Երկնագույն տետր

Տարիներ առաջ, մի հեռու-հեռավոր քաղաքում ես աշխատում էի երկար անունով մի տեղում, որին ուղղակի Դաշինք էինք ասում։ Դաշինքից դուրս գալուց առաջ մի երկնագույն Յունիսեֆի տետր «թռցրի»։ Ու էսօր, երբ մի դուրսբերում անելու համար թուղթ էի փնտրում, երկնագույն տետրն առաջինն էր, որ ձեռքիս տակ ընկավ։
Մաքուր էջ եմ փնտրում, բայց փոխարենն ամեն էջի հետ մի հեռու, արդեն անէացող հիշողություն ա գալիս։

 ***
Պապայի հետ հյուրասենյակում նստած ենք։ Ինքը Նոր տարվան պակասող մթերքների ցանկն ա գրում։

***
Նոր Տարուն տեղափոխվել եմ մենակ մնալու՝ ծնողներիս հյուրերի անվերջ շարքին դիմանալուն անկարող։ Ամբողջ օրն անկողնում պառկած գիրք եմ կարդում․ «Վարդի անունը» մինչև չկարդացի, էդ օրն անկողնուց վեր չկացա։

***
Միթե՞ վերջին դդումն եմ ես,
Վերջին դդումը քո գլխի
Մահն է արդյոք, թե խաշը քեզ
Պատել չքնաղ իմ Վարդանիզմ․․․
Ես, Մարիօն ու Վարդանը թափառում էինք Իսահակյանի արձանի հետևի այգում։ Ինչպես միշտ՝ անիմաստ, ջրիկ ու ծիծաղում էինք ձայններս գլուխներս գցած։

***
Էջերով բլոտի հաշիվներ են։ Տարբեր գույնի գրիչներով, տարբեր ձեռագրերով։ Ես ու Ավետն օրերով բլոտ էինք խաղում, մի քանի անգամ Մարիօն ու Դատարկն էլ էին խաղում։ Մարիօյի համար քարտերի արժեքների ցուցակ կա։ Տեղ-տեղ խաղաքարտերի նշաններն են գրած, երբեմն՝ «ԲՈՅ»։ Իսկ հիմա նույնիսկ չեմ հիշում, թե բոյն ինչ ա։
Հիմա բլոտին փոխարինելու Hearthstone-ն ա եկել, բայց ղառն կապուտ էլ չի լինում։

***
DAAD-ի հարցազրույցին եմ պատրաստվում։ Մոտիվացիա, մոտիվացիա, մոտիվացիա․․․ Ինչքա՜ն մոտիվացիա կար։ Ուլմի համալսարանի մեր Բիոֆիզիկայի ինստիտուտի կայքն էի քրքրում, էն կայքը, որտեղ հիմա իմ նկարն էլ կա։

***
Առևտրի ցուցակ։ Ես ու Վարդանը Սուրմալուում ենք, ֆիզիկայի առաջին ձմեռային դպրոցի սուրճի ընդմիջման պարագաներն ու գրենական պիտույքները գնելու։ Մենք ունեինք էստեղից -էնտեղից ճարած 40 հազար դրամ ու մեր միջից եկող ահավոր մեծ մոտիվացիա։
- 55 նոթատետր ու 55 թղթապանակ, եթե փող մնա․․․
Մենք առավոտից գիշեր վազվզում էինք, պաստառներ կպցնում, մարդկանց հրավիրում, մեյլեր գրում, զանգերի պատասխանում, միևնույն ժամանակ էլ՝ գործ, դաս։
Հետո գալիս են դպրոցի՝ գնահատման թերթիկները։ Մի քանի թիվ ու կարծիք կա նոթատետրումս։

Ես գրառում եմ անում հիշողությունների մասին, ու միաժամանակ Յոհանը նկար ա ուղարկում տարիներ առաջվա Ակումբի հանդիպումից։
Կողքի սենյակում խոսում են գերմաներեն։ Երբեմն լսում եմ իմ սիրելի անիմեներից ու կինոներից մեջբերումներ, բայց խառնվելու ու խոսելու հավես չունեմ։ Ես էստեղ կմնամ ու ձև կանեմ, որ շատ զբաղված եմ թեզս գրելով, այնինչ ձեռքիս է երկնագույն տետրը ու հիշողություններս՝ երկնագույն տետրում։




Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը