Անկենդան ու պաշտպանված լինելու մասին

Օրերը ծնվում ու մեռնում են էլի. առավոտներում էներգիա ու մոտիվացիա կա, բայց օրվա վերջում թվում է, որ էլ կենդանի չեմ։ Բայց հաջորդ օրը սովորականի պես զարթնում եմ ու գնում համալսարան, որ գիշերվա հազարին նոր տուն գամ ու սկսի մեռնելու ցիկլը։
Բլոգս ղզիկ գրառումներով պղծել չեմ ուզում, միգուցե էս գրառումն էդպես էլ չհրապարակվի կամ արագ ջնջվի, բայց երբեմն ուղղակիորեն հրապարակային, անհոդաբաշխ խոսք ասելու կարիք է լինում։
Չեմ հիշում երբվանից բոլոր սոց.ցանցերում պրոֆիլներս ապակտիվացված են, տարատեսակ մեսինջերները՝ ջնջված։ Ինֆորմացիայի ու շփման բլոկադայում բլոգս հաճախ եմ հիշում, քանի որ հայերեն կարդալու ու գրելու պահանջս չբավարարված է մնում։
Սոց.ցանցերից ապակտիվանալը վիրտուալ տիրույթում մեռնելու պես մի բան է, ուղղակի վերակենդանանալու հնարավորությամբ։ Բայց երբ վիրտուալ անդրաշխարհում ես, քչերն են քեզ հիշում կամ գտնում, իսկ ովքեր հիշում են՝ յուրահատուկ ուրախություն է։ Բայց հակառակ սրան, իմ ապակտիվանալու պարբերական նոպաները ոչ թե վրաս ուշադրություն սևեռելու, այլ հոգեկան առողջությունս պահպանելու համար են։
Վերջին հայաստանյան իրադարձությունների ժամանակ ուղիղ եթերներին կպած, օտարացել էի իմ էստեղի կյանքից։ Հետո, երբ ներկայիս կառավարությանը իմ կիսաքննադատական խոսքերից դեմքիս սկսեցին նույնիսկ ամենամտերիմ մարդիկ թռնել, գլխիս ասես ինչ-որ մեկը սառը ջուր լցրեց ու ապտակեց՝ ինձ իմ իրականություն վերադարձնելով։ Իմ իրականություն, որը հասցրել էր դառնալ ֆանտաստիկ սթրեսային, ծանրաբեռնված, բայց ոչ միանշանակորեն տհաճ։
Մի քիչ խաղաղվելուց ու ժամանակ ունենալուց հետո կգրեմ թեզս սկսելու ու ներկայիս ինստիտուտի մասին, բայց հիմա ուղղակի կշարունակեմ իմ անհոդաբաշխ գրառումը ոչնչի և ամեն ինչի մասին։
Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ ժամանակ ունեցել գոնե մի տաս րոպե իմ սիրելի խաղը խաղալու. ես, որ ամիսներ շարունակ առավոտներն առանց Hearthstonе-ի մի ռաունդի չէի կարող սկսել։ Երբ ուրախացել էի աշխատանք գտնելով, չէի պատկերացնի, որ կուզենամ դուրս գալ, բայց ոչ մի ձև հնարավոր չի լինի, որ «մաթեմատիկայի տնային» ասվածը, որն ամեն շաբաթ ստուգելն է գործս, լինելու է էջերով գերմաներեն տեքստ ու ես ավելի շատ ժամանակ եմ ծախսելու սխալները գերմաներեն մեկնաբանելու, քան բուն պրոցեսը ստուգելու վրա։
Ինչ-որ տեղից ծլած քննությունն օրեր անց ու թեզի վրա աշխատելուց հետո պարապել փորձելը քրոնիկ գլխացավերի են հանգեցնում ու երեկոյան դիսիպացվում է ողջ դրական էներգիան, որ կար թեզիս կոդի վրա աշխատելիս։
Ու զուգահեռ կուտակվում են մանր-մունր բաներ, որոնց դեդլայնները վաղուց անցել են, իսկ ես մոռացել եմ անել, բյուրոկրատական քաշքշուկներ. երբ ամբողջ ժամանակս ու էներգիաս գնում է կոնկրետ աշխատանքի վրա, բյուրոկրատիան ու թղթաբանություն մոռացվում է, բայց պարզվում է, որ դա միգուցե ավելի կարևոր էր։

Ու էստեղ եմ ես՝ ինչ-որ շիլաշփոթ խնդիրներով, հաց ուտելու ժամանակ չունենալով, մտերիմ մարդկանցից հետզհետե օտարանալով ու հասկանալով, որ էն պլանները, որ կազմել էի առաջիկա տարվա համար, կարելի ա աղբամանը նետել։ Հայաստանում կանչող բաները հետզհետե քչանում են, իսկ էստեղ կապող օղակները՝ շատանում։ Էդ կապող օղակներից մեկը Գենդալֆն ա։ Մեկ ամիս է ինչ իրեն որդեգրել ենք, բայց արդեն չեմ կարողանում հասկանալ, թե ոնց եմ ողջ գիտակից կյանքս առանց կատվի ապրել։


Ես ու Քաոսը կատակով կռվում էինք ու խփում իրար։ Մեկ էլ նկատենք՝ մեր ձայների վրա Գենդալֆը մյուս սենյակից եկել է ու աչքերը կլորացրած մեզ է նայում։ Քանի որ ինքն էդքան հետաքրքրված էր, դեմոնստրատիվ ճվացի, ու ինքն էդ պահին իր հարձակվողական դիրքն ընդունեց թռավ Քաոսի վրա, ուժեղ ճանկռեց ու արագ փախավ։ Երբ մենք կես ապուշ, կես ծիծաղ կտրած իրար էինք նայում, Քաոսը ցավից ու անակնկալի գալուց վեր թռավ. Գենդալֆը փախնելուց հետո մի հատ էլ մեջքից էր հարձակվել...
Իսկ հետո որոշ ժամանակ իմ նկատմամբ գերբարի էր, անընդհատ ուզում էր, որ իրեն շոյեմ, իսկ Քաոսին մոտիկ չէր թողնում։

Ու հիմա, գիտեմ, որ ցանկացած պահի, երբ ամեն ինչ վատ է, երբ անտանելի իրավիճակներից ելք չկա, իսկ ես ինձ սաստիկ մենակ ու օտարացած եմ զգում, կա Գենդալֆը՝ իմ փոքրիկ, մոխրագույն ծերուկ կատվազավրը, որ պատրաստ է ինձ պաշտպանելու։

Երբեք չեմ ուզել, որ որևէ մեկն ինձ պաշտպանի ու երբեք ինձ էդպես պաշտպանված չէի զգացել։ Աննկարագրելու տաքացնող զգացողություն է։

Հ.Գ. Եթե ինձ մի քիչ բզեք, Գենդալֆի մասին առանձին կգրեմ։

Comments

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը