Մարդ - զոմբի - մարդ տրանզիտ

Ուլմում կյանքը մոխրագույն էր. օրերը քարշ էին տալիս իրենց ձանձրալի գոյությունը, իսկ մարդիկ մոռանում, որ ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ երկինքը կապույտ էր լինում, իսկ արևը՝ դեղին: Օրերն անցնում էին պատուհանից այն կողմ գույներ, իսկ կյանքում հետաքրքրություններ փնտրելով:

Ուլմ կամ մոխրագույնի 50-ից ավել երանգները
Սեպտեմբերից ինչ-որ անհասկանալի վիճակում էի. գնալով կորցնում էի հետաքրքրությունս ամեն ինչի նկատմամբ, ապագայի պլանները կորցնում էին իրենց իմաստը, ու միակ ցանկությունը որ ունեի՝ քնելն էր: Հոգեբանս ուղեգրել էր թերապևտի մոտ, բայց եթե ես թերապևտ փնտրելու  ու գտնելու էներգիա ու մոտիվացիա ունենայի, անկողնուցս վեր կենալու ու պրակտիկայի գնալու ուժ էլ կգտնեի: Էն ժամանակ դժվար էր էս մասին խոսելը, «ո՞նց ես» հարցի պատասխանը միշտ «լավ եմ»-ն էր, բայց իմ հիմնական գտնվելու վայրը վերմակի տակ էր՝ հերթական անգամ ինքս ինձ խարազանելով, որ պրակտիկայի չեմ գնացել: Էն ժամանակ ինձ թվում էր, որ ուղղակի ալարկոտ եմ, ու էդ պատճառով ինձ հավելյալ վատ էի զգում, բայց հիմա գիտակցում եմ, որ օրվա ընթացքում տեղից վեր կենալու ուժ չունենալը, առանց պատճառի փակվելն ու ժամերով լացելը, ոչնչով չհետաքրքրվելը, նույնիսկ գեղարվեստական գրքեր կարդալ չկարողանալն ընդհանրապես ալարկոտություն չէին...

Պրակտիկաս տևեց սեպտեմբերի կեսից մինչև հունվարի վերջ, թեև ծրագրով ընդամենը 2-3 ամիս էր նախատեսված: Ավարտեցի ամենաբարձր գնահատականով, վերջում թեմաս ահագին սիրելով ու շարունակելու մտքով, էնտեղ առաջարկեցին, որ կարող եմ թեզս էնտեղ գրել: Թեև թեման շարունակել ուզում եմ, երբ մտածում եմ էնտեղի մասին, հասկանում եմ, որ ինչ-որ բան սխալ էր, ես ինձ սխալ տեղում էի զգում: Մարդկանց վերաբերմունքը գերդրական էր, ահավոր շատ բան սովորեցի, բայց անկազմակերպվածության ու մի քանի ղեկավար ունենալու ֆոնին հաճախ ինձ անօգնական էի զգում, քանի որ տարբեր մարդիկ ինձ տարբեր առաջադրանքներ էին տալիս, երբեմն չգիտեի՝ ինչից սկսել, ինչից ավարտել:
Ու երբեմն էնպես էր ստացվում, որ ուղղակի օրերով կորում էի՝ մինչև ինձ հոգեպես կպատրաստեի նորից էնտեղ վերադառնալու, մարդկանց դռներն ընկնելու ու անելիքերս հստակեցնելու: Ժամանակի ընթացքում ինքնազգացողությունս՝ կապված աշխատանքի հետ լավանում էր, բայց ընդհանուր առմամբ կյանքս ոնց որ ինքնահոսի լիներ. օրերս ապրում էին ինձ, ոչ թե ես իրենց: Չգիտեմ թե ինչպես, բայց էս պրակտիկայի ընթացքում պարապեցի ու մի քննություն գերազանց հանձնեցի, նաև բիոինֆորմատիկայի կուրս էի վերցրել: Իսկ ամեն ինչ ավարտվեց նրանով, որ պրեզենտացիայիցս երկու օր առաջ սաստիկ հիվանդացա, ու դեռ բավականին երկար ժամանակ հիվանդությունների ու սթրեսների մեջ էի:

Էդ ընթացքում պետք է դիմեի կեցության իրավունքիս համար ու լուսանկար էր անհրաժեշտ: Մոտ մեկ ժամ լուսանկրվելու բուդկայում փորձում էի այնպիսի լուսանկար ստանալ, որում դիակի տեսք չունեմ, բայց էդպես էլ չհաջողվեց: Նոր ID-իս վրա ինչ-որ զոմբի է՝ աչքերիս տակը սևացած, կոպերն ուռած, դեմքը գաջի գույնի: Նախկին ID-ի համար նկարվել էի երբ Գերմանիայի նոր էի եկել. էդ նկարում թարմ ու ջահել տեսք ունեի, այտերս վարդագույն էին ու ես ժպտում էի: Միայն նկարների համեմատությունից լացս գալիս էր: Որոշ ժամանակ չսրսկված թմրամոլի էի նման, ու ես միակը չէի, որ դա նկատում էի: Ես հայելու մեջ չէի կարողանում նայել, ես ինձ ես չէի զգում... Ընկերներս զարմանում էին, թե ուր է էն Ռուբին, ով տեղով մոտիվացիա էր, ով մի երկու օր պարապ նստել չէր կարողանում: Էդ Ռուբին չկար, ընկերներս էլ չկային, որովհետև ինձ անընդհատ թվում էր, որ բոլորից սաստիկ օտարացել եմ, որ էլ երբեք չեմ կարողանա նրանց հետ նախկինի պես շփվել: Իսկ էստեղ ոչ մեկի հետ շփում չունեի. ծանոթներիս թվում էր, որ Ուլմից գնացել եմ, որովհետև ամիսներով ոչ ոք ինձանից տեղեկություն չուներ:

Ու հիմա չգիտեմ էլ ոնց ստացվեց, որ ես հաղթահարեցի էդ ամենը: Էն շրջանում, երբ ինձ թվում էր, որ ամեն ինչ տապալելու եմ, կարողացա ամեն ինչի տակից պատվով դուրս գալ: Բժիշկներին այցելությունները նվազում էին, պատուհանից այն կողմ երբեմն երկինքը կապույտ էր, իսկ արևը՝ դեղին: Զոմբիները, բարեբախտաբար, երբեմն կրկին մարդու են վերածվում, մոտիվացիաները վերադառնում են ու առավոտյան անկողնուց վեր կենալու ուժ է լինում...
Երբեմն երկինքը կապույտ է, իսկ արևն իլյուզիա չէ

Հ.Գ. Սկզբում նախատեսել էի գրել էս տարվա պլաններս, բայց գրառումս լրիվ ուրիշ ուղղությամբ գնաց: Երևի կարիք ունեի էս մասին խոսելու ու ինքս ինձ հիշեցնելու, որ ես վերջապես լավ եմ:

Comments

  1. Replies
    1. Փորձում եմ, բայց ոչ միշտ է ստացվում։ :)

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը