխան մակարդակի կուրսում կարողանում էի ամենաբարձր գնահատականը ստանալ՝ ընդհանրապես ջանքեր չթափելով ու դասերին քնելով, բայց ինձ անընդհատ թվում էր, որ գերմաներենի իմացությունս չի լավանում։ Գերմաներենի դասատուներս ասում էին, որ բավականին լավ եմ խոսում, բայց գերմաներենի դասից դուրս բերանս աքցանով հազիվ բացեին։ Դրան էլ գումարած, որ բոլոր էն մարդիկ, ում հետ փորձում էի գերմաներեն խոսել, բավականին լավ անգլերեն գիտեին, ու թեկուզ մեկ բառ չիմանալու պարագայում ես չէի դիմանում ու անցնում անգլերենի։

Ինչ-որ ժամանակ անց ուղղակիորեն դադարեցի գերմաներեն խոսելը։ Խանութներում, փողոցում և այլ կարճ խոսակցությունները չհաշված, ես գերմաներեն խոսելու փորձ չեմ արել։ 
Իսկ ինձ շատ մտերիմ գերմանացիներն ինձ երբեք գերմաներեն խոսելիս լսած չկան։ 
Երբեմն բնակարանակցիս ընկերներն են գալիս, ու ինչ-որ չգրված օրենքով մեր տանը բոլորն անգլերեն են խոսում, գերմաներենի անցնելիս էլ ներողություն խնդրում։ Առաջ նեղվում էի, որ իմ ներկայությունը ստիպում է մարդկանց իրենց հաղորդակցության լեզուն փոխել, իսկ հիմա ուղղակիորեն ուշադրություն չեմ դարձնում։ Ու հաճախ նկատում եմ, որ էդ մարդկանցից ոմանք ավելի վատ են անգլերեն խոսում, քան ես գերմաներեն, բայց իրենք խոսում են, իսկ ես՝ ոչ։ Ես, որ ժամանակին ամեն ինչ կտայի Գերմանիայում հայտնվելու ու լեզվակիրների հետ շփվելով լեզու սովորելու համար, հիմա գիտակցում եմ, թե ոնց են փչացել իմ ու նախկին սիրելիիս հարաբերությունները, թե ոնց եմ անընդհատ խույս տալիս իրենից, ոնց եմ մարդկանց ասում, որ ես գերմաներեն չգիտեմ, քանի որ վախենում եմ սխալներ անելուց կամ չհասկացվելուց։ 
Գերմաներեն գրքերը կուտակվում են մի անկյունում, գերմանալեզու խմբերը զիջում իրենց դիրքերը, ես խճճվում եմ Կաֆկայի վիպակներում ու խույս տալիս գերմաներեն խոսակցություններից։

Չէ, մեր սիրավեպը դեռ չսկսված ավարտվել է։ Էն որ մեկին հեռվից սիրահարվում ես, թվում է՝ ինքն է որ կա, ինքն իդեալական է, բայց հետո երբ սկսում ես ճանաչել, սկսում ես օտարանալ, որովհետև եսիմ, սիրտդ չի կպնում։ Իմ հին սիրուց համարյա բան չի մնացել. հիմա գերմաներենը Ռամշտայնի բառերը չեն, այլ աշխատանքային փաստաթղթերի ու պայմանագրերի տասնյակ էջերը, անվերջանելի բյուրոկրատիան, հարևանի անհասկանալի դիալեկտը։ 

Մի տեսակ էլ հույս չունեմ, որ ինչ-որ բան փրկել հնարավոր է։ Նույնիսկ էն պարագայում, երբ հաջորդ ամսվանից մաթեմի գերմաներեն տնայիններ պետք է ստուգեմ, գիտեմ, որ մենք միշտ օտար ենք մնալու, ու ես շարունակելու եմ համարել, որ ես գերմաներեն չգիտեմ։

Comments

  1. Որ չուզես, էդպես էլ չես խոսի. Գերմանիայում մենակ անգլերենով յոլա գնալը լրիվ ռեալ ա։ Բայց ափսոս կլինի, որ էդպիսի բարդ ու հետաքրքիր լեզվից ձեռ քաշես, երբ բոլոր հնարավորությունները տրված են լեզուն սովորելու ու ակտիվ օգտագործելու համար։
    Ինձ մոտ էլ ահագին երկար տևեց գերմաներենից խուսափելու փուլը, բայց հիմա, երբ ազատ տիրապետում եմ, միայն ուրախ եմ, որ մեջս մոտիվացիան գտա` էդ լեզուն սովորելու համար։
    Հաջողություն քեզ գերմաներենի հետ քո սիրավեպում ։)

    ReplyDelete
    Replies
    1. Հա, ես չէի ուզենա Գերմանիայից գնալ՝ առանց լեզվին գոնե էն մակարդակով տիրապետելու, որ չկոմպլեքսավորվեմ խոսել։
      Էս սիրավեպն ահագին էներգիա ա խլում, բայց երևի փորձեմ ինքնամոտիվացվել։

      Delete
  2. Աաաա, ես վերջերս հա ուզում եմ իմ ու դանիերենի բարդ հարաբերությունների մասին գրել: Երևի քեզնից ոգեշնչված գրեմ: Համ էլ իմը լավ վերջաբանով ա, գուցե քեզ ոգևորի:

    ReplyDelete
    Replies
    1. Հա, ես քեզ բաժանորդագրված եմ ու սպասում եմ։ :))

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը