Կիևյան կամուրջներ

Ճիշտ ոտքից սկսած առավոտը

Առավոտյան 10:30 զնգաց, ավելի ճիշտ՝ Amen and Attack արեց զարթուցիչը։ Երբ զարթուցիչը դրել էի, էդ ժամանակ չգիտեի, որ չեմ կարողանալու մինչև 6։30 քնեմ ու հիմնականում տվայտվելու եմ էն հարցի շուրջ, թե ինչու՞ են հրեշտակները (ու սատանան) միշտ ներկայացվում որպես տղամարդ, եթե իրենք սեռ չունեն։ Ինչևէ, 4 ժամ քնած լինելը հաշվի առնելով, առավոտը հիանալի էր սկսել. -20 ցրտերը վերջացել են, լվացքը չորանում է, վերջապես նախաճաշելու համար լիքը համով բաներ ունեի։

Ցերեկը միթինգի էի, ինչպես պրոֆեսորն է ասում՝ սոցիալական լանչ։ Քովիդային իրականության ֆինծիկներից մեկը՝ կոլեգաներով կպնել զումին, խոսել բացի աշխատանքից ցանկացած բանի մասին։ Անցյալ հանդիպումի ժամանակ մի 15 րոպեի ընթացքում բոլորի ինտրովերտությունը բռնեց, թողեցին թռան, բայց էս անգամ սոցիալիզացիան ստացվում էր։ Մեկ էլ խոսակցություն է գնում, թե ազատ ժամանակ ինչով ենք զբաղվում, ես էլ դե ասում եմ, որ վերջերս ինձ լրիվ տվել եմ մեմեր սարքելուն։ Երբ ուզում են տեսնել, թե էդ ինչ մեմերով եմ զբաղվում, ասում եմ՝ դժվար իմանաք, մի այսպիսի ֆենտզի տիեզերք կա, որն ունի մե՜ ֆանտաստիկ սյուժե, մե՜ հիասքանչ մեխանիկա (այստեղ իմ հերթական մղոնանոց տեքստ ա Cosmere-ի մասին՝ մի քիչ փոփոխված գիտնականներին քիմքին համապատասխանելու համար)։ Ու պատկերացրեք իմ հիացմունքը, երբ կոլեգաներիցս մեկը էդ պահին գրապահարանից հանում է գրքերից մեկը և միանում իմ գլուխտանոցուն։ Ես հուզված էի, և ես երջանիկ։ Կարծում եմ՝ իմ ապագա կոլեգաներին դաժան ժամանակներ են սպասվում իմ ձեռքին։ 

Սոցիալիզացիան շարունակվեց բավականին հավես, ահագին՝ ուղղված գրքերին ու ֆենտզիին։ Ես ավելի կարճ էի պատկերացնում, հետևաբար զումը փակելուց հետո մի քանի րոպե ունեի, որ պատրաստվեմ դուրս գալուն՝ հանդիպմանս հասցնելու համար։ Արդեն համարյա 2 շաբաթ Կիևում լինելու ընթացքում՝ չհաշված բուքուբորանին դեսպանատուն գնալը, առաջին անգամն էր, որ օրը ցերեկով տանից դուրս էի գալիս։ 

Դեղին-կապույտ Կիև

Ընդհանրապես՝ արևն ու կապույտ երկինքը Կիևին շատ են սազում՝ ոսկեգույն գմբեթներ - երկնագույն շենքեր, կապույտ երկինք - դեղին արև։ Դրոշի գույներ, նույնիսկ մազերս են՝ բաց դեղին, բաց կապույտ։ Մայայի հետ պայմանավորված եմ Կոնտրակտովա պլոշայում։ Ինտերնետ չունեմ, ոչ մի տեղ չգիտեմ, տանից դուրս գալուց առաջ տեսնում եմ, որ էդ հրապարակում մի ձիով մարդու արձան կա, ասում եմ՝ տոնածառի տակ կսպասեմ։ Սպասելուց միամիտ վայ-ֆայի եմ կպնում, մեկ էլ՝ միթինգի հիշեցում ա գալիս։ Ես, փաստորեն, պիտի կենսաբանական սեմինարի լինեի, որի մասին լրիվ մոռացել էի։ Բայց էն հազվադեպ անգամներից էր, որ պանիկայի փոխարեն մտքումս ասում եմ՝ ֆաք իթ, ես արժանի եմ վերջապես արևի լույս տեսնելու։ 

Մայան ինձ գտնում ա տոնածառի տակ ու ոգևորված սկսում հարցեր տալ, թե որտեղ եմ եղել Կիևում։ Ասում եմ, որ մեկ դեսպանատների փողոցը գիտեմ, մեկ էլ՝ մի անգամ գիշերով -20-ին քայլել եմ մայդան ու հետ վերադարձել։ Ինքը բնիկ կիևցի ա, միանգամից ոգևորվում ա ու որոշում սիրուն տեղերը ցույց տալ։ Բարձրանում ենք հին Կիևի սիրուն, սալածածկ փողոցով, պատմում է, որ տեղական etsy-ին է, երբ լոքդաուն ու ցուրտ չի, միշտ գույնզգույն բաներ են ծախում։ Մեր Վերնիսաժի պես։ Բարձրանում ենք, խոսում կորոնայի, տարբեր քաղաքների ու հոգեկան առողջության, այսինքն՝ անառողջության մասին։ 
Հասնում ենք փայտաշեն ձորի վրայի անցում-կամուրջներին, որոնց ներքևում երևում են գետն ու քաղաքը։ Ընդհանրապես՝ սիրուն են քաղաքները, որոնք գետ ունեն, սիրուն ա Կիևը։ 

- Միշտ երազել եմ քայլել սառած գետի վրա, բայց էդպես էլ չեմ քայլել։ Հիմա երևի արդեն հալված կլինի սառույցը։
- Բա ում էիր սպասում, երբ որ -20 էր։ Գետը մի քանի անգամ կանցնեիր-կդառնայիր։
- Հա, եթե կարողանայի 3 հատ վերմակների տակից դուրս գալ։
Դնեպրը լայն գետ ա ու մի քանի թերակղզիներ կան։ Ճոպանուղով իջնում ենք հետիոտնային սիրուն կամուրջի մոտ։
- Վաաայ, ոնց եմ սիրում կամուրջներ,- բացականչում եմ ու ինքնամոռաց վազում դեպի սիրուն կամուրջը՝ ֆոտոներ անելու։
- Մենակ չքցվես, խնդրում եմ, էլի,- կիսակատակ, բայց համ էլ լուրջ ասում ա։ Ու էդ պահին հասկանում եմ, որ կլինիկական դեպրեսիաներից ու ինքնավնասումներից խոսելուց անմիջապես հետո գժի պես դեպի կամուրջ վազելն էդքա՜ն էլ ճիշտ չի դիտարկվում։ 
Գետը դեռ սառած ա, սառույցն անթափանց ա ու պինդ։ 

- Մինչև էսօր ես չէի երազել սառած գետի վրայով քայլել, բայց ցրում եմ երազանքդ։ 
Ու մինչ Մայան կամուկաց ա լինում, թե արդյո՞ք ապահով ա, ես արդեն վազում-սահում եմ։ Կամուրջի տակ սառույցը բարակ ա, փոքրիկ ջրափոսերում բադերի կոլոնիաներ են։ Իսկ կամուրջից այն կողմ կարելի է քայլել մինչ գետի մեջտեղ ու նայել, թե ինչպես ա արևը մայր մտնում։

Երբեմն փոքր բաների մեջ ա սիրունությունը՝ անծանոթի հետ թրև գալու ու կիսվելու, սառած գետի վրա բադիկների ոտնահետքերին հետևելու, սառցակալած մատներով տաք գլիտվեյն բռնելու ու դարչինի հոտը շնչելու մեջ։ Մայան ասում էր, որ PTSD-ից հետո սկսել ա ամեն ինչ նկատել, ու իրենց սովորեցրել ա տեսնել փոքրիկ սիրուն բաներն ու ուրախանալ դրանցով։ Մայան ասում էր, որ մաքուր մաթեմատիկայով ա զբաղվում, որովհետև մաթեմն աշխարհի ամենասիրուն բաներից ա, դա էլ՝ իմ լսած ամենասիրուն արտահայտություններից։
Գրկում ենք իրար ու գնում տարբեր ուղղություններով՝ ժպտալով, բայց իմանալով, որ երևի էլ երբևէ իրար չենք հանդիպի։

Սառցակալած Դնեպրը

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը