Ազգայնականությունը թավիշի վրա

Քաղաքացիական պայմանագրի ու ընդհանրապես, «Ելք» դաշինքի նկատմամբ ի սկզբանե դրական եմ տրամադրված եղել՝ ունենալով թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ:
Ու երևի հարկ չկա ասել, որ համարյա բոլոր արտասահմանաբնակ հայերի նման օրեր շարունակ գամված եմ եղել Ազատության ուղիղ եթերին: Ու հարկ չկա կրկնելու, որ սաստիկ ուրախ և ոգևորված էի/եմ հեղափոխությունից և  ՀՀ զարգացման ակնկալիքներից։

Վերջերս սակայն թե՛ մեր սիրելի վարչապետի, թե՛ թիմի մյուս անդամներից անընդհատ լսում ենք «հայրենադարձություն» բառը. քայլեր ուղղված հայրենադարձությանը, նպատակներ արտասահմանաբնակ հայերին հայրենիք վերադառնալու հետ կապված:
Թեև ահագին երկար ժամանակ է մտածում էի, որ վերջնականում Հայաստանում եմ ուզում հաստատվել, իսկ Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունն ինձ ու շատերին գերդրական տրամադրվածություն տվեց, միևնույն է, ամեն անգամ հայրենադարձություն բառը լսելիս ասես գլխիս եռացրած ջուր լցնեն:

Ոչ ոք չի ժխտում, որ Հայաստանն ունի դեմոգրաֆիկ խնդիրներ, ոչ ոք չի ժխտում, որ շատերն ահագին ցավով են թողել Հայաստանն ու հեռացել, բայց մենք ապրում ենք 21-րդ դարում ու մարդիկ ունենալով տեղաշարժման ազատություն, կարող են հաստատվել էն վայրերում, որտեղ հարմար աշխատանք ու կրթություն են գտնում։ Կամ միգուցե մարդիկ ուզում են ապրել էն վայրում, որտեղ կլիման կամ բնությունն է իրենց ճաշակով։ Հայրենադարձությունն ու հարակից գաղափարները պետք է իջնեն քննարկման սեղանից, քանի որ մարդկանց վերադարձը Հայաստան ոչ թե պետք է որպես նպատակ դիտարկվի, այլ դա ուղղակի արդյունք կլինի, եթե երկիրը շարժվի կայուն զարգացման ճանապարհով: Կառավարությունն, իհարկե, պետք է լծակներ ունենա իրենց վերադարձը պլանավորող անձանց աջակցելու համար, բայց  ռեսուրսները պետք է ուղղվեն ՀՀ քաղաքացիների ու բնակիչների համար իրավահավասար ու արդար պետություն ապահովելու, երկրի ներսի խնդիրները լուծելու վրա:
Երկրորդ կետը, որ աչք է ծակում, այն է, որ կենտրոնանում են հենց ազգությամբ հայերի Հայաստան տեղափոխվելու վրա, և ոչ մի խոսք էն մասին, որ երկրի կրթության, կենսամակարդակի զարգացումը կարող է բերել նաև այլազգիների՝ Հայաստանում հաստատմանը: Ու դա ոչ միայն դեմոգրաֆիկ խնդիր կլուծի, այլ վերջապես Հայաստանը մի քիչ բազմամշակութային կտեսնենք: Ու «Ազատության» հետ մի հարցազրույցում Արարատ Միրզոյանը նշում էր, որ իր սուբյեկտիվ կարծիքով արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավունք տալը սխալ է համարում և էլի կրկնում, որ նրանք պետք է կենտրոնանան Հայաստան վերադառնալու վրա: Չէ՛, սիրելիներս, ոչ ոք պարտավորված չպիտի զգա մշտական բնակության վերադառնալ, բայց դրան զուգահեռ ակնհայտ է, թե ինչ ակտիվորեն էր ներգրավված սփյուռքը. տարբեր երկրներում ապրող մարդիկ իրենց ձեռքից եկածն անում էին՝ ապացուցելով, որ հետաքրքրված են ՀՀ քաղաքական կյանքով ու ակտիվ մասնակիցներ են: Երբ դեռ ՀՀԿ-ն էր իշխանության գլուխ, ընդդիմությունը տեսակետը կեղծիքով էր հիմնավորում; Իսկ հիմա՞, ի՞նչն ա մեզ հիմա խանգարում իրացնել մեր ընտրական իրավունքը: Իհարկե, դեռ շուտ է էս մասին խոսելը, բայց եթե կառավարությունում էս մասին քննարկումներ չլինեն, ես մարտական եմ տրամադրված նամակներով, ստորագրահավաքով կառավարությանը դիմելու:

Ու թերևս «հայրենադարձությունը» հեղափոխության միակ ազգայնական շեշտադրումը չէր։ Թեև հենց Նիկոլը մասնակիցներին հիմանականում դիմում էր ՀՀ հպարտ քաղաքացիներ, բայց ժամանակի ընթացքում կոչերում ՀՀ քաղաքացուն փոխարինելու էին գալիս «հայ ազգ, հայ ժողովուրդ» արտահայտությունները։ Իսկ հարթակից, ինչքանով որ ես եմ հասցրել լսել, ոչ մի հիշատակում չեղավ պայքարը ազգայնական դաշտ չտեղափոխելու մասին, իսկ ոչ հայ ցուցարարների մասին չշեշտվեց։ Ու սա այն պարագայում, երբ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունները, հատկապես՝ եզդիները ազգությամբ հայերին հավասար պայքարում էին հանուն իրավահավասար պետության։ Իհարկե, հասկանում եմ, որ բնակչության  95%-ից ավելին ազգությամբ  երկրում մարդիկ դիֆոլթով բոլորին հայ են համարում, բայց իրավունքի գերակայություն ունեցող երկրում բնակչության էդ 5%-ը չի անտեսվում։

Իմ երազած Հայաստանը պիտի «մեկ ազգ, մեկ մշակույթ» վիճակներից դուրս լինի, եզդիներն ու ասորիները չանտեսվեն ու «երկրորդ սորտի» մարդ չհամարվեն, հնդիկ ուսանողներն ու պարսիկ տուրիստները խտրական վերաբերմունքի չհանդիպեն, այլ ազգության մարդիկ սովորելու, աշխատելու և/կամ մշտական բնակության տեղափոխվեն։

Comments

  1. Ռու՜բ, չես պատկերացնի ինչքան ուրախացա, երբ էս գրառումդ կարդացի։ Մեկիկ-մեկիկ սաղ մտքերս ես արտահայտել։ Ու մասնավորապես էս հայրենադարձության թեմայով որոշել էի, որ առաջին հետհեղափոխական գրառումս ա լինելու։ Բայց սպասում եմ մի քիչ ամեն ինչ հանդարտվի, նոր մանրամասն արտահայտվեմ։
    Իսկ ստորագրահավաքի պահով․ ես հետդ եմ ու պատրաստ ամեն ինչի։ Չգիտեմ՝ տեղյակ ես, թե չէ, բայց 2017-ի ընտրություններից առաջ մի խմբով սկսեցինք բոլոր պատգամավորներին գրել էդ թեմայով։ Միակը, որ պատասխանել էր մեզ, Նաիրա Զոհրաբյանն էր, բայց տենց էլ խոստումը չկատարեց։ Մի խոսքով, քեզ էլ եմ ավելացնում էդ խումբ։

    ReplyDelete
    Replies
    1. Ուխ, ես էլ քո արձագանքից ուրախացա։ Ես էսքան պահեցի մեջս, բայց զգացի, որ էլ չեմ կարող սուս մնալ, թեև հիմա շատ ադեկվատ մարդիկ պատրաստ են դեմքիդ թռնել, եթե հանկարծ մի փոքրիկ քննադատություն բարձրաձայնես։
      Իսկ 2017-ի նախաձեռնությունը հիշում եմ, կարծեմ` խմբում էլ կային, հիմա ուղղակի ապակտիվ եմ ֆեյսբուքից։ Էն ժամանակ կարծեմ ընդդիմությունը պատճառ էր բռնում, որ ընտրակեղծիքի հնարավորություն ա, բայց հիմա եթե իրենք ոչ մի քայլ չանեն էս ուղղությամբ, պետք ա ճնշում գործադրել։

      Delete
    2. Ռուբ, էսօրվանից էդ բոմբը գցում եմ էստեղ֊էնտեղ, նույնիսկ բավական ադեկվատ թվացող մարդիկ ասում են, որ ՀՀ տարածքից դուրս ապրողներն իրավունք չունեն քվեարկելու։ Եթե իրենք մեզ էդպիսի խտրական վերաբերմունքի են արժանացնում, էլ ինչի՞ համար ենք ոռ ճղում։ Ահավոր ներվայնացած եմ։ Հեսա տուն հասնեմ, խորը շունչ քաշեմ ու էս թեմայով տեղը տեղին գրեմ։

      Delete
    3. Ես էլ եմ շատերից տենց կարծիք լսել, բայց գրողը տանի, չեմ հասկանում, թե իրանց հակափաստարկը ո՞րն ա։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ արտասահմանաբնակներն ինչ կարողանում, անում էին շարժմանը աջակցելու համար։ Բայց հենց հերթը հասնում ա ընտրելուն, չէ՛, մենք պակաս քաղաքացիներ ենք։
      Ինչևէ, սպասում եմ գրառմանդ :)

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը