Տպավորություններ գերմանական առողջապահական համակարգի մասին

Մինչև բուն գրառումը սկսելը, պետք է նախազգուշացնեմ, որ թեև կարծիքս հիմնավոր է, բայց միևնույն ժամանակ նաև էմոցիոնալ հիմքեր ունի։

Բախտի (ավելի շուտ բախտ չունենալու) բերմամբ կամ պատահմամբ, հասցրել եմ որոշակիորեն շփվել գերմանական առողջապահական համակարգի հետ, և հակառակ մինչև էստեղ գալու պատկերացումներին, այն հասցրել եմ ավելի շատ բացասական լույսի տակ տեսնել։ 

Մինչև բուն բողոքիս անցնելը, փորձեմ կարճ ներկայացնել համակարգը։ Կախված աշխատավարձի չափից և որոշ այլ հանգամանքներից (օրինակ՝ մասնագիտություն, ուսանողի կամ գործազուրկի կարգավիճակ), հնարավոր է ընտրել երկու տիպի ապահովագրությունների միջև. հանրային (public) և մասնավոր (private)։ Մարդկանց մեծամասնությունն ապահովագրված է հանրային ապահովագրական ընկերությունների կողմից, և այս պարագայում տրամադրվում է պլաստիկ քարտ, որը պետք է օգտագործել բժշկի յուրաքանչյուր այցելության ժամանակ։ Ապահովագրված անձը վճարում է միայն ապահովագրության ամսական գումարը, որն էլի տարբեր է՝ կախված վերոնշյալ հանգամանքներից, բայց բժշկին այցելելու ժամանակ վճարելու կարիք չունի. բոլոր հաշիվներն ուղարկվում են ապահովագրական ընկերությանը։ Մասնավոր ապահովագրություն ունեն շատ բարձր կամ շատ ցածր աշխատավարձ ունեցողները, ինչպես նաև մի շարք այլ խմբեր։ Օրինակ մեզ՝ DAAD-ի կրթաթոշակառուներին տրամադրվել է մասնավոր։ Մասնավոր ապահովագրության պայմանները կախված ընկերությունից ու պայմանագրի տեսակից տարբեր են, բայց հիմնականում բուժվողն ինքն է վճարում, հետո գումարը ստանում ապահովագրությունից։ Հնարավոր է ստանա ամբողջը, հնարավոր է՝ ավելի քիչ։ Բարձր աշխատավարձ ունեցող մարդիկ, եթե շատ են վճարում ու քիչ են օգտվում բժշկից, կարող են մի կլորիկ գումար հետ ստանալ։ 
Բոլոր ծառայությունների համար գոյություն ունի այսպես կոչված GOÄ –Gebührenordnung für Ärzte՝ Բժշկական վճարների կարգ, որով սահմանվում են բոլոր տեսակի ծառայությունների մինիմալ վճարները։ Կախված ապահովագրության տեսակից, նշված մինիմալ վճարը բազմապատկվում է 1- 6 թվով։ Այսինքն՝ ստացվում է, որ միևնույն ծառայության դիմաց բժիշկը կարող է տարբեր չափի գումար ստանալ։
Իմ՝ մասնավոր ապահովագրության դեպքում, ես բժշկին պետք է ներկայացնեմ իմ ապահավոգրության համարը և ուղեկցող նամակ, որտեղ նշված են վճարների բազմապատկման ֆակտորները՝ կախված ծառայությունից, իսկ հաշիվը ցանկալի է ուղարկել միանգամից ապահովագրությանը։




Իրականում, համակարգն ընդհանրապես վատը չի թվում, այնպիսի տպավորություն է, որ հա՛, դու կվճարես ամսական որոշակի գումար և կիմանաս, որ ցանկացած պահի կդիմես բժշկի ու կբուժվես՝ առանց մտածելու հսկայական ծախսերի մասին։ Դե՜, ես էլ էի միամիտ, մինչև սկսեցի անձամբ առնչվել։ Հիմա փորձեմ կետ առ կետ ներկայացնեմ ինձ հանդիպած կամ ընկերիցս լսած խնդիրները։

Հա, ու ի տարբերություն Հայաստանի, բժիշկները բացի հիվանդանոցներում աշխատելիս, ունեն անձնական կլինիկաներ։ Ու այդ կլինիկաներում աշխատում են նեղ մասնագիտացված բժիշկներ. ընդհանուր բժիշկների կլինիկա, գինոկոլոգիական, ուրոլոգիական և այլն։

Անուշադրություն կամ ոչ կոմպետենտություն թղթաբանության վերաբերյալ
Դե քանի որ ես «խեղճուկրակ» ուսանող եմ, յուրաքանչյուր անգամ բժշկի գնալիս ուղեկցող նամակը ցույց տալով խնդրել եմ, որպեսզի ուշադիր կարդան բազմապատկման ֆակտորները ու ասեն, թե արդյո՞ք մաքսիմալից ավել է, ինչպես նաև՝ հաշիվն ուղարկեն միանգամից ապահովագրությանը։ Որոշ տեղերում ստիպված եմ եղել տեղում վճարել, իսկ որոշ տեղերում ասել են, որ կուղարկեն ապահովագրությանը, բայց իհարկե՛, հաշիվը ստացել եմ ես։ Թեև էնտեղ հասցեն պարզ նշված է, իրենք էլի ինձ են ուղարկել, որը ես բնականաբար ստիպված եմ եղել ուղարկել ապահովագրությանը՝ օդից գործ ստեղծելով։ Բարեբախտաբար, որոշ տեղերում ֆակտորները մաքսիմալից ավել չեն եղել, բայց շատ տեղերում գերմանախոս աշխատակիցները ունենալով գերմաներեն գրված նամակը, ուղարկել են մաքսիմալից ավելի շատ հաշիվ, իհարկե՛, ինձ դրա մասին չտեղեկացնելով։ Իսկ ավել գումարն իհարկե ես պիտի վճարեմ, ու էդ մասին իմանալու դեպքում ես միգուցե չհամաձայնեի ու դիմեի այլ բժշկի։

Հերթեր, հերթեր, այնպե՜ս հերթեր
Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու իմ այսքան քիչ բնակչություն ունեցող քաղաքում բժիշկների, հատկապես՝ գինեկոլոգների մոտ էսքան հերթեր։ Երբ վերջապես մեկին գտա, որ ինձ 3 ամսից կընդուներ, գնալուց հետո պարզվեց, որ իրենք «չեն կարող» ինձ ընդունել՝ իմ ապահովագրության պատճառով։ Թեև ապահովագրության կանոններում (ուղեկցող նամակում չէ) նշված էր, որ տարեկան մեկ հետազոտություն փակում է, ինձ ասացին, որ չի փակում, իսկ ուղեկցող նամակը սխալ մեկնաբանեցին։ Ոչ էլ զանգեցին ճշտելու, երբ խնդրեցի, որ իրենք անեն, քանի որ ես հերիք չի գերմաներեն լավ չեմ խոսում, դեռ մի բան էլ էդ բյուրոկրատական համակարգից գլուխ չեն հանում։ Բայց ինձ ասեցին հաջողություն, կրկին փորձեք։

Հոգեկան առողջություն
Հոգեթերապևտների կամ հոգեբույժների այցելության համար հերթերը կարող են տևել մինչև 5-6 ամիս։ Նույնիսկ երբ ընտանեկան բժիշկն է ուղարկում հոգեբույժի մոտ, միևնույն է՝ հերթերն անտանելի են։ Դե պատկերացրեք սա ինչ կարող է նշանակել կլինիկական դեպրեսիա կամ այլ անհապաղ բժշկական օգնություն պահանջող հիվանդության դեպքում։ Ինչևէ՝ պարզվում է, որ նաև գոյություն ունեն հոգեբուժական «շտապ օգնության» ծառայություն, որտեղ առանց հերթի սպասարկում են, երբ արդեն բանը բանից անցել է։ Վերոնշյալ հերթերի պատճառներով էլ շատ հաճախ է գալիս այդ պահը։

Իհարկե, երբ ամեն ինչ համեմատում ենք Հայաստանի՝ բժշկական ապահովագրության բացակայության հետ, ամեն ինչ հրաշալի է թվում, բայց ոչ այնքան հրաշալի, ինչպես թվում է գերմանական իշխանություններին և որոշումներ կայացնողներին։ 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը