հավերժական ձմեռ

Հյուսիսում անընդհատ արևից են խոսում։ Հյուսիսում անընդհատ արևին են սպասում։ Արևոտ օրերին բոլորը դրսում են, ասես էդ մի քանի ժամում կարողանալու են ամբողջ տարվա վիտամին Դ-ի պաշարը կուտակել։
- Արի դրսում սրճենք, վերջին արևն է, հետո ամիսներով չես տեսնի,- ասում է կոլեգաս։
- Ես չեմ սիրում արև,- ասում եմ հերթական անգամ ու էլ չեմ լսում պատասխանը, որովհետև ստանդարտ տեքստեր են ձմեռվա մասին։
Ժամանակին ուզում էի Արկտիկայում ապրել, որտեղ ձմռանը հավերժական գիշեր է։ Հիմա ընդամենն ամեն անցնող օրվա հետ նայում եմ մայրամուտին ու մտածում, որ մի քիչ էլ մոտեցանք ձմռանը։ 

Ձմռանը կտեսնեմ քեզ։ Երևի կտեսնեմ։ Ձմռանը կտանեմ քեզ այնտեղ, ուր արևն ընդամենը երկու ժամով գալիս ու արագ հեռանում է։ Ուզում եմ լինես դու՝ Լապլանդիայի հեռավոր խրճիթում, լինեն բևեռափայլի լույսերն ու նորից կարողանամ դիպչել քեզ։ Չնայած՝ Լապլանդիան, խրճիթը ու նույնիսկ բևեռափայլերն էական չեն, կլինի՞ նորից տեսնեմ քեզ։ Ես քեզ կպատմեմ արեգակնային քամիներից ու անհանգիստ ատոմներից։ Նանոխողովակների մասին չես մոռացել, գիտեմ։
դու կխոսես ապատեղեկատվություններից ու կիթառներից։ Կփորձեմ կենտրոնանալ ու հասկանալ, բայց հաստատ կշեղվեմ՝ հիացած քեզ նայելով ու լսելով։ 

Ես էմոցիաներ արտահայտելը մոռացել էի, և ահա հիմա 14 տարեկանի սիրահարված եմ ու քո ասած angsty բաներից եմ գրում։ Մի երկու օրից մեր մեջ եղած հազարավոր կիլոմետրերին մի 4000-ն էլ կգումարվի։ Իսկ ես չեմ կարող սարքել ո՛չ ժամանակի բյուրեղ, ոչ էլ տելեպորտացիա եմ կարող անել։ Վատ ֆիզիկոս եմ, երևի։

Գյումրին մեզ սիրեց, մենք՝ Գյումրիին, հետո էլ՝ իրար։ Փչացած պլասծինկայի պես պտտում եմ էդ օրերը, որ չմոռանամ, թե ոնց էիր ժպտում, ոնց էիր մտածելիս մազերդ խառնում ու ինչ նուրբ էին քո բոլոր հպումները։ Մենք շատ նման ենք, մենք սիրում ենք սաբոտաժ անել մեզ ու անընդհատ հայտնվում նույն ցիկլի մեջ։ Եթե ձախողեմ, կպահե՞ս ինձ,  կտանե՞ս ինձ, կսիրե՞ս ինձ...  

Մի օր գիշերը չի վերջանա։ Ու իմ արագ շնչառությունը քեզ նորից քնել չի թողնի, բայց դու էլի կկարոտես դա։ Մի օր երևի կարթնանանք մեկ այլ կարմիր սենյակում, մարիամ աստվածածինը նորից աչքով կանի ու կբուժվեն յոթ վերքերը։ Մենք աշխարհի դեմ, աշխարհը՝ մեր։ Ամեն ինչ լավ կլինի, ոչինչ էլ լավ չի լինելու...

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը