Դբա լա՞վը. Կիև

Ճամպրուկը 26 կգ է, իսկ հավելյալ բեռի համար չափից շատ է պետք վճարել։ Մնում է ճամպրուկը դատարկելը։ Հագուստները վակումային տոպրակներում փաթեթավորված են, հետևաբար սրտիցս արյուն կաթելով հանում եմ գրքերս՝ մութ արվեստների, էքզիստենցիալ փիլիսոփայության, բիպոլյարության և այլնի մասին։ Ձմեռային սապոգներս չէի դրել, բայց դրել էի գրքերը, որոնք Գերմանիայից քարշ էի տվել՝ էնտեղ շորերիս մեծ մասը թողնելով։ Առանց գրքերի ճամպրուկի քաշը նորմալ է, իսկ ժամանակը՝ արդեն քիչ։ 
Նարնջագույն պատն է, հերթական անգամ։ Հայաստանում ապրելը միշտ չափից դուրս բարդ է, բայց Զվարթնոցն էլ՝ ամենատխուր տեղերից մեկը։ Գնալ-գալ-գնալ-գալ-գնալ...  Նարնջագույն պատով անցնելիս հետ նայելն արգելված է։

- Տոմսը միակողմանի է, էլ հետ չե՞ք գալու,- հարցնում է անձնագիրը ստուգողը։
- Հուսամ՝ ոչ մոտ ապագայում։

Մինչև ինքնաթիռը հերթը շատ արագ է անցնում։ Սպասում չկա, տագնապ չկա, ոգևորություն չկա։ Ուղղակի կա էս հուսանք վերջին ճանապարհը՝ նպատակից առաջ։ Երբ ինքնաթիռը բարձրանում է, ոնց որ մի հատ մեծ բեռ ընկնի սրտիցս։ Էդ պահը միշտ գնալուց ամենատխուրն ա եղել, բայց էս անգամ Հայաստանում ամեն ինչ վերջնականապես սպառված ու ֆաքափված էր։ Էս ժամանակաշրջանի միակ ձեռքբերումը տնեցիքի հետ վերագնահատված լավ հարաբերություններն էին, իսկ մնացածը՝ քանդվում էր, պիկն էլ՝ գնալուս օրը։ Թռիչքի մեծ մասը կիսաքնած էի, չնկատեցի էլ թե ոնց էդքան արագ վայրէջքի պահն էր։ Միջանկյալ տեղերում էլ սպասում չկա, ոգևորվածություն չկա, բայց տագնապ կա, որ ամեն ինչ վատ է լինելու։ 

Անձնագրային ստուգումն անցնում է առանց հերթերի և միջադեպերի։ Հայաստանն էլի հայտնվել էր Ուկրաինայի կանաչ գոտում. նույնիսկ կովիդի թեստին չնայեց, այլ միայն կովիդի ապահովագրության առկայությանը։ Երբ ստուգողը բարի ճանապարհ մաղթեց, հավատս դեռ չէր գալիս, որ վերջ, անցա, ու ոչ ոք ինձ հետ չուղարկեց։ Ճամպրուկը ստանալուց հետո առաջին միտքս Կիևում թեթևացած շունչ քաշելն ու հաճելիորեն ծխելն էր։

Երբ դուրս եկա, պարզվեց էլ չեմ կարող նույն դռնով օդանավակայան մտնել։ Քանի որ գիշերվա կեսին էի հասել, որոշել էի մինչև առավոտ սպասել , նոր լույսով գնալ քաղաք։ Էնքան հոգնած եմ, որ չեմ տագնապում, այլ խելոք սպասում եմ, մինչև դուրս եկող լինի, դռները բացվեն, որ հետը մտնեմ։ Մտնում եմ, բայց ուփս, հսկիչ կինը նկատում է.

- Չեք կարող այստեղից մտնել, միայն դուրս գալու համար է։
- Բայց ես հենց նոր դուրս եկա, դեռ չենջ պիտի մտնեմ, ինձ ներս թողեք,- միացնում եմ նվնվոց + քյութ դեմք կոմբոս։
- Այ կողքի մուտքը տեսնում եք, էնտեղից կարող եք մտնել։
- Լավ ուրեմն դուրս գամ մի հատ ծխեմ (չէի ծխել դեռ) ու մտնեմ։
- Կուրտկադ հագիր, չմրսես, շատ ցուրտ ա դրսում,- հսկիչը ժպտում ա, իսկ ես մի քիչ տաքանում եմ՝ նույնիսկ կուրտկաս չհագած։

Բարեբախտաբար, ինձ հետ են թողնում, ու ես մի քանի ժամ էլ կիսաքնած լռվում եմ օդանավակայանում՝ փորձելով հասկանալ, թե կենտրոն գնալու ամենահարմար տարբերակը որն ա։ Կյանքումս առաջին անգամ մոտս ամեն քայլս պլանավորված չէ, իսկ ես անջատված եմ ու չեմ տագնապում, որովհետև տեսանք թե ինչպես են տապալվում պլանավորված գործերը։ Որոշում եմ գնացքով գնալ, հսկիչից գնացքի տեղն եմ հարցնում, պատասխանում է, բայց ինձ ստիպում է ևս մեկ անգամ ճշտել ժամերը, որ հանկարծ չսառեմ դրսում։

Կիևի Բորիսպիլ օդանավակայանի նկատածս ամենամեծ թերությունը հենց էն փաստն էր, որ ի տարբերություն եվրոպական օդանավակայանների մեծ մասի, գնացքները օդանավակայանի ներսից են։ Իսկ դուրս գալուց հետո նորից իրերի զննմամբ անցնելը ամենահաճելի բանը չէ, հատկապես, երբ հնարավոր է, որ վայրէջքից մի քանի ժամ հետո ներս չթողեն։ Հնարավոր է, որ սա հետկովիդային կանոն է, հնարավոր է՝ ոչ։
Գնացքի կայարանը դեռ մութ է ու ցուրտ։ Ինձանից բացի մի միջին տարիքի տղամարդ է սպասում։ Մեխանիկորեն պայուսակս ինձ եմ սեղմում ու հնարավորինս մոտ կանգնում տոմսավաճառի կրպակին։ Օդանավակայանի տարածքին մոտ դժվար ինձ որևէ բան լինի, իսկ ավչարկայով ոստիկանի շրջելն ինձ ավելի է հանգստացնում։ Գնացքը գալիս է, ինձանից բացի էնտեղ երկու մարդ են՝ սպասող տղամարդն ու մի երիտասարդ կին։ Գնում ենք մառախուղի միջով, ու դանդաղ բացվում է լույսը։ Հաճելի է տեսնել Կիևը, տեսնել ինչ-որ բան, մի բան, որը Երևանը չէ, Հայաստանը չէ։ 
Ձանձրալի ու բարեհաջող հասնում եմ կենտրոնական կայարան։ Կիևում կրկին լոքդաուն է՝ մինչև հունվարի 24-ն, ուստի սննդի կետերը փակ են։ Բարեբախտաբար՝ սուրճ կա։

- Ինձ մի հատ ամերիկանո, լիքը շաքարավազով։
- Ինչքա՞ն շատ։
- 4-5 գդալ։
- Տնաշե՜ն, դա էդքան էլ շատ չէ, այ որ ասեիր 7-8 գդալ, նոր կասեի՝ շատ ա։
- Ինձ միշտ բոլորն ասում են, որ չափից շատ եմ շաքար լցնում։
- Էդ բոլորն ի՞նչ գիտեն քաղցր սուրճ սիրողների մասին։
Երիտասարդ ու սիրուն աշխատողը դիմակի տակ ժպտում է, ես էլ՝ իմ դիմակի տակ։ Համով սուրճս վերցնում եմ ու նայում մառախուղի մեջ փայլող ոսկեգույն գմբեթներին։ Եվս մեկ խորը շունչ։ Եվս մի քայլ։ 

Բոլտով տաքսի եմ կանչում։ Վարորդը բարեհամբույր է, օգնում է ճամպրուկը մեքենան դնել։ Հետո՝ իջեցնել։ Նշված հասցեում բնակարանն եմ փնտրում, երբ մի մուտքից դուրս է գալիս անվտանգության աշխատակիցն ու հարցնում, թե ինչով կարող է օգնել։ Հասցեն եմ ասում, տեղը չի բերում, ասում է՝ այստեղ չէ։ Մի թեթև բացատրում է տեղանքը, ասում է՝ քայլածս ուղղությամբ չգնամ, ճանապարհ չկա։ Օֆլայն քարտեզ մոռացել եմ քաշել, բայց շնորհակալություն եմ ասում ու հակառակ քայլում։ Արագ գտնում եմ մուտքն ու սկսում ինձ ու ճամպրուկիս քարշ տալ։ Աղմուկից տանտիրուհին մինչև հասնելս դուռը բացում է, օգնում ու ինձ այնքան ջերմ դիմավորում, ասես հազար տարի իրար գիտենք։

Իրերս տեղավորում եմ, շատ համով սուրճ ու բուտերբրոդներ է պատրաստում իմ համար։ Մի քիչ զրուցում ենք, մամային գրում եմ՝ հասա, բայց դեռ հավատս չի գալիս, որ էսքան տագնապելուց ու կիևյան անբարեհամբուրության մասին լսելուց հետո ամեն ինչ էսքան հեշտ ու հանգիստ ստացվեց։

Երևի երբեմն կյանքը տեսնում է, թե ինչքան են քեզ f*ck արել և որոշում է բարեհամբույր լինել։ Տեսնենք։

Comments

  1. Բարով վայելես Կիևը։ Էն ժամանակ, երբ ես էի Կիևում, մայդան-բան էր, Հայաստանն էր խաղաղ տեղը։ Է՜հ ոնց են ժամանակները փոխվում։

    ReplyDelete
    Replies
    1. Հա՜, հիշում եմ, որ դու Կիևներում էիր՝ էլի աշխատանքային իրավունքների հարցերով։ Դանիայի դեսպանատու՞նն էլ էր կամ Ուկրաինա, կամ Ռուսաստա՞ն։

      Delete
    2. Ինձ «կամի» տարբերակ չէին թողել. մենակ Ուկրաինա (չնայած Ռուսաստանում էլ կար դեսպանատուն, բայց հայերին չէր սպասարկում)։ Բայց ես հետ էկա Հայաստան. Հայաստանի դեսպանատունը կազմակերպեց վիզան անձնագրիս մեջ խփելու պրոցեսը, էն ժամանակ էլ Կիևից չվերթ չկար դեպի Դանիա։ Հիշում եմ՝ ինչ բարդ մաթեմատիկական հաշվարկների մեջ էի ընկնում ու տարբեր կոմբինացիաներ դիտարկում Կիևից Կոպենհագեն հասնելու։

      Delete
    3. Ահահա, Շվեդիայի հարցով Հայաստանին Ռուսաստանն ա սպասարկում, բայց համոզեցի, որ Ուկրաինայում դիմեմ, որտև Ռուսաստանի հետ սահմանները հլը փակ են։ Բայց հիմա ոնց որ հեշտ ա Կիևից Կոպենհագենը, ահագին թռիչքներ կան։

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը